Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ Ե՛Վ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ, Ե՛Վ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ



ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ Ե՛Վ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ, Ե՛Վ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ«Հայ զինվորի» հատուկ թղթակից Գայանե Պողոսյանի զրույցը ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ

 

«Մեր բանակի մարտունակությունն այսօր շատ ավելի բարձր է, քան ադրբեջանական բանակինը: Սա անվիճարկելի է: Մենք կարողացել ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել զինադադարի տարիները եւ ստեղծել բարձր արհեստավարժությամբ, ոգեղեն ու հոգեբանորեն պատրաստված բանակ: Ինչը չհաջողվեց Ադրբեջանին»:

 ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

գեներալ-լեյտենանտ

 

-Պարոն գեներալ-լեյտենանտ, 2015 թվականը, իմ դիտարկմամբ, բացառիկ էր պաշտպանության բանակի համար իր ծանրությամբ: Թերևս պատերազմից հետո հակառակորդը նման ակտիվություն չէր ցուցաբերել: Ի՞նչ նպատակ էր հետապնդում մեկը մյուսին հաջորդող դիվերսիոն գործողություններով, գնդակոծություններով…

-Իրոք, 2015թ.-ին հակառակորդը գերազանցեց բոլոր սպասելիքները զինադադարի ռեժիմը խախտելու և սահմանին դրությունը շիկացած պահելու նախաձեռնությամբ: Բայց ես կօգտագործեի ոչ թե ծանր, այլ լարված բառը՝ իրադրությունը բնութագրելիս:

-Ո՞րն է այդ երկու բառերի տարբերությունը:

-Մենք լարված էինք, բայց ծանր վիճակում չէինք, որովհետև հակառակորդի գործողություններից անակնկալի չեկանք, հանգիստ ընդունեցինք մարտահրավերը և պատասխանեցինք բազմապատիկ ուժգնությամբ, խորտակիչ հակահարվածով:

-Ադրբեջանական բանակը հանել էր իր ամբողջ զինանոցը, ինչ-որ անհասկանալի շոու էր կազմակերպել` խոշոր տրամաչափի զենքերով, տանկերով…

-Չեմ կարող պնդել, թե ամբողջ զինանոցն էր ցուցադրում, բայց 2015թ.-ին գործածեց այնպիսի զենքեր, որոնք զինադադարի ընթացքում հրապարակ չէին հանվել: Չի բացառվում, որ Ադրբեջանը նախապատրաստվում է ռազմական ավելի մեծամասշտաբ գործողությունների, և 2015թ.-ի իրադարձությունները դրա նախերգանքն էին:

-Չի՞ բացառվում, թե՞ այդպես է:

-Չի՛ բացառվում:  Ադրբեջանական բանակը փորձարկում էր իր ուժերը, իր զինատեսակները, ստուգում էր իր սպառազինության պատրաստականությունը: Պաշտպանության բանակը պատրաստ է դիմակայելու հակառակորդի ցանկացած ոտնձգության և իրեն պարտադրված պատերազմը ավարտելու հաղթանակով: Մենք ունակ ենք ծավալելու և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողություններ ու արժանի հակահարված տալու հակառակորդին, ինչպես դա արել ենք նախկինում և 2015 թվականին:

-Նախկինո՞ւմ… Նկատի ունեք Արցախյան պատերազմը:

-Այո՛: Զինատեսակները կարող են փոխվել, բայց ժողովրդի կերպարը` արիությունը, ռազմական տաղանդը, հողը պաշտպանելու անձնվիրությունը դարերի ընթացքում անգամ էական փոփոխություն չի կրում: Մենք նույն հայն ենք, որ հաղթեցինք Արցախյան պատերազմը, հակառակորդը նույն հակառակորդն է, որ, զենքերը թողած, խմբով նահանջում էր, թեև տասնապատիկ գերազանցում էր մեզ և՛ մարդկային  ռեսուրսով, և՛ զինատեսակների քանակով ու հզորությամբ: Մեր բանակի մարտունակությունն այսօր շատ ավելի բարձր է, քան ադրբեջանական բանակինը: Սա անվիճարկելի է: Մենք կարողացել ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել զինադադարի տարիները և ստեղծել բարձր արհեստավարժությամբ, ոգեղեն ու հոգեբանորեն պատրաստված բանակ: Ինչը չհաջողվեց Ադրբեջանին:

-Լուրեր են պտտվում, թե անցյալ տարի ադրբեջանական կողմից թուրքական ստորաբաժանումներ են մասնակցել ռազմական գործողություններին…

-Ես չեմ կարող հաստատել կամ հերքել նման լուրերը, բայց թուրք հրահանգիչները, խորհրդատուները փորձում են օգնել ադրբեջանական բանակին: Իրականությունն այն է, որ անգամ թուրքական աջակցությունը էական դերակատարում չի ունեցել ադրբեջանական բանակի մարտունակությունը բարձրացնելու առումով: Երևի ինտերնետում հազար անգամ տեսած կլինեք հենց ադրբեջանցիների տարածած տեսանյութերը, որոնցում ադրբեջանցի զինվորները,  լսելով հայկական կողմի կրակոցները, փախչում են` լքելով դիրքերը: Որքան էլ զինատեսակները հզոր լինեն, իրենք իրենց կրակել չեն կարող, և մարդկային գործոնը էական դերակատարում ունի մարտական գործողությունների ժամանակ: Բանակի ուժը անձնակազմի քաջության, անձնվիրության ու ոգու մեջ է: Դուք տեսե՞լ եք գոնե մեկ տեսանյութ, որտեղ մեր զինվորը կրակոցներ լսելիս փախչի, եթե անգամ ադրբեջանական ամենահզոր զինատեսակներն են կրակում:

-Ո՛չ, չեմ տեսել: Ընդհակառակը, ես զրուցել եմ ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունները հետ մղելիս վիրավորված բազմաթիվ զինվորների և սպաների հետ ու ապշել-հիացել եմ նրանց ոգու ամրությամբ: Որտեղի՞ց այդքան ուժ 18-20 տարեկան հայ տղայի մեջ, երիտասարդ հայ սպայի սրտում: Ես չեմ ուզում անուններ նշել, բայց նրանք կռվել են մինչև վերջ` թույլ չտալով, որ թշնամին առաջանա  ու սպառնա ծառայակից ընկերների կյանքին: Նրանք գնացել են ստույգ մահվան, բայց չեն բացել թշնամու ճանապարհը:

-Հակառակորդը գիտի ուժերի հարաբերակցությունը: Ադրբեջանական սահմանի առաջին գծի կահավորանքը վկայում է, որ հակառակորդը պատրաստվում է նաև պաշտպանական պատերազմի…

-Այսինքն` պատրաստվում է դիմակայել հայկական կողմի հարձակողական գործողություններին:

-Այո՛: Մենք չենք թաքցնում, որ մեզ պարտադրված պատերազմը անհրաժեշտության դեպքում տանելու ենք մինչև վերջ, և այն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար:

-Ադրբեջանական կողմի հոխորտանքները տպավորություն են ստեղծում, թե նրանք այնքան  էլ ճիշտ պատկերացում չունեն ուժերի հարաբերակցության մասին:

-Հոխորտանքները, սեփական բանակի ուժի մասին շրջանառության մեջ դրվող առասպելները ադրբեջանցի ժողովրդի վախը մեղմելու համար են, ներքին սպառման համար:

-Գուցե նաև մեր ժողովրդին վախեցնելո՞ւ համար:

-Չեմ կարծում: Ադրբեջանցիները մեզ ասելիք չունեն: Մեր բանակն ու ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ են պաշտպանելու սեփական հայրենիքը: Գիտեք, շատ կարևոր է մարդու վարքի դրդապատճառը` ադրբեջանցի ժողովուրդն ու զինվորը չեն հասկանում, թե հանուն ինչի պիտի զոհողությունների գնան, հանուն ինչի պիտի վտանգեն կյանքը: Ղարաբաղը նրանց հարկավոր չէ, իսկ մեզ համար Ղարաբաղը  հայրենիք է, մենք նահանջելու տեղ չունենք: Հենց այս հանգամանքն է առաջին հերթին մեզ ստիպում անել նույնիսկ անհնարը հզոր ու մարտունակ բանակ ունենալ համար: Հենց այս հանգամանքն է մեզ մղում քաջության ու սխրանքի նոր էջեր գրելու մեր հողը պաշտպանելիս:

-Ո՞րն է պաշտպանության բանակի գլխավոր խնդիրը 2016թ.-ին:

-Մեր գլխավոր խնդիրը միշտ մեկն է` օր օրի, ժամ առ ժամ բարձրացնել բանակի մարտունակությունը և անառիկ պահել հայրենիքի սահմանները:

-Պարոն նախարար, անկորուստ տարի եմ մաղթում Արցախի բանակին: Թող հաղթանակը լինի Ձեր` մեր սպայի ու զինվորի մշտական ու անդավաճան ուղեկիցը:

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/03/2016