Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐՍ



ՀԱՅՐՍՀայրս կատակով ասում էր՝ «աղջիկս մեծանա, հետս բանակ եմ տանելու»: Երբ փոքր էի, կանչում էր՝ շարքային Ունանյան, մի բաժակ ջուր բեր, ես էլ մեծ ուրախությամբ կատարում էի նրա հրամանը: Այդ ամենից տպավորված, երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ես պատասխանում էի՝ զինվոր:

Հայրս զինվորական  է եղել, խորհրդային բանակում ծառայելուց հետո սովորել է Տամբովի ռազմական ինստիտուտում, զինվորական տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ ռազմական համակարգն իր կարգ ու կանոնով նրա կյանքի անբաժանելի մասն էր: Նա ձեւավորվել էր որպես խիստ, զուսպ, կյանքի արժեքների հստակ սահմանումներ ունեցող անձնավորություն: Հենց հորս կերպարն է ինձ փոքր տարիքից սեր, վստահություն, հարգանք ներշնչել զինվորական ծառայության եւ համազգեստի հանդեպ:

Իհարկե, մեզ համար դժվար է եղել նրա մշտական բացակայություններին համակերպվելը: Աշխատանքային ժամերին զանգում էր, արագ-արագ, խիստ տոնով խոսում էր: Ես այդ խիստ, կանոնակարգված կյանքից նեղվում էի եւ ուզում էի, որ հայրիկս միշտ իմ կողքին լինի, որ ես նրան ժամերով, օրերով, ամիսներով չսպասեմ: Օրվա որ ժամին էլ դուռը բացվեր, եւ հայրս ներս մտներ, ես ընդառաջ էի վազում, նրան գրկում էի եւ գոռում՝ պա՛պ ջան, ես քեզ կարոտել եմ: Միայն տարիներ հետո, երբ արդեն մեծ էի, հասկացա որ հայրիկիս աշխատանքը չափազանց կարեւոր եւ պատասխանատու է: Մեկընդմիշտ հասկացա, որ զինվորական լինել նշանակում է թեկուզեւ զրկանքների գնով ամբողջովին նվիրվել ծառայությանը, հեռու լինել ընտանիքից, չմասնակցել ընտանիքում տեղի ունեցող կարեւոր ու հիշարժան իրադարձություններին:

2000 թվականին ես առաջին անգամ ոտք դրեցի դպրոց:  Հայրս այդ ժամանակ գործուղում էր մեկնել: Վերադարձավ երկու ամիս անց: Կարոտս մի փոքր առնելուց հետո բռնեցի նրա ձեռքը եւ ասացի. «Պա՛պ, գիտե՞ս, ես արդեն դպրոց եմ գնում»:

Առավոտյան մենք միասին գնացինք դպրոց…

Ութ տարեկան էի, երբ հայրիկիս հետ առաջին անգամ զորամաս մտա: Այդ օրը նորակոչիկների երդման արարողություն էր: Սպաներ, շարքով կանգնած զինվորներ, հուզված ծնողներ:  Այդ ամենը տեսնելով՝ մի պահ շփոթվեցի: Հայրս ելույթ ունեցավ՝ որպես զորամասի հրամանատար: Նա իր խոսքերով տղաներին կոչ էր անում ոգեւորված ծառայել, իսկ ծնողներին վստահեցնում էր, որ  յուրաքանչյուր զինվոր հանգիստ կծառայի եւ անփորձանք տուն կվերադառնա: Ես ուշադիր լսում էի, հպարտանում ու ոգեւորվում նրա ամեն մի խոսքից: Ուզում էի՝ բոլորն իմանան, որ նա իմ հայրն է:

Հայրիկիս համար բանակն ուրիշ աշխարհ էր: Նա միշտ ասում էր՝ յուրաքանչյուր զորամաս մի մեծ ընտանիք է: Տանը, դրսում հայրիկս շատ էր խոսում բանակի դերի ու նշանակության մասին: Իրենց զավակներին բանակից ազատել փորձող հարեւաններին ու ծանոթներին հակառակն էր ապացուցում եւ միշտ «հաղթում» էր:  Բազմիցս լսել եմ, թե ինչպես իր ընկերների, ծանոթ-անծանոթ երիտասարդների հետ զրուցելիս ասում էր. «Երբ հայրենիքիդ սահմաններն ունեն պաշտպանության կարիք, անկախ քո գտնվելու վայրից, կարգավիճակից, դու պարտավոր ես պաշտպան կանգնել»: Այդ խոսքերը մխրճվել էին ուղեղիս մեջ:

Հիշում եմ՝ հայրիկիս ծննդյան օրն էր: Հարազատները, ընկերները եկել էին շնորհավորելու, բայց հայրիկս ուշանում էր: Հեռուստացույցի էկրանից հնչում էր «Ախպերս ու ես» երգը: Բոլորս լուռ լսում էինք: Նույն պահին էլ նա ներս մտավ: Գրկեց ինձ ու իր զինվորական գլխարկը դրեց գլխիս: Ես մի քանի րոպեով դուրս եկա սենյակից: Վերադարձա զինվորական գլխարկը գլխիս, եղբորս խաղալիք հրացանը ձեռքիս եւ սկսեցի երգել՝ «կռիվ ենք գնում հայրիկս ու ես…»: Բոլորը ծիծաղեցին, իսկ հորս աչքերը հուզմունքից արցունքով լցվեցին, եւ նա կամաց ինձ ասաց. «Եթե պետք լինի, դա էլ կանենք, աղջի՛կս»: Ով գիտե՝ ի՞նչ էր այդ պահին մտածում հայրս…:

Հայրս արդեն անցել է վաստակած հանգստի: Ծառայել է արժանավայել ու արժանապատվորեն՝ իր գործով հպարտ: Երբ նայում եմ հին լուսանկարները կամ պահարանից հանում ու հագնում եմ հայրիկիս զինվորական համազգեստը, կարծես նորից վերապրում եմ անցած հին ու բարի օրերը:

Այժմ էլ մեր տանը զինվորական կարգուկանոն է: Եվ մենք մեր ընտանիքում տեղի-անտեղի չենք խոսում հայրենասիրությունից, բանակի հանդեպ վստահությունից եւ հարգանքից: Չենք խոսում, որովհետեւ հայրս այսօր էլ միայն իր կերպարով մեզ հայրենասիրության դասեր է տալիս:

 

Լիլիթ ՈՒՆԱՆՅԱՆ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ազգային բանակ


26/02/2016