Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈՂՊԱՏՅԱ ԶՈՐԱՎԱՐԸ



«Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

 ԽՍՀՄ մարշալ Գ.Կ. ԺՈՒԿՈՎ

 

ՊՈՂՊԱՏՅԱ ԶՈՐԱՎԱՐԸԽՍՀՄ ռազմարվեստի պատմության  մեջ անգնահատելի է ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ավանդը:  Նա ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում: Հայրը՝ Խաչատուր Բաբաջանյանը, իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ:  Համազասպն ընդունվում է գյուղի ծխական դպրոց: Սակայն ուսումը կիսատ է թողնում, քանզի 1915 թվականին հայրը լավ ապրուստի ակնկալիքով ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս: Այստեղ Համազասպը վերստին ընդունվում է հայկական դպրոց, որը դարձյալ չի ավարտում. մի քանի տարի անց ընտանիքը դարձյալ տեղափոխվում է հայրենի գյուղ:

Սակայն ուսման տենչը չի մարում ապագա մարշալի սրտում: Շուտով նրա առջեւ մեծ հեռանկարներ են բացվում, երբ զորակոչվում է բանակ: Տեսնելով երիտասարդի ձգտումը, նրան գործուղում են Երեւան՝ սովորելու Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցում, որը չորս տարի անց ավարտում է գերազանցությամբ: Ապա տեղափոխվում է Թբիլիսի եւ ուսումը շարունակում Անդրկովկասյան միացյալ հետեւակային դպրոցում: Ավարտելուց հետո նա ծառայության է անցնում Կովկասյան չորրորդ հետեւակային գնդում՝ որպես դասակի հրամանատար: Արագ բարձրանալով ծառայողական սանդուղքով` շուտով  նա դառնում է վաշտապետ, ապա` գումարտակի հրամանատար: Այնուհետեւ նա նոր նշանակում է ստանում եւ տեղափոխվելով Լենինգրադ` ծառայության է անցնում որպես հետեւակային գնդի հրամանատարի տեղակալ: 1939-1940 թթ. Համազասպ Բաբաջանյանը մասնակցում է խորհրդա-ֆիննական ծանր պատերազմին: Այստեղ ցուցաբերած անձնական քաջության եւ խիզախության համար Բաբաջանյանն արժանանում է խրախուսանքի:

Հայրենական պատերազմը Բաբաջանյանը դիմավորում է որպես 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալ` մայորի զինվորական կոչումով: Շուտով նա նշանակվում է 395-րդ հետեւակային գնդի հրամանատար: Որպես հրաձգային գնդի հրամանատար մասնակցել է Սմոլենսկի եւ Օրյոլի պաշտպանության մարտերին: Գունդը` Բաբաջանյանի հրամանատարությամբ, առաջինը ԽՍՀՄ-ում ստացավ գվարդիական կոչում:

Պատերազմին զուգահեռ Բաբաջանյանը ուսում էր ստանում: 1942 թ. ավարտում է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները: Պատերազմի ավարտից հետո՝ 1948 թ., ավարտում է ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Պատերազմը տաղանդաշատ զինվորականի համար առաջխաղացման լավ հարթակ էր: 1942 թվականին Համազասպ Բաբաջանյանն արդեն մեքենայացված բրիգադի հրամանատար էր եւ այդ պաշտոնում մասնակցեց Կուրսկի ճակատամարտին: Հետագայում այդ ճակատամարտում իրեն լավագույն կողմերով դրսեւորած զորահրամանատարն իր հուշերում գրում էր. «Հառաչում էր հողը, ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երեւակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արեւը, նրա սկավառակը հազիվ էր երեւում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»:

1943 թ. Բաբաջանյանի ղեկավարած զորամիավորումը կարեւորագույն դեր ունեցավ Կիեւի ազատագրման եւ Դեսնայի գետանցման մարտերում: 1944թ. մարտի 22-24-ին մասնակցել է Աջափնյա Ուկրաինայի Տրեմբովլյա, Կոպիչինցի, Չերտկով եւ Զալեշչիկի քաղաքների ազատագրմանը: Ի. Ստալինի հրամանով Բաբաջանյանի բրիգադին շնորհվել  «Զալեշչիցկյան» անվանում, զորքերին հայտարարվել է շնորհակալություն, Մոսկվայում 1944 թ.մարտի 24-ին 20-ական հրանոթային զարկերով 224 հրանոթներից հրավառություն է տրվել:

Բաբաջանյանը հմուտ ռազմավարությամբ աչքի ընկավ հատկապես Կազատին քաղաքի ազատագրման մարտերում: Ֆաշիստները «Վագր» եւ «Հովազ» տանկերից բաղկացած 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ-Բելգորոդի ուղղությամբ: Բաբաջանյանի առաջադրանքն էր՝ ճեղքել այդ պաշտպանությունը եւ գրավել Կազատին քաղաքը: Խիզախ հայորդին որոշեց քաղաքը գրավել գիշերով եւ հրամայեց հանկարծակիի բերել թշնամուն` վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները: Հոգեբանական գրոհը տվեց իր արդյունքը, եւ այդպիսի շլացուցիչ լույսերի ու ահարկու շաչյունի ազդեցությամբ էլ խորհրդային զորքերը մտան քաղաք ու գրավեցին այն: Հետագա մի քանի օրում Բաբաջանյանն ազատագրեց բազմաթիվ ուրիշ քաղաքներ ու բնակավայրեր:

Գերագույն գլխավոր հրամանատարությունը գնահատեց Բաբաջանյանի ծառայությունները, եւ նա 1944 թվականի ապրիլի 26-ին զորամասերի մարտական գործողությունների հմուտ ղեկավարման, առաջինների թվում Դնեստրի հաջող գետանցման, անձնական արիության եւ հերոսության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման:

1945 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարությունը գվարդիայի գնդապետ Համազասպ Բաբաջանյանին շնորհեց զրահատանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում, որով էլ նա մասնակցեց Բեռլինի գրավման մարտերին: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության շրջաբերականում Բեռլինի գրավման մարտերում աչքի ընկած զորամասերի թվում հիշատակվում էր նաեւ Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը եւ դրա խիզախ հրամանատարի անունը: Հետագայում նրա մասին ակնածանքով է արտահայտվել ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը. «Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

Հայրենական պատերազմի ավարտից հետո գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայեց որպես բանակի շտաբի պետ, ապա` բանակի հրամանատար:

1959-1967 թթ. Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի, 1969 թ.` ԽՍՀՄ զրահատանկային զորքերի հրամանատարն էր:

1967 թվականի հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվեց ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում:

Մեծ հայորդին մահկանացուն կնքեց 1977 թ. նոյեմբերի 1-ին` 71 տարեկան հասակում, Մոսկվայում, թաղված է Նովոդեւիչեւի գերեզմանատանը:

 

«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, եւ նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»- ծննդավայրի մասին գրել է Համազասպ Բաբաջանյանը:

 

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ճակատագրեր, Պատմության էջերից


26/02/2016