Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ



ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸՎերջին տարիներին ուսումնական զորամասերում նկատվում է կարգապահության բարձրացման շարժ, ինչը պայմանավորված է նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդմամբ, ռազմական ոստիկանության և ծնողական խորհուրդների արդյունավետ աշխատանքով: Օրինակ՝ գնդապետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ գործող զորամասում 2015 թվականի ընթացքում կարգապահության որևէ լուրջ խախտում և արտառոց պատահարներ չեն արձանագրվել: Տիրել է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ:

Ըստ հրամանատարի՝ կարգապահության բարձր մակարդակը պայմանավորված է նաև հավասար սկզբունքների վրա հիմնված հարաբերություններով, արտոնությունների բացառությամբ:

– Եթե, այսպես ասած, արտոնյալ մարդ չկա, բոլոր զինծառայողները ձգտում են աչքի ընկնել և հասնել լավ արդյունքների, – շեշտում է նա և նշում, որ ուսումնական ստորաբաժանումների հրամանատարները համապատասխան աշխատանքներ են իրականացնում իրենց ենթակաների հետ, և եթե այդ աշխատանքները դրական արդյունքներ չեն տալիս՝ նոր միայն դիմում են վերադասի աջակցությանը:

Անհրաժեշտության դեպքում՝ կարգապահությունը խախտողը ստանում է համապատասխան պատիժ, մասնավորապես՝ զրկում ենք ազատարձակումից: Երբ զինվորը զրկվում է հերթական խրախուսանքից, հասկանում է իր սխալը և ձգտում է ուղղվել:

Ա. Պետրոսյանի գնահատմամբ՝ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի հետ աշխատանքներն արդյունավետ են եւ ամենօրյա արդյունք են տալիս: Անհրաժեշտության դեպքում համատեղ միջոցառումների շնորհիվ՝ զրույցներով, բացատրական և կանխարգելիչ աշխատանքներով հասնում ենք ցանկալի արդյունքի:

-Մեզ շատ են օգնում նաև ծնողները,- շեշտում է գնդապետը:- Նրանց խոսքը իրականում շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում զինծառայողի վրա, երբեմն ավելի շատ, քան այս կամ այն պատիժը:

Գնդապետ Պետրոսյանը նաև կարևորում է զորամասի իրավաբանի և իրավաբանական ակտիվի միասնական աշխատանքն ու նպաստավոր գործունեությունը՝ նկատելով, որ վերջին տարիների ընթացքում նորակոչիկներն ավելի լավ են տեղեկացված իրենց իրավունքներին և պարտականություններին, ինչը նաև դպրոցում նախնական զինպատրաստություն առարկայի դասավանդման ձեռքբերումներից կարելի է համարել:

– Կարելի է փաստել, որ այսօրվա նորակոչիկը բանակ է գալիս  իրավական որոշակի գիտելիքներով զինված: Զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպան առաջին իսկ օրվանից սկսում է նորակոչիկների հետ համապատասխան աշխատանք կատարել, ծանոթացնել ու մեկնաբանել օրենքները, մեկնաբանել զինվորականի և քաղաքացիական անձի պարտականությունների և իրավունքների տարբերությունը: Զինվորը սկսում է գիտակցել, որ նույնիսկ  հասարակ վիճաբանությունը, ապտակը քաղաքացիական կյանքում կարող են երկու կողմերի միջև համաձայնության դեպքում որևէ իրավական հետևանք չունենալ, բայց զինծառայողների դեպքում գործող օրենքները տվյալ արարքի կամ զանցանքի համար կարող են շատ ավելի խիստ լինել: Նման աշխատանքներն անպայմանորեն կանխում, նվազեցնում են զանցանքների, խախտումների հավանականությունը:

Ըստ զորամասի հրամանատարի՝ բավական ակտիվ և արդյունավետ աշխատանք են կատարում նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև հասարակական այլ կառույցների հետ:

– Նրանց ներկայացուցիչները տարին առնվազն երկու անգամ այցելում են զորամաս, տեղում ծանոթանում իրավիճակին, կենցաղային պայմաններին, հետևում զինվորականների սահմանադրական իրավունքների պաշտպանության դրվածքին: Մինչ օրս վերը նշված աշխատանքների շնորհիվ մեր զորամասում, բարեբախտաբար, կոպիտ բացթողումներ չեն գրանցվել,- եզրափակում է գնդապետ Պետրոսյանը:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ազգային բանակ


26/02/2016