ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՏՈՆՆ Է
Վայրի, գեղեցիկ, երազային…
Պատմում է Շուշանիկ Մելիքբեկյանը
-Տավուշի մարզի Բերդ քաղաքում է ապրում արդեն ութերորդ տասնամյակ ոտք դրած մի հայուհի: Բոլորը նրան պարզապես Քնարիկ մայրիկ են ասում: Նրան շատերն են ճանաչում, իսկ ովքեր պատերազմական օրերից են նրան ճանաչում, առանձնակի սեր ու հոգատարություն են ցուցաբերում նրա հանդեպ: Պատճառն այն է, որ պատերազմական այն օրերին Քնարիկ մայրիկն աշխատում էր նոր կազմավորված Բերդի զորամասում: Ավլում-մաքրում էր զորամասի տարածքը: Քչախոս էր, մի տեսակ ինքն իր մեջ փակված, սակայն զինվորի հանդիպելիս ժպիտով, սիրով խոսակցություն էր բացում հետը՝ որտեղացի՞ ես, քույր-եղբայր ունե՞ս, ծնողներդ ի՞նչ գործի են եւ այսպիսի հարցեր: Սահմաններում կռիվ էր, եւ երբ որեւէ ազատամարտիկ կամ զինվոր էր զոհվում, ու նրան դիրքերից իջեցնում էին զորամաս՝ մեկ էլ «անհետանում էր» Քնարիկ մայրիկը: Նրան ճանաչողներն արդեն գիտեին, թե ուր է գնացել: Եվ իրոք, որոշ ժամանակ անց նա իջնում էր մոտակա սարից՝ ձեռքին փնջած վայրի տարբեր երանգի ծաղիկներ: Էլի անխոս ու լուռ, հուշիկ քայլերով (ասես ուզում էր անտես մնալ) մոտենում էր զոհվածի աճյունին, ձեռքի ծաղիկները դնում կրծքին, ու լռության հետ անխոս թափվում էին արցունքները: Ու մինչ զոհվածին իր ծննդավայր տեղափոխելը Քնարիկ մայրիկը նրա կողքին էր: Ու երբ գալիս էին հարազատները, նա էլի մի կողմ կանգնած անխոս ճանապարհում էր հերոսի աճյունը: Ու տանում էին զոհված հերոսներին դեպի հավերժություն՝ Քնարիկ մայրիկի վայրի երփներանգ ծաղիկները գրկին…
Հավսար, զգաստ կամ «ատանկ է»
Բանակը նոր էր կազմավորվել: Դժվարին տարիներ էին` ցուրտ, մութ, քաղց եւ այդ ամենին գումարած` պատերազմ, ինչպես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, այնպես էլ ողջ Արցախով մեկ,- վերհիշում է լրագրող-օպերատոր Գայանե Թամամյանը: -Ինձ հանձնարարված էր ռեպորտաժ պատրաստել Դիլիջանում տեղակայված նորաստեղծ զորամասի զինվորների ծառայությունից: Ներկայացա հրամանատարին, ասացի այցիս նպատակը, նա էլ ուրախ-ուրախ հրաման տվեց զինվորներին՝ շարվե՛լ: Երբ հրամանատարը «հավսար-զգաստ» հրամանը արձակեց` զգացվեց, որ զինվորները համարյա նույն դիրքով էլ մնացին: Ես տարակուսած նայեցի հրամանատարին: Նա էլի կանչեց «հավսար-զգաստ»: Եվ էլի նույն «անհավես» ծուլությունը:
– Ոնց որ՝ զգաստ չեն, հրամանատա՛ր,- կատակով դիմեցի հրամանատարին:
– Ա քիրա, էրեկվանից ի՞նչ են կերել, որ զգաստ լինեն,- ասաց հրամանատարը:
– Այսպես է եղել բանակի սկիզբը, ծնունդը,- հիշում է տիկին Գայանեն:
Եվ քանի որ Տավուշում էինք, եւ Գայանեն պիտի նկարեր զինվորների երդման արարողությունը, Բերդի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցին տեսնելով՝ հիշեց մեկ այլ դրվագ.
-Տարիներ առաջ էր: Կատարվում էր սահմանամերձ Կիրանց գյուղի եկեղեցու օծումը: Եկեղեցին կառուցվել էր բարերարի օժանդակությամբ, որը նույն գյուղից էր: Եկեղեցու օրհնությունից, օծումից հետո մատաղի սեղաններ բացվեցին ժողովրդի, բազմաթիվ հյուրերի համար: Շատ էին նաեւ սփյուռքահայերը: Հիշում եմ, ավելի ճիշտ, երբեք չեմ մոռանա տարեց մի սփյուռքահայի խոսքերը: Նա բաժակը վերցրեց, նայեց սահմանից այն կողմ` ադրբեջանցիների բնակավայրերին, ու ասաց. «Անոնք կապրին մեռնելու համար»:
Հետո շուռ գալով հայացքը հառեց Կիրանցի եկեղեցուն, դիմեց ներկաներին. «Իսկ մենք կմեռնինք ապրելու համար»:
Ասաց ու լռեց. մատաղ ճաշակողներն էլ լռեցին` երեւի խորհում էին: Հետո լսվեց սփյուռքահայի ձայնը` «Ատանկ է` անոնք կապրին մեռնելու համար, մենք կմեռնինք ապրելու համար…»:
Իմ սրտով ու քո ցանկությամբ, որդի՛ս…
Պատմում է Ալիս Ալավերդյանը
Զաքար Ավանեսյանի մայրը` տիկին Կարինեն, ապրիլի 7-ի առավոտյան վեր կացավ, դուրս եկավ տնից ու մոտակա ծաղկի խանութից գնելով 7 ճերմակ, կիսաբաց կոկոններով վարդեր, ճանապարհ ընկավ Եռաբլուր: Ամբողջ ճանապարհին որդու հետ էր: Ամեն մայրության տոնի որդին` Զաքարը, տուն էր մտնում այդպիսի վարդեր ձեռքին: Համբուրում էր, նվիրում վարդերն իրեն ու կատակով ասում.
-Մա՛մ, եթե ես ամուսնանամ, հարս բերեմ, հարսիդ մի ականջը մեծ պիտի լինի, մյուսը` փոքր: Գիտե՞ս ինչի համար: Որ փոքր ականջով ինձ լսի, իսկ մեծ ականջով` քեզ: «Զաքա՛ր ջան, դու միայն ամուսնացիր, ինձ թոռներ պարգեւիր, իսկ ականջներին շատ էլ ուշք մի դարձրու»,- ասում էր ինքը, ու մայր ու որդի ծիծաղում էին: Հետո որդին, որը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող էր, լուրջ-լուրջ դիմում էր մորը. «Մա՛մ, ինչքան ծանոթանում եմ մեր պատմությանը, զգում եմ, որ մենք միշտ զինվորի, բանակի անհրաժեշտություն ենք ունեցել, եւ քիչ են եղել մեր զինվորները: Ա՜յ, կտեսնես, մամ ջան, հենց դարձա երկրի պրեզիդենտ, առաջին հրամանս այն է լինելու, որ բոլոր երեխաները ծնվեն, լույս աշխարհ գան…»:
Ու հիմա տիկին Կարինեն, ձեռքին 7 ճերմակ վարդ, կանգնել է Եռաբլուրում՝ որդու շիրիմի մոտ: Մտովի էլի որդու հետ է, որը, դեռ ուսանող, դուրս եկավ ազատագրական պայքարի ու մարտնչեց հերոսի նման: Մայրության, գեղեցկության օրն էր, ու այդ օրը Եռաբլուրում շատ էին աղջիկները, մայրերը, կանայք: Ու Կարինե մայրը մեկ էլ իրեն լսելի զրույցի բռնվեց որդու` Զաքարի հետ:
-Որդի՛ս, այս անգամ էլ ես էի այս վարդերը բերել քեզ համար: Գիտեմ, չես նեղանա, վարդերը քո անունից ուզում եմ նվիրել այս գեղեցիկ հայուհիներին, ուզում եմ քո անունից շնորհավորել նրանց տոնը: Ի՞նչ իմանաս, միգուցե քո մարտական ընկերներից մեկի քույրն է, մեկի աղջիկը կամ մեկի թոռնուհին: Ափսո՜ս, դու չհասցրիր ամուսնանալ, որդի՛ս… Ուզում եմ, որ մայրության, գեղեցկության տոնի առթիվ քո շնորհավորանքն այս անգամ այսպես լինի` իմ սրտով ու քո ցանկությամբ…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Հոգևոր-մշակութային