Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՀԱՆՁՆԵՑ



2014թ.-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով պաշտոնապես ամրագրվեց ՀՀ բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների գործունեությունը: Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների մասնագետների ներգրավմամբ, կառույցի սաների հետ պարբերաբար անցկացվում են հրամանատարասերժանտական դասընթացներ:

 

«ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՀԱՆՁՆԵՑՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի կազմում են Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի և Քաշաթաղի տարածքային բաժանմունքները: Փետրվարի 24-ին մարզային խորհրդի փոխնախագահ, Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ, Սուրեն Բաղդասարյանի,  փոխնախագահ Արայիկ Ղասումյանի, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանի հետ մեկնեցինք Կապան, որտեղ մարզպետարանի հարակից հրապարակում կայացավ «Պատանի երկրապահ» ակումբների ջոկերի ստուգատես: Այստեղ էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ագարակի, Քաջարանի և այլ տարածքային բաժանմունքների պատանի երկրապահները:

Մինչ ստուգատեսը՝ ՀՀ ԵԿՄ մարզային խորհրդի բոլոր բաժանմունքների ներկայացուցիչները՝ խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, այցելեցին Կապանի՝ Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսների պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին մարտիրոսների շիրիմներին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու և Հայրենական մեծ պատերազմի նահատակների հուշակոթողի մոտ: Հրապարակում, որտեղ շարվել էին դպրոցահասակ երկրապահները, «Պատանի երկրապահ» ակումբների մարզխորհրդի նախագահ, կապիտան Զարզանդ Նիկողոսյանը զեկուցեց մարզային խորհրդի նախագահին, որ պատանի երկրապահները պատրաստ են ստուգատեսին: Այնուհետև զինվորական երաժշտության հնչյունների ներքո դրոշակակիր վաշտը հրապարակ բերեց ՀՀ, ԼՂՀ պետական և ԵԿՄ դրոշները: Հնչեցին ՀՀ և ԵԿՄ օրհներգերը: Պատանի երկրապահներին Տերունական աղոթքով օրհնեց Կապանի հոգևոր հովիվ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա տեր Վահան Հեբոյանը: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Մխիթար Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ընթերցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը: ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» ակումբների Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը կարևորեց պատանի և երիտասարդ երկրապահների դերը՝ որպես վաղվա զինվոր ու երկրի քաղաքացի:

«ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՀԱՆՁՆԵՑԵլույթներից հետո պատանի երկրապահները հանդես եկան մարզարվեստի ու մարտարվեստի ցուցադրական ելույթներով՝ դրսևորելով իրենց հմտությունները, ուժն ու ճարպկությունը: Այնուհետև պատանիներն իրենց հրամանատարների ղեկավարությամբ հանդիսավոր ու շարային քայլքով անցան ստուգատեսը գնահատող զինվորականների հանձնախմբի և միջոցառմանը ներկա քաղաքացիների առջևով:

ՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզի տարածքային բաժանմունքների նախագահների հետ զրուցելիս Կապանի տարածքային բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը կարևորեց պատանի երկրապահի դերը բանակի ավելի մարտունակ դառնալու և բարոյահոգեբանական վիճակի բարձրացման գործում: Քաջարանի բաժանմունքի նախագահ Հովիկ Մատինյանը նշեց, որ մեծ է աշակերտների ցանկությունը՝ ընդգրկվելու պատանի երկրապահների ակումբներում: Մեղրիի տարածքային բաժանմունքի նախագահ Հայկ Աղամալյանը հպարտ էր իր պատանիներով, որոնք լավ հանդես եկան ստուգատեսում:

Երբ վերադառնում էինք Կապանից Գորիս, Շուռնուխ գյուղի մոտակայքում ՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահ, Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ Սուրեն Բաղդասարյանը վերհիշեց պատերազմական տարիները՝ հատկապես 1990-1992 թվականները, երբ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի շրջանների ադրբեջանցիներին թև ու թիկունք էր խորհրդային բանակը, ճանապարհը հաճախ վերահսկվում էր նրանց կողմից: Այս տարածքում է վիրավորվել ինքը, այստեղ է զոհվել եղբայրը՝ Վոլոդյան: Այժմ ճանապարհն ազատ է, հայ ազատամարտիկներին հաջողվեց ազատագրել նաև մեր պատմական հայրենիքի՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական, Քաշունիք, Աղահեճք-Քաշաթաղ և այլ գավառները, որոնք այժմ Արցախի Քաշաթաղի շրջանի կազմում են, վերստին հայացել ու շենանում են: Իսկ «Պատանի երկրապահի» առաքելությունը հենց այսօրվանից իրենց հայրենիքի տերն ու պաշտպանը դառնալն է:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Բանակ և հասարակություն


03/03/2016