ԳՈՒՅՆԵՐԻ ԲՈՒԺԻՉ ԷՆԵՐԳԻԱՆ
Գույները ազդում են ոչ միայն աչքի, այլեւ մյուս օրգանների վրա: Ոչ միայն ազդում են, այլ նաեւ՝ բուժում: Այդ հատկության վրա է հիմնված գունաթերապիան: Գունաթերապիան (գունաբուժությունը) հայտնի է դեռ հնագույն ժամանակներից:
Պարզվում է՝ գույները, երանգները, որոնք դու ընտրում ես (լինի հագուստ, նույնիսկ սննդամթերք), քո օրգանիզմի համար ունեն մեծ նշանակություն: Որոշ գույներ նյարդայնացնում են, մյուսները` բարձրացնում տրամադրությունը: Իմանալով այս կամ այն գույնի ազդեցության մասին` կարելի է լավացնել ինքնազգացողությունը, մինչեւ անգամ բուժել նյարդային համակարգի տարբեր խանգարումները:
Կարմիրն անհրաժեշտ է արյան շրջանառության օրգաններին, լյարդին ու երիկամներին, այն նպաստում է մկանային թուլացմանը, ներքին օրգանների նորմալ գործունեությանը:
Կարմիրը եռանդ է հաղորդում, խթանում երեւակայությունը: Այն կենսունակության, վերարտադրության եւ գոյատեւման ձգտումի խորհրդանիշն է: Պատկերացրեք՝ լողում եք կարմիր ամպերի մեջ, եթե ուժի եւ դիմացկունության կարիք ունեք: Սակայն այս գույնի հետ զգույշ եղեք. ոմանց համար այն նույնացվում է տագնապի, վտանգի հետ: Շատերին նյարդայնացնում է այս գույնը, կարող է անգամ գլխացավ առաջացնել, իսկ ջերմություն ունենալու եւ բորբոքային հիվանդությունների դեպքում՝ նույնիսկ վնասել:
Նարնջագույնը կենսունակության, ուրախության, հրճվանքի, լավատեսության, առույգության եւ զգացմունքայնության խորհրդանիշն է: Մտովի ընկղմվեք նարնջագույնի մեջ, եթե ցանկանում եք գրավել մարդկանց ուշադրությունը, լավացնել անձնական եւ գործնական հարաբերությունները:
Դեղինը խթանում է մտածողությունը, մաքրում մաշկը, արգելակում է լեղախցանումը, իջեցնում բարձրացած թթվայնությունը:
Ցավում է ստամոքսը, իշխում է հոռետեսությունը, ուրեմն օգտագործիր վառ դեղին ու նորից ուրախացիր կյանքով:
Կանաչադարչնագույնը` զինվորականներին բնորոշող այս երանգը, կարգավորում է սրտանոթային համակարգը, բուժում ռիթմախանգարումը, կայունացնում է ճնշումը: Այդ գույնով կարելի է բուժել գլխացավը, սուր վարակիչ հիվանդությունները, տեսողության խանգարումը: Այս գույնը միաժամանակ ունի թարմացնող, հականեխիչ եւ հակաբորբոքային ազդեցություն: Ամրապնդում է մկանները:
Կանաչ գույնը մարմնական եւ հոգեկան ապաքինման, ներդաշնակության եւ կարեկցանքի գույն է: Այս գույնով երեւակայական լոգանքն օգտակար կլինի նրանց, ովքեր զգում են, որ անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ:
Կապույտի բոլոր նրբերանգները օժտված են քնաբերության ազդակներով:
Երկնագույնը կարելի է օգտագործել բորբոքային պրոցեսներում, այդ թվում՝ մրսածության եւ վարակիչ հիվանդությունների դեպքերում: Խորհուրդ է տրվում նաեւ հոդացավի եւ թոքային հիվանդությունների դեպքում: Այդ գույնի բոլոր նրբերանգները բարենպաստ են աչքերի համար: Հետաքրքիր է, որ կապույտ գույնը ունի ախորժակը զսպելու հատկություն:
Կապույտը նաեւ ստեղծագործական գույն է: Եթե ստեղծագործական լուծումներ եք փնտրում, «լողացե՛ք» այս գույնի մեջ:
Մանուշակագույնը կապված է մտածողության հետ, ուստի վարորդական քննություն հանձնելիս կամ դիպլոմային պաշտպանության ժամանակ հարկ է գնալ հենց այդ գույնի կոստյումով: Բուժական նպատակներով մանուշակագույնը հանգստացնում է նյարդերը, այն կարելի է օգտագործել հոգեկան խանգարումների, հոդացավերի, ուղեղի ցնցումների, երիկամային, լեղապարկային ցավերի դեպքերում: Մանուշակագույնը մտքի անսպասելի փայլատակումների գույնն է:
Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր
Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Հոգևոր-մշակութային