Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ` ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Ամռան առաջին օրը երեխաներինն է: 1950 թվականի հունիսի 1-ից ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Պաշտպանելով երեխաներին այսօր` մենք պաշտպանում ենք մեր ապագան, մեր վաղվա պետությունը: Մեր մոլորակի փոքրիկ բնակիչներն իրենց անմեղ հոգով, անկեղծ ժպիտներով, անմիջականությամբ, իրենց աչքերի փայլով ջերմացնում են բոլորիս սրտերը: Թող մանկության մոլորակում թեւածի խաղաղությունը, սերն ու բարությունը լինեն հարատեւ: Արժանին տանք երեխաներին` արժանին ստանալու համար:

Թիվ 127 մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Ալեքսանյանը երեսուներկու տարի շարունակ ամեն օր բացում է մանկապարտեզի դուռն ու տեղափոխվում մի աշխարհ, որտեղ կա միայն գորովանք ու քնքշանք, նվիրում ու հոգատարություն:
Մեր այցելությունը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հենց այս մանկապարտեզ պատահական չէր, քանի որ այստեղ հիմնական շեշտը դնում են ռազմահայրենասիրական դաստիարակության վրա: Ըստ Մ. Ալեքսանյանի` հասարակությանը պիտանի, արժանավոր սերունդ ունենալու համար պետք է մատաղ տարիքից հայրենասիրություն, ազգասիրություն և այլ նվիրական գաղափարներ արմատավորել երեխաների մեջ: Նպատակն իրականություն դարձնելու համար մանկապարտեզը կազմակերպում է իր սաների հաճախակի այցելություններ զորամասեր եւ ռազմակրթական հաստատություններ, դպրոցներ, որտեղ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անունով անվանակոչված դասարաններ կան, մասնակցում շրջանի զինկոմիսարիատից տղաներին բանակ ճանապարհելու միջոցառումներին: Ամեն անգամ երեխաները իրենք էլ իրենց մանկական, բայց վստահ ձայնով երդվում են դառնալ վաղվա հայոց բանակի արժանի զինվորները` հուզումնալից պահեր պարգևելով անգամ պատերազմով անցած փորձառու սպաներին: Մայիսի 27-ին կազմակերպված միջոցառման ժամանակ նույնպես հնչեց ավանդական երդումը, եւ երեխաները բարձրաձայնեցին իրենց ցանկությունը` դառնալ հայոց հզոր բանակի քաջարի զինվոր, որպեսզի հայոց երկրում հարատևի խաղաղությունը:
Մանկապարտեզի սանի համար հայրենիքն սկսվում է այն ծառից, որն ինքը խնամում է մանկապարտեզի բակում, որի համար ինքը պատասխանատու է այսօր, սկսվում է այն լուսավոր սենյակից, որտեղ ամեն օր ազգային-համամարդկային արժեքների են ծանոթանում:
Բացի պետական տոներից, մանկապարտեզում նշվում են նաեւ Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոները, քանի որ ըստ Մ. Ալեքսանյանի` քրիստոնեական դաստիարակությունը անձի կայացման անվերապահ բաղկացուցիչներից է: «Դաստիարակությունն ու կրթությունը սկիզբ են առնում նախադպրոցական տարիքից, ուստի պարտաճանաչ եւ պատասխանատու, հմուտ եւ նվիրյալ մանկավարժները պարտավոր են հայրենասեր, ազգասեր եւ ծնողապաշտ քաղաքացիներ դաստիարակել»,-համոզված է մանկապարտեզի տնօրենը: Նա բոլոր երեխաներին բարեմաղթեց. «Թող մեր երեխաներից յուրաքանչյուրը դառնա հասարակության լիիրավ անդամ, ունենա ինքնադրսեւորման հնարավորություն և պաշտպանված լինի պետության կողմից»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #21 (886) 1.06.2011 – 8.06.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


08/06/2011