Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ՏԱՆԿԻՍՏ



ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ՏԱՆԿԻՍՏՊահեստազորի փոխգնդապետ Սարգիս Քառյանը անցած պատերազմական օրերը վերհիշելիս քնքշանքով ու կարոտով թվարկում է թանկ անունները, ապա ավելացնում.

-Նրանք՝ այդ տղաները, հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներն էին: Չեմ ուզում, որ ժամանակը մոռացության տա այդ անունները:

Ու  հիմա դեմառդեմ նստած զրուցում եմ Արթուր (Եվգենի) Խաչատրյանի հետ: Մինչ Արթուրի գալը, փորձում էի նրան պատկերացնել որպես հասուն տղամարդ (չէ՞ որ Հայոց բանակն արդեն 24 տարեկան է), սակայն իմ հայացքի առաջ միշտ  հառնում էր 18-20 տարեկան զինավառ  մի պատանի, որը առաջին իսկ կոչով զինվորագրվել էր հայոց նորաստեղծ բանակին:

Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 28-ին,  Երևանում: Ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Ճարտարագիտական համալսարան:  Սկսվում են սահմանային բախումները: Արթուրը, որ արդեն փոխադրվել էր երկրորդ կուրս, անդամագրվում է «Ասպետ» ջոկատին (հրամանատար Լ. Խաչատրյան):  Մարտական մկրտությունն ստանում է Երասխում:

-1991թ. դեկտեմբերն էր,- վերհիշում է Արթուրը,- հավաքակայանում 700 զինակոչիկներից ընտրեցին միայն 70-ին: Որոշված էր ստեղծել պատվո պահակախումբ: Նախապատրաստական պարապմունքներն անցանք Արմավիրի  սահմանապահ զորքերում: Օրը ութ ժամ միայն շարային պարապմունքներ էին: Երկու ամիս անց  Սարդարապատի  հուշահամալիրում երդվեցինք գեներալ Լ. Ստեփանյանի մասնակցությամբ: Հետո մեզ տեղափոխեցին Լուսակերտ: Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր արարողությունից  հետո մասնակցեցինք   տոնական շքերթին:

Այդ օրերին սահմաններին դրությունը շատ լարված էր: Որոշվեց պատվո պահակախմբի ստեղծումը հետաձգել: Եվ մեզ տարան Զանգեզուր: Մինչև Մեղրի հասնելը տեսնել էր պետք  այն ոգևորությունը, այն հպարտությունը, որ ապրում էր ժողովուրդը մեզ տեսնելով: Բոլորս պարապած, մարզված տղերք էինք, և ժողովուրդը հրճվանքի մեջ էր. «Տեսե՛ք՝ ինչ տղերք են, տեսե՛ք՝ ինչ բանակ ունենք»:  Մեղրիի Լիճք գյուղի մանկատունը դարձավ զորանոց, որտեղ էլ տեղակայվեց մեր հարվածող գումարտակը՝ Հ. Կարապետյանի հրամանատարությամբ:

 

Նյուվադիի՝ այժմ Նռնաձորի դիրքերում հերթապահում էինք: Ադրբեջանցիներն անընդհատ կրակում  էին; Մի տանկ ունեինք, որի մեխանիկ-վարորդը մեղրեցի Յուրան էր: Շատ համոզեցի Յուրային ու սկսեցի տանկը ուսումնասիրել: Ինչպես մանկության,այնպես էլ պոլիտեխնիկումում սովորելու տարիներին տեխնիկայի հանդեպ սեր ունեի: Ինչ էլ չէի հասկանում, հարցնում էի Յուրային: Ու  մի օր էլ, երբ թուրքերը շատ նեղեցին, ես պոստի հրամանատար Վալիին երկար համոզելուց հետո կրակելու թույլտվություն ստացա: Կրակեցի և առաջին արկը հասավ նպատակակետին: Ադրբեջանցիները լռեցին և արդեն  շատ էին զգուշանում: Եվ  այսպես ես դարձա տանկիստ: Դա 1992-ի ամառն էր: Հետո մասնակցեցինք Ղափանի, Սրաշենի, Ագարակի  մարտերին: Մի անգամ, երբ մերոնք գնացին բանակցություններ վարելու, ադրբեջանցիները դիմեցին սադրանքի, և ես կրակեցի տանկից: Քանի որ ամեն ինչ միանգամից եղավ, և ես կրակեցի առանց նշանառության, արկը պատահականորեն դիպել էր Զանգելանի պարեկի «Վիլիսին»: Իմ շեկության պատճառով ինձ «կյաժ» մականունով էին դիմում: Այդ կրակոցից հետո ադրբեջանցիները լուրեր էին տարածել, որ հայերի  կողմից ռուս տանկիստներ են կռվում, և ինձ համար  գլխագին էին սահմանել:

1993-ին եկավ զորացրման ժամանակը, և մենք վերադարձանք Լիճքի մեր գումարտակ: Արթուր Սողոմոնյանը (էլի «կյաժ» մականունով)  նշանակվեց գումարտակի հրամանատար, ես՝ շտաբի պետ, իսկ Վալերի Գալոյանը  (մականունը «գուբերնատոր»)՝ վաշտի հրամանատար:  Երեքս էլ հայոց բանակի առաջին զինվորներից էինք  ու արժանացել էինք նման  վստահության: Հետո Ղևոնդ Հովհաննիսյանի առաջարկով ես տեղափոխվեցի Ագարակի զորամաս և նշանակվեցի որպես տանկային դասակի հրամանատար: Սկսվել էին  Հորադիզի ահեղ մարտերը: Վալերի Գալոյանի վաշտը մեկնեց այնտեղ և իմ խնդրանքով՝ ես իմ տանկով նույնպես միացա իմ մարտական  ընկերոջը: 1994-ի հունվար-փետրվար ամիսներն էին:  Մենք մարտնչում էինք «Հովազ 1,2,3» դիրքերում: Ծանր դիրքեր էին, ծանր մարտեր: Հրամանատարը հարգանք է վայելում, երբ զինվորի կողքին է և իր օրինակով ոգեշնչում է զինվորներին: Այդպիսին էին Արտակ Դավթյանը, Սերգեյ Ստեփանյանը, Վիգեն Գրիգորյանը,Ղազար Ղազարյանը,  Հովսեփը, բժիշկ Արտակը (ափսոս՝ ազգանունները մոռացել եմ):  Մարտերից մեկի ժամանակ՝ 1994թ.մայիսի 8-ին, թուրքերը գալիս ու գալիս էին, արդեն զոհեր ունեինք, ու մեր հրետանին էլ չգիտես ինչու լռել էր: Մերոնք բաց դաշտում էին, ու ես իմ ընկերներին փրկելու համար տանկով սիսիանցի տղաների հետ անցա հարձակման ու թուրքերի դեմն առա: Մնացի ծուղակում, բայց ի վերջո  դուրս եկա:

ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ՏԱՆԿԻՍՏԴիրքում զրուցում էինք երկտարյա սպա, լեյտենանտ  Արայիկ  Առուշանյանի հետ, երբ արկը պայթեց մեր կողքին: Պառկեցինք: Արայիկը հրաշքով ողջ մնաց: Արկի բեկորը նրա դեմքը  ծակել-անցել էր: Աչքը կուրացել էր: Արձակուրդ եկած ժամանակ այցելեցի վիրավոր Արայիկին, որին օգնելու, բուժման ծախսերը հոգալու համար ստեղծվել էր մի  խումբ, որոնց մեջ էր նաև իմ ապագա  կինը՝ Լուսինեն: Նրա եղբայրը՝ Սուրեն Եսայանը, իմ մարտական ընկերն էր և զոհվեց Հորադիզում:  Լուսինեն իր պապի՝ հայտնի մտավորական  Կամո Վարդանյանի միջոցով  նույնպես ամեն կերպ փորձում էր  օգնել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին:

1994  թվականի հրադադարից հետո Արթուր Խաչատրյանը   ստացավ լեյտենանտի կոչում և շարունակեց ծառայությունը տարբեր զորամասերում  մինչև 1997թ.:  Լուսինեի հետ ամուսնությունից  հետո  ծնվեց նրանց առաջնեկը, որին անվանակոչեցին  մորեղբայր Սուրենի անունով: Հիմա Սուրենը սովորում է  Ամերիկյան համալսարանում:  Հետո ծնվեց Վահագնը, նա էլ այս տարի կավարտի դպրոցը:

Հայոց բանակի առաջին զինվոր Արթուր Խաչատրյանի հետ զրույցը հետաքրքիր էր ու անմոռաց: Սակայն կար նաև տխրություն ու թախիծ:  Արթուրը  մինչ օրս  ոչ մի պարգևատրում չունի: Երբ այդ մասին հարցրի, նա ասաց. «Իմ ընկերներից նրանք, ովքեր մասնակցեցին կռվին ու զորացրվեցին, նրանցից ոմանք պարգևատրվել են, իսկ ովքեր շարունակեցին ծառայությունը, մոռացվեցին,  որոնցից մեկն էլ ես եմ»:

 

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Մայոր

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ճակատագրեր


03/03/2016