Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԻՑ՝ ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐ



Հերոս որդիներ, հաղթության դափնիներ, անկախ Հայրենիք – այս ամենը սպասեք միայն հայրենասեր մորից:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Մարտի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում: Այն սկսվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր, եւ ես կգամ» վավերագրական տեսաֆիլմի ցուցադրումով:

 

ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԻՑ՝ ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով ներկաներին, իր ելույթում կարևորեց կնոջ դերը. «Հայկական բանակը մեծ ճանապարհ է անցել: Յուրաքանչյուր հայի շուրթից հնչած հայկական բանակ արտահայտության ակունքներում մենք պետք է տեսնենք ահռելի դժվար, չարքաշ, պատերազմական և մարտական անցած ճանապարհ, որի ակունքում կանգնած է եղել ոչ միայն հայ տղամարդը, այլ նաև հայ կինը: Թվում է` հայ կինը խորհրդանիշ է միայն հայկական ընտանիքի ջերմության, բայց մեր պատմությունը թույլ է տալիս ասելու, որ կինը, անհրաժեշտության դեպքում, զենք է վերցրել ու տղամարդու հետ կրել ու կռել ամբողջ մեր պատմությունը»: Նախարարը շեշտեց նաև, որ հայկական բանակը մի ամբողջական կերպար է, որը ներկայացնում է հասարակության բոլոր ուղղությունները, ներառում հասարակության բոլոր խավերը. «Այսօր մեզ հետ են տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մայրեր, որոնք մեզ համար դժվար ժամանակներում իրենց որդիներին ուղարկել են հայրենիքը պաշտպանելու: Եվ հենց նրանց որդիների հերոսության ու անձնազոհության շնորհիվ մենք կարողացանք տանել հաղթանակներ, ապահովել մեր ժողովրդի այսօրվա խաղաղ արարումը: Այստեղ են մայրեր, որոնց որդիները ոչ միայն Արցախյան ազատամարտի, այլ նաև հետպատերազմյան տարիների` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, հիմք ընդունելով իրենց ավագ եղբայրների, հայրերի, պապերի սխրագործությունները, անձնուրացորեն ապահովեցին մեր այսօրվա խաղաղ արարումը: Այսօր այս դահլիճում ներկա այդ մայրերից շատերն իրենց ուսերին են կրել բազում դժվարություններ, բայց նորից ոգևորված շարունակում են իրենց գործունեությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի խաղաղ արարման…»:

Պաշտպանության նախարարի հրամանով՝ կանանց տոնի կապակցությամբ գերատեսչական մեդալների, պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան Հայրենական մեծ պատերազմի մասնակից կին-վետերաններ, զոհվածների այրիներ, մայրեր, ՀՀ ՊՆ հետ համագործակցող ՀԿ-ների ներկայացուցիչներ, կին զինծառայողներ, բանակում ծառայող երեք զինվոր որդի ունեցող մայրեր:

ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԻՑ՝ ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – Ես կոչումով, մասնագիտությամբ Արմեն Հովհաննիսյանի մայրն եմ: Որդիս ինձ տվեց ավելի շատ, քան ես նրան եմ փոխանցել: Ինձ համար պարզ ճշմարտություն եմ բացահայտել` եթե Տիրոջ կամոք ապրում եմ, ուրեմն պետք է ուժեղ լինեմ, որդուս կիսատ թողած գործը պիտի շարունակեմ: Շնորհավորում եմ բոլոր կանանց և ասում` օրհնված են բոլոր այն մայրերը, որոնց զավակները նահատակվեցին այս հողի համար, որոնց զավակներն այսօր կանգնած են մեր դիրքերում և սրբորեն պահպանում են բոլորիս անդորրը:

ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆ -Հուզված եմ, որ գնահատվեց իմ տարիների աշխատանքը: Դյուրին չէ զոհված տղաների մասին գիրք գրելը` մշտապես մտապատկերում ունենալով այն իրողությունը, որ քո որդին կողքիդ չէ: Իմ աշխատանքը կարևորում եմ, քանի որ յուրաքանչյուր որդեկորույս մայր կարողացավ ինձնից վերցնել հպարտության այն զգացումը, որը պիտի առաջնորդի նրան հետագա կյանքում:

ՍԻՐՎԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ -Շնորհավորում եմ բոլոր կանանց: Մի մաղթանք ունեմ` կնոջ աչքը թող միշտ չոր լինի:

ՍԵԴԱ ՇԱՀԻՆՅԱՆ -Բառերն անզոր են արտահայտելու այն, ինչ զգում եմ: Գոհ եմ և՛ ուշադրությունից, և՛ վերաբերմունքից, և՛ մոտեցումից: Ես պաշտում եմ մեր բանակը ու այսօր էլ, չնայած պատկառելի տարիքիս` 84 տարեկան եմ, Աստված չանի, եթե պատերազմ լինի, կգնամ-կկանգնեմ մեր զինվորների կողքին: Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը, պատերազմի ցավը. կորուստներ շատ եմ տեսել:

ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ -Լոռու մարզի Գեղասար գյուղից եմ եկել մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը: Չորս որդիներս` Թադևոսը, Արտավազդը, Արտաշեսը, Արտեմը, ծառայում են մեր բանակում: Գոհ եմ մեր բանակից ու շնորհակալ եմ անչափ մեր նախարարից: Ամենալավ, ամենաթանկ, ամենահաճելի նվերը նա է ինձ պարգևել. զինվորի մոր համար մեծ երջանկություն է զավակների կողքին լինելը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ -Աշտարակի շրջանի Կոշ գյուղից եմ եկել: Ով կարող է ինձ պես հպարտ լինել. հերոս տատիկ չեմ, բա ի՞նչ եմ, չորս թոռներս` Հայկը, Հովիկը, Գևորգը, Խորենը ծառայում են բանակում, պաշտպանում մեր բոլորի  խաղաղ բացվող ամեն օրը: Հաճելի ու անմոռանալի անակնկալ է` չորս թոռնիկներս արձակուրդ են ստացել:

ՀՈՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ /շարքային/ – Մենք երեք եղբայրներով Ռուսաստանից եկել ենք, որ մեր պարտքը տանք հայրենիքին: Մեզ հետ ծառայում է նաև մեր հորեղբոր տղան: Բոլոր մայրերին առողջություն, երջանկություն եմ մաղթում, զավակներին` բարի վերադարձ:

ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ /շարքային/ – Ես էլ բոլոր զինվորների անունից շնորհավորում եմ մայրերին և հատկապես զինվորների մայրերին: Համբերություն ձեզ, սիրելի՛ մայրեր, մենք գիտենք, որ աշխարհում ամենաշատը դուք եք խաղաղություն ուզում: Մենք՝ ձեր զինվոր զավակները, ամեն ինչ կանենք, որ խաղաղ լինի աշխարհը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/03/2016