Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ…



Զինծառայողների անվտանգության, մարտական հերթապահության արդյունավետ իրականացման նրա առաջարկներն ընդունվել եւ ներկայումս կիրառվում են տարբեր ուղղության մարտական դիրքերում:

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ...Արցախյան պատերազմի տարիներին իրենց հայրերի կողքին՝ թիկունք թիկունքի, հավասարը հավասարի կռվեցին նաև զինապարտության տարիքի չհասած շատ պատանիներ: Մարտական  մկրտություն ստանալով՝ հենց ռազմի դաշտում օրհասական պահերին հաճախ դրսևորեցին հիշատակության արժանի արիություն, տոկունություն և զենքին տիրապետելու հմտություն: Նրանցից շատերը զոհաբերեցին իրենց մատաղ կյանքը հանուն հայրենիքի ազատության, շատերն էլ պատերազմից հետո շարունակեցին իրենց փառապանծ ուղին՝ ծառայության անցնելով նորաստեղծ հայոց բանակի շարքերում: Կատարելագործեցին իրենց մարտական փորձն ու մասնագիտական ունակությունները, դարձան փորձառու զինվորականներ, որոնք այսօր էլ մարտական դիրքերում են,  անառիկ են պահում ՀՀ և ԼՂՀ սահմանները:

Այդ խիզախ ու անձնվեր պատանիներից մեկն էլ այժմ արդեն գնդապետ Ջալալ Հարությունյանն էր: Զինվորականի իր ճանապարհը նա սկսել է 17 տարեկանից՝ Բադարա գյուղի կամավորական ջոկատի կազմում կռվելով:

Պատերազմից հետո ռազմական գործ է ուսանել Արցախի նոր կազմավորված ուսումնական դիվիզիոնում: Ունեցել է բազմափորձ և տաղանդավոր հրետանավոր ուսուցիչներ՝ Քրիստափոր Իվանյան, Վլադիմիր Հայրապետյան, Ժորա Գասպարյան, Սամվել Աբրահամյան և յուրացրել հրետանային արվեստը: Զբաղեցնելով տարբեր  պաշտոններ՝ տարիների հետ ձեռք է բերել  հրամանատարին անհրաժեշտ կարողություններ և ունակություններ: Հեշտ չի եղել այդ ճանապարհը, բայց… Չի ընկճվել դժվարություններից, չի նահանջել: Ամեն մի փորձություն նրան ավելի է գոտեպնդել:  Արդյունքում՝ Ջալալ Հարությունյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամասը բազմիցս ճանաչվել է լավագույնը զինված ուժերի կազմում և արժանացել է փոխանցիկ դրոշի:

Զինված ուժերի ղեկավարությունը բարձր է գնահատել մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ գրանցած զինվորականի ծառայությունը: Նշանակվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատար: Կարողացել է արդյունավետ կիրառել դեռ պատերազմական տարիներին կուտակած փորձը: Մշտապես լինելով բոլոր հենակետերում՝ խորությամբ ուսումնասիրել է յուրաքանչյուր դիրքի նշանակությունն ու կարևորությունը, ծառայության կազմակերպման հարցերը: Սահմանը գիշերուզօր հսկող զինծառայողների անվտանգության ապահովման, մարտական հերթապահության առավել արդյունավետ իրականացման նպատակով նա հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնք ընդունվել են և այժմ կիրառվում են տարբեր ուղղության մարտական դիրքերում:

Միշտ պահանջկոտ է եղել ինքն իր հանդեպ: Մասնագիտության մեջ զարգանալու ձգտումը առաջնային նշանակություն է ունեցել նրա համար: Սովորել է արտերկրի ռազմական բուհերում, ստացած գիտելիքները օգտագործել իր ղեկավարած ստորաբաժանումների մարտական հնարավորություններն ընդլայնելու համար:

Այժմ գնդապետ Ջալալ Հարությունյանը Արցախի միավորումներից մեկի հրամանատարի տեղակալն է: Նրա հրամանատարությամբ գործող անձնակազմի տոկունության և խիզախության մասին լավատեղյակ է թշնամին: Եվ պատահական չէ, որ 2015թ. դեկտեմբերին ադրբեջանական զինուժը տարածեց ստահոդ լուր, թե, իբր, իրենց հրետակոծության արդյունքում զոհվել է գնդապետ Ջալալ Հարությունյանը: Նույն օրը գնդապետն իր աշխատասենյակում նստած հերքեց ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծիքը՝ իր «հայությամբ» ասես ծաղրելով հակառակորդին:

Իսկ արդեն մեկ ամիս անց Ջալալ Հարությունյանն արժանացավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարված Ջրօրհնեքի կնքահայր լինելու մեծագույն պատվին՝ ևս մեկ անգամ փաստելով ադրբեջանական քարոզչամեքենայի ապիկարությունը:

Այսօր էլ վաստակաշատ գնդապետը Արցախի պաշտպանության բանակի նվիրյալներից է:

 

Աշոտ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ռազմական համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ազգային բանակ


03/03/2016