Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԽԱՐԴԻՉ ՀՄԱՅՔՈՎ ԼԵՈՆԱՐԴՈՆ



ԿԱԽԱՐԴԻՉ ՀՄԱՅՔՈՎ ԼԵՈՆԱՐԴՈՆԱյսպիսով՝ Օսկար 2016-ն էլ անցավ պատմնության գիրկը: Եվ թերեւս ճիշտ կլինի նշել, որ այս տարի մրցանակաբաշխության կարեւորագույն ինտրիգներից մեկն էլ հենց  Լեոնարդո Դի Կապրիոն էր: Անգամ բուքմեյքերական գրասենյակներն էին այս իրադարձության առիթով խաղադրույքներ սահմանել: Կինոսիրողներն  ավելի շատ սպասում էին ոչ թե բուն մրցանակաբաշխությանը, այլ Լեոնարդո Դի Կապրիոյի անունը լսելուն: Դե ինչ, աշխարհի տարբեր անկյուններում ապրող նրա բազմաթիվ երկրպագուների բաղձանքը վերջապես կատարվեց: Լեոնարդո Դի Կապրիոն դարձավ կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի «Օսկարի» մրցանակակիրը: Նա այդ մրցանակը ստացավ («Առաջին պլանի լավագույն տղամարդու դեր») անվանակարգում: Երկար սպասված արձանիկին նա արժանացավ Ալեքսանդրո Գոնսալես Ինյարրիտուի «Փրկվածը» ֆիլմում մարմնավորած դերի համար:  Այս անվանակարգում մրցանակ ստանալու համար պայքարում էին նաեւ Բրայան Կրեսթոնը («Տրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Մեթ Դեյմոնը («Մարսեցին»), Էդդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը») ֆիլմերում:

41-ամյա Լեոյին հաջողվեց «Օսկար» ստանալ միայն վեցերորդ փորձից հետո:  Այս առթիվ տարբեր կատակներ էին շրջանառվում, նույնիսկ՝  համակարգչային խաղի տեսքով, որն այսուհետ կորցրեց իր իմաստը: Դերասանն առաջին անգամ «Օսկար» մրցանակի է առաջադրվել 1994 թվականին  «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այնուհետեւ 2005թ.-ին՝ «Ավիատորը», 2007թ.-ին՝ «Արյունոտ ադամանդ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար,  2014թ.-ին՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի համար միանգամից երկու անվանակարգում՝  «Լավագույն պրոդյուսեր» եւ «Լավագույն դերասան»:

 

Դերասա՞ն, թե՞ բարեգործ

 

Լեոնարդո Դի Կապրիոն իր հաղթական ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց  գործընկերներին, ռեժիսորներին, որոնց հետ աշխատել է այս տարիների ընթացքում, մասնավորապես՝ Մարտին Սկորսեզեին, որին պարտական է իր բազմաթիվ հաջողված դերերի համար: Այնուհետև նա անդրադարձավ բնապահպանության թեմային, որ նրա կարևորագույն նպատակներից մեկն է: «Եկեք չընդունենք մեր մոլորակը որպես հենց այնպես տրված մի բան: Կլիմայական փոփոխություններն իրական են, դրանք հենց հիմա են կատարվում: Եվ մենք պետք է միասին աշխատենք այս ուղղությամբ»,- հայտարարեց Դի Կապրիոն:

Լեոնարդո Դի Կապրիոյի 1998թ.-ին հիմնադրած բնապահպանական հիմնադրամը սատարում է Կալիֆորնիայում իրականացվող մի շարք ծրագրերի, զբաղվում ցանցային կայքով բնապահպանական ակցիաների քարոզչությամբ, կազմակերպում է բարեգործական աճուրդներ: Դերասանը, մասնավորապես, հոգ է տանում ամուրյան վագրերի պոպուլյացիայի պահպանության և բազմացման խնդիրներով:

 

Դի Կապրիոյի «արմատները»

 

Լեոնարդո Դի Կապրիոն ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա):  Ծնողների միակ որդին է:  Հայրը՝ մի շարք կոմիքսների հեղինակ Ջորջ Դի Կապիրոն, կիսով չափ իտալական, կիսով չափ գերմանական արմատներ ունի, իսկ մայրը՝ դատական քարտուղար Իրմելին Ինդենբիրկենը,  ծնվել է արևմտյան Գերմանիայի Օր-Էրկենշվիկ քաղաքում՝ ռմբապաստարանում՝ գերմանացի Վիլհելմ Ինդենբիրկենի և ռուս գաղթական Հելենա Ինդենբիրկենի (Ելենա Ստեպանովայի) ընտանիքում: 1955 թվականին Վիլհելմն ու Ելենան գաղթել են ԱՄՆ: Ի դեպ, 2010թ. վագրերի պահպանությանը նվիրված գագաթնաժողովի ժամանակ Լեոնարդոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ելենան, չնայած նրան 2 տարեկանում են տարել Ռուսաստանից,  խոսել է ռուսերեն: «Այնպես որ՝ ես ոչ թե քառորդով, այլ կիսով չափ ռուս եմ»,-ավելացրել է նա:

Դերասանի անունը որոշել է մայրը: Երբ մի անգամ հղիության ընթացքում նա դիտելիս է եղել Լեոնարդո Դա Վինչիի նկարները, Լեոն առաջին անգամ զգացնել է տվել  իրեն: Այսպես էլ որոշվել է ապագա դերասանի անունը` Լեոնարդո, ի պատիվ Վերածննդի հանճարի:

 

Վերելքի սկիզբը

 

ԿԱԽԱՐԴԻՉ ՀՄԱՅՔՈՎ ԼԵՈՆԱՐԴՈՆԼեոն դեռ փոքր տարիքից է ներքաշվել նկարահանումների մեջ: Առաջին անգամ նա նկարահանվել է հինգ տարեկան հասակում` Romper Room կոչվող հեռուստաշոուում: Ապագա աստղն այդ ժամանակ բավականին աշխույժ երեխա էր և սիրում էր ամեն ինչ ջարդել և փչացնել, այդ պատճառով էլ ռեժիսորը հրաժարվեց նրա հետ շարունակել աշխատանքը: 14 տարեկանում Լեոնարդոն  իր համար գործակալ գտավ, որին դուր եկան նրա սանրվածքը և անունը: Եվ նա նկարահանվեց ավելի քան 30 գովազդային հոլովակներում ու մի քանի սերիալներում՝ «Սանտա Բարբարա», «Լեսսիի նոր արկածները», «Ռոզիննա» և այլն:

 

Փաստեր Դի Կապրիոյի կյանքից

 

*   «Արյունոտ ադամանդ» ֆիլմի նկարահանումների ժամանակ որդեգրել է Մոզամբիկի Մապուտու շրջանի SOS գյուղերում ապրող որբ երեխաներից մեկին: Դերասանը թեև չի զբաղվում աղջկա դաստիարակությամբ, բայց ամեն ամիս գումար է փոխանցում նրա խնամքի համար և հաճախ զանգահարում է նրան:

 

*   Թանկարժեք մեքենաների փոխարեն նա նախընտրում է Toyota Prius: Չի ճամփորդում մասնավոր ինքնաթիռով, այլ գնում է էկոնոմ-կարգի տոմսեր: Միևնույն ժամանակ, նա մեծ գումարներ է նվիրաբերում բարեգործական նպատակներով:

 

*   Նա վարժ գերմաներեն է խոսում: Դի Կապրիոյի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ փոքր է եղել, այդ պատճառով նրա դաստիարակությամբ զբաղվել են մայրը և գերմանուհի տատիկը:

 

Անձնական կյանքը

 

ԿԱԽԱՐԴԻՉ ՀՄԱՅՔՈՎ ԼԵՈՆԱՐԴՈՆԼեոնարդո Դի Կապրիոյի անձնական կյանքը, ինչպես և վերընթացը, միշտ լրագրողների և երկրպագուների ուշադրության կենտրոնում է եղել, չնայած որ ինքը շատ ժուժկալ է իր անձնական կյանքի և հատկապես ներաշխարհի մասին խոսելիս: Նա երբեք ամուսնացած չի եղել: Այս համընդհանուր ուշադրությունը զարմանալի չէ, քանի  որ հայտնի դերասանի բոլոր ընտրյալները միշտ աշխարհի ամենագեղեցիկ կանայք են եղել, հիմնականում՝ սուպերմոդելներ: 1990 թվականին նա հանդիպում է դանիացի մոդել Հելենա Կրիստենսենի հետ, 2000-2005-թթ. Դի Կապրիոյի սիրեցյալը բրազիլացի մոդել Ժիզել Բյունդխենն էր, 2006թ.-ին Դի Կապրիոն սիրավեպ է սկսում իսրայելցի մոդել Բար Ռաֆայելի հետ, իսկ 2009թ.-ին՝ ռուս մոդել Աննա Վյալիցինայի: Այս ցուցակը բավականին երկար է: Նա հանդիպել է նաև Դեմի Մուրի, Բլեյք Լայվլիի և անգամ Նաոմի Քեմփբլի հետ:

 

Դի Կապրիոն ինքն իր մասին

 

«Ի տարբերություն շատ աստղերի՝ իմ ճակատագիրը որոշված չէր մանկուց: Ես հասակ էի առնում Հոլիվուդի ծայրամասերում և մտածում էի, որ գիժ եմ մեծանում: Չէի սիրում դպրոցը. այնտեղ ստիպում էին կենտրոնանալ այն բաների վրա, ինչ չէի ուզում իմանալ:

Փառքն ասես անցաթուղթ լինի, ուր ուզում ես, կարող ես գնալ: Ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս աշխարհը: Ես այնքան էլ շատ վախեր չունեմ. շնաձկներ, այլմոլորակայիններ և գլոբալ տաքացում:

Չեմ հասկանում, թե ինչու են բոլորն ուզում ինձնից համասեռամոլ  սարքել: Ես համասեռամոլ չեմ: Հարկավոր է միշտ ճշմարտության ձգտել:

 

Ահա այն ֆիլմերի ցանկը, որոնց համար Լեոնարդոն վաղուց կարող էր «Օսկար» ստանալ

 

ԿԱԽԱՐԴԻՉ ՀՄԱՅՔՈՎ ԼԵՈՆԱՐԴՈՆ«Ի՞նչ է տանջում Հիլբերթ Գրեյփին», «Լողափ», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ամբողջական խավարում», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Ավիատոր», «Ուրացողները», «Արյունոտ ադամանդ», «Անիծյալների կղզին», «Սկիզբը», «Ազատագրված Ջանգոն», «Մեծն Գեթսբին», «Ուոլ սթրիթի գայլը»:

Ֆիլմերի ցուցակը, որոնցում նկարահանվել է Լեոնարդո Դի Կապրիոն, մեծ է:  Նրա առաջին ֆիլմը դարձավ «Ատամնավորները 3» կատակերգական սարսափ ֆիլմը: 1991 թվականին նկարահանվեց «Հասակի հիվանդություններ» սերիալում, սակայն ստիպված եղավ լքել այն, որպեսզի խաղար Ռոբերտ Դե Նիրոյի հետ «Այդ տղայի կյանքը» ֆիլմում: Ավելի ուշ՝ 1993 թվականին, Ջոնի Դեփի հետ նկարահանվեց «Ի՞նչն է անհանգստացնում Հիլբերտ Գրեյփին» ֆիլմում, որը արժանացավ կինոքննադատների բարձր գնահատանքին: 18-ամյա Լեոն այս ֆիլմում մտավոր հետամնաց դեռահասի դերակատարման համար առաջին անգամ ներկայացվեց «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի»:

Նրա հետագա դերերն էին «Արագ և մեռած»՝ Շերոն Սթոունի, Ջին Հեքմենի և Ռասել Քրոուի հետ, «Ամբողջական խավարում», որտեղ նա մարմնավորում էր ֆրանսիացի գրող Արթուր Ռեմբոյին: Նա այնքան համոզիչ էր խաղում ֆրանսիական պոեզիայի փառքերից մեկի՝ Պոլ Վերնելի և Արթուր Ռեմբոյի սիրո պատմությունը, որը առիթ է տալիս դերասանի՝ սեռային կողմնորոշման շուրջ ասեկոսեների: 1996թ.-ին Լեոն նկարահանվեց Բազ Լուրմանի «Ռոմեո + Ջուլիետա» ֆիլմում: Ավելի ուշ նա կրկին նկարահանվեց Ռոբերտ Դե Նիրոյի հետ «Մարվինի սենյակը» դրամայում: Ֆիլմում նկարահանվել են նաև Դայան Քիթոնը և Մերիլ Սթրիփը: Նրան սակայն համաշխարհային ճանաչում բերեց Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմը, որտեղ խաղաց Քեյթ Ուինսլեթի հետ: Սկզբում Դի Կապրիոն ցանկանում էր հրաժարվել Ջեք Դոուսոնի դերից, սակայն Քեմերոնը նրա դերասանական տաղանդի վրա չէր կասկածում: Ֆիլմը հսկայական հաջողություն ունեցավ՝ դառնալով այդ տարվա մշակութային ամենաքննարկվող թեման: «People» ամսագիրը Լեոյին ընդգրկեց աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում, և նա դարձավ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: Ֆիլմն ստացավ 11 Օսկար, սակայն Լեոն ներկայացված չէր «Լավագույն դերասան»  անվանակարգում, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց:

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Հոգևոր-մշակութային


10/03/2016