ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ…
Գարեգին Նժդեհի փողոցի 56 հասցեն է: Երկհարկանի տան արտաքին պատին ամրացված քարե հուշատախտակն ազդարարում է` Շուշիի հատուկ գնդի փոխհրամանատար, լեգենդար ազատամարտիկ, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան-գրադարանն է: Հրում եմ մոխրագույն երկաթե ծանր դուռը, ու թվում է, թե ոտք եմ դնում անմնացորդ նվիրումի մի տարածք:
Բակում ինձ դիմավորում է ճերմակահեր, բարեհամբույր դեմքով տիկին Զարուհին: Նա 24 տարի առաջ իր տունը թանգարանի է վերածել եւ այժմ բնակվում է հարեւանությամբ կառուցված շինությունում: Վերջին հինգ ամիսներին Զարիկ մայրիկը անձամբ ղեկավարել է թանգարանի վերանորոգման աշխատանքներն ու վերաբացել այն իր հերոս որդու 50-ամյակի օրը: Ասում է` թանգարանի դռները բաց են բոլորի առաջ. «Ես այս թանգարանի ե՛ւ հավաքարարն եմ, ե՛ւ պահակը, ե՛ւ էքսկուրսավարը: Ես ե՛ւ մայր եմ, ե՛ւ Վարդանի գաղափարների հետեւորդը, ե՛ւ ազգային հույսերի ու ձգտումների քարոզիչը: Վարդանը ծնվել, քայլել, մեծացել, դաստիարակվել է տան երկրորդ հարկում,- պատմում է մայրը եւ քայլերն ուղղում դեպի գետնահարկ,- իսկ այստեղ փամփուշտ եմ շարել եւ Վարդանիս ճանապարհել հողը պաշտպանելու»:
ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է
Հետեւում եմ Զարիկ մայրիկին եւ իջնում քարե աստիճաններով: Նկուղային հարկաբաժնի սենյակն այժմ ռազմահայրենասիրական լսարան է, որտեղ հաճախ ռազմագիտության դասեր են անցկացնում աշակերտները, հայրենասիրական ֆիլմեր են դիտում զինվորները: Ընդարձակ, բարեկարգ սենյակի պատերին ցուցապաստառներ ու գեղարվեստորեն ձևավորված ուսուցողական նյութեր են: Պատուհանագոգերին Վարդանի պաշտելի հերոսների` Նժդեհի եւ Անդրանիկի գիպսե քանդակներն են: Լսարանի հիմնական սյունին փակցված են հերոսի լուսանկարները: Դրանցից մեկը հատկապես առանձնանում է. Վարդանի լայն ժպիտից ուղղակի երջանկություն է հորդում: Մայիսի 9-ի կեսօրն է` Շուշիի ազատագրումից անմիջապես հետո: Վարդանին լուսանկարել է «Դրոշակ» պաշտոնաթերթի սփյուռքահայ լրագրողը: Ձեռքումս է «Դրոշակի» այդ համարը, որում նաև մի կարճ հարցազրույց է զետեղված.
-Վարդա՛ն, Շուշիի կռուից առաջ ինչպիսի՞ն էր զինուորների տրամադրութիւնը, եւ ի՞նչ էք զգում այսօր, երբ Շուշին ազատագրուած է:
-Կռուից առաջ աւելի լաւ էր, քան հիմա: Միշտ էլ այդպէս է լինում: Թւում է՝ մի տեսակ դատարկուած ենք…
-Տղաները ինչպէ՞ս էին կռւում:
-Հրաշալի: Յաճախ հրամաններով զսպում էինք նրանց ոգեւորութիւնը, որ անտեղի զոհեր չտայինք: Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ տղաները պատրաստ էին ատամներով հրասայլեր կանգնեցնելու:
-Յաղթանակի հիմնական գաղտնիքը ո՞րն էր:
-Թուրքերի նեարդերը չդիմացան: Մերոնք հոգեբանօրէն արդէն իսկ յաղթել էին նրանց: Այլապէս դժուար թէ Շուշին գրաւէինք: Յարձակումը շատ շեշտակի էր: Սկզբում վիրաւորներին չէին հասցնում հանել կռուի դաշտից, բայց դա մերոնց չէր վհատեցնում, չէր կասեցնում յարձակման թափը:
-Որեւէ այլ բան կը ցանկանայի՞ք ասել:
-Ամէն ինչ լաւ կը լինի:
Դուշման Վարդանի գլխավորած խումբը առաջիններից է ճեղքել թշնամու պաշտպանությունն ու մտել Շուշի: Պատմում են, որ քաղաքը ազատագրելուց հետո երկար ժամանակ Վարդանը չի երևացել: Նրան փնտրել եւ գտել են գերեզմանատանը` շիրմաքարերը գինով ցողելիս. «Ցնծացե՛ք, մեր նախնիներ, Շուշին ազատագրված է»: Ասում են՝ երազել է պատերազմից հետո Շուշիից մինչեւ Ստեփանակերտ եղրևանիներ տնկել, որի ծաղիկները շատ է սիրել… Կայունություն եւ տոկունություն խորհրդանշող այս ծառը այժմ աճ է տալիս թանգարանի երկրորդ հարկի մուտքի մոտ: Իսկ մուտքը հսկում է սպիտակամազ օսմանը. այս անունով շունը Վարդանի հավատարիմ մարտական ընկերն էր:
«ԵՍ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՈՐԴՈՒՍ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՀԱՄԸՆԿՆԵՐ ՄԵԿ ԱՅԼ ՏՈՆԻ ՀԵՏ…»
Տուն-թանգարանի երկրորդ հարկում ենք: Չորս դռներից յուրաքանչյուրի հետեւում Վարդանի մասին պատմող իրեր են, լուսանկարներ, հագուստներ: Զարիկ մայրիկը բացում է երկու սենյակների միջեւ ընկած դուռը: Նեղլիկ սենյակում հերոսի մահճակալն է, նրա բարուրաշորը. «Վարդանը ծնվել է 1966 թվականի մարտի 8-ին: Խիստ ցուրտ օր էր, անգամ հիվանդանոցների կաթսայատան աշխատանքն էր խափանվել: Շտապօգնության մեքենան ինձ տեղափոխեց Մարգարյան հիվանդանոց: Ժամը 10-ին լույս աշխարհ եկավ առաջնեկս: Բժիշկը որպես ծննդյան օր գրանցեց մարտի 9-ը: Ուրախացա. նախկինում մարտի 8-ը բուռն էին տոնում, իսկ ես չէի ուզում, որ որդուս ծննդյան օրը համընկներ մեկ այլ տոնի հետ…»: Զարիկ մայրիկը ձեռքը հպում է կանաչ բարձիկներով ոսկեգույն աթոռին. «Հենց այս աթոռի վրա էի բարուրում Վարդանին»:
ԵՐԱԶԱՆՔԸ
Կողքի սենյակում հերոսի գրապահարանն է` կանոնավոր դարսված գրքեր, զանազան բնույթի հանրագիտարաններ, իր իսկ ձեռքով ձուլված արձանիկներ, թրծած կավե ամաններ, փորագրելու, քանդակելու գործիքներ: Թանգարանի գլխավոր ցուցանմուշներից են նրա պատրաստած փայտե 12 գավաթները. «Որդիս երազում էր այդ գավաթներով հայկական «Ախթամար» կոնյակ խմել Վանա լճի ազատագրված ափերին»:
ՆԱՄԱԿՆԵՐ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ
1983 թվականին փայլուն գնահատականներով դպրոցն ավարտելուց հետո Վարդանը կամավոր ներկայանում է զինկոմիսարիատ և խնդրում իրեն ծառայության ուղարկել Աֆղանստան: Ինչո՞ւ հենց Աֆղանստան: Այն ժամանակ այս հարցի պատասխանը շատերը չէին կարող նույնիսկ կռահել… Այսօր, սակայն, ամեն ինչ այնքան պարզ է. նա հոգով զինվոր էր ծնվել… Վարդանի Աֆղանստանից գրած նամակները, որոնց վրա որպես ծառայության վայր նշվում է՝ «Հունգարիա», ընկերներն էին ուղարկում մորը. ինքը մասնակցում էր մարտական գործողություններին: Նա հասցրել է պատերազմի դաշտից 222 նամակ գրել տնեցիներին, որ չանհանգստանան իր համար: Ձեռքիս է դրանցից մեկը. «Գրում եմ ձեզ Հունգարիայից: Բա, այսպիսի հետաքրքիր բան է բանակը, ամբողջ աշխարհն ես պտտվում: Այստեղ շատ լավ է: Շոգ չէ, ամենաշատը՝ 30 աստիճան: Ամբողջ շրջապատը անտառներ են: Զորամասը գտնվում է տուրբազաների մոտ: Առողջարան էլ կա: Այստեղ առաջին օրը տեղացիները մեզ ձմերուկի մուրաբա հյուրասիրեցին. առաջին անգամ էի ուտում, շատ դուրս եկավ: Ասում են՝ հունգարացիները խաղողի լավ գինի են սարքում, հնարավորության դեպքում՝ դա էլ կփորձեմ ու կգրեմ: Առայժմ ինձ ոչ մի տեղ չեն նշանակել, բայց խոստացել են, որ շտաբում «պիսըր» են նշանակելու: Կերակրում են շատ լավ, ինչ եկել ենք, առայժմ ոչինչ չենք արել, զորամասում նույնիսկ լավ լողավազան կա, բաղնիքը՝ ֆիննական…»:
Երկու տարի օդադեսանտային զորքերի հատուկ նշանակության ջոկատի կազմում ծառայելուց հետո Վարդանը Աֆղանստանից վերադարձավ 1986 թվականին` կոփված եւ պարգեւատրված, այդ թվում` «Արիության համար» մեդալով:
-Աֆղանստանում ստացած պարգեւներից մի քանիսն են մնացել,- մատնացույց անելով մեդալները` պատմում է Զարիկ մայրիկը:- Երբ Մոսկվան սպառնաց Ղարաբաղի համար ոտքի ելած հայ ժողովրդին, Վարդանը պարգեւները տարավ կենտրոնական զինկոմիսարիատ եւ շպրտեց բակում: Այնուհետեւ՝ տրամվայի տակ գցեց, ջարդեց ու լցրեց Գետառը: Մնացածը ես եմ ձեռքից խլել ու փրկել:
ԵՐԲ ՇՆՉԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՐԸ
Պահարանում կողք կողքի Արցախյան պատերազմի լուռ վկաներն են` Վարդանի հեռադիտակը, սաղավարտը, բրդյա մուգ կանաչ հայտնի գլխարկը: Այս իրերը ուղեկցել են հերոսին թե՛ Կոռնիձորի, թե՛ Նոյեմբերյանի ու Իջեւանի կռիվների ժամանակ, թե՛ Տողի, Քարին տակի, Կրկժանի համար մղված մարտերում, թե՛ Լեսնոյի, Մալիբեյլիի, Ղուշչուլարի, Խոջալուի, Շուշիի ազատագրման օրերին, թե՛ Զարիսլու գյուղի ուղղությամբ ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհը պաշտպանելիս եւ թե՛ Լիսագոր ու Բերձոր (Լաչին) հաղթական մուտքի պահերին: «Եթե միայն այս իրերը խոսել իմանային…»,- մտածում եմ, մեկ էլ աչքս առնում է գունավոր լուսանկարին. Վարդանը նույն կանաչ գլխարկով է` հորթուկին գրկած: «Երբ ռազմական գործողությունից հետո Բերձորի մարդասիրական միջանցքը բացվում է, Վարդանը հենց այդտեղ էլ նկատում է մենակ մնացած հորթուկին: Գյուղացիներից մեկը կովը տարել էր, հորթը թողել: Փնտրում, գտնում է գյուղացուն եւ հորթը տալիս` ասելով. «Անաստվա՞ծ ես, մորը տարել, բարուրը թողել ես»,- պատմում է Զարիկ մայրիկը:
ՎԱՐԴԱՆԸ ԵՎ ՉԱՐԵՆՑԸ
Թանգարանի սենյակներից մեկում գրադարանն է: Պահարաններում մոտ տասը հազար կտոր գիրք կա: Գրքերը բազմազան են՝ աստղագիտությունից մինչեւ հողագործություն: Ռազմական հանդեսներ, թերթեր: Գեղարվեստական գրականությանը տեղ ու դադար չկա: Տիկին Զարիկն ասում է, որ Վարդանի շուրթերին սակայն Չարենցի անունն էր, և ամենից շատ նրա բանաստեղծություններն էր սիրում: «Լավ եմ գրել ես, թե վատ-Սրտովդ իմացիր, – Չկա՛ ուրիշ քննադատ: Քո սրտից բացի»,- Չարենցի այս տողերը Վարդանը ուռուցիկ ոսկեգույն տառերով գրել է ցուցանակին եւ փակցրել իր գրամեքենայի վերեւում: Իսկ մեկ այլ անկյունում պատգամել է` «Խոսենք մաքուր հայերեն, որ անաղարտ մնա մայրենին»: Նա նույնիսկ պատերազմի ժամանակ խմբի տղաներից պահանջում էր. «Չլսեմ` ասեք «вешмешок», այս հողում` միայն ուսապարկ»:
Զարիկ մայրիկը հիշում է Վարդանի վերջին խոսքը. «Կանգնեց գրադարանում եւ առաջին անգամ ինձ անունով դիմեց. «Զարի՛կ, դու ուժեղ կին ես, նայի՛ր, այս գրադարանը պետք է ծառայի ազգիս»: Այսօր գրադարանից օգտվում են ե՛ւ դպրոցականները, ե՛ւ ուսանողները:
ՎԱՐԴԱՆԱՆՔ
Վստահ եմ՝ ես առաջինը չեմ, որ թանգարանից հեռանալիս մտածում է. «Վարդանն իսկական հերոս է, ազգային հերոս»: Ժողովուրդը Վարդան Ստեփանյանին հենց որպես ազգային հերոսի էլ ընկալում է: Համաժողովրդական սիրո վկայություններից մեկն էլ թերեւս տարբեր տարիքի տղաների լուսանկարներով սեղանիկն է: Նրանք Հայաստանի եւ Արցախի տարբեր ծագերից են. ի պատիվ հերոսի՝ կրում են Վարդան անունը: Օրերս Ստեփանավանում ծնվել է 21-րդ Վարդանը: Փոքրիկը միակ Վարդանն է, որի հետ հերոսի մայրը դեռ չի հանդիպել: Իսկ Վարդաններից շատերն արդեն պատվով ծառայել են հայոց բանակում, սահման են պահել՝ իրականացնելով Վարդան Ստեփանյանի երազանքը…
Հ. Գ. Նյութի կառուցվածքը թույլ չէր տալիս խոսելու թանգարանի վերանորոգման աշխատանքների մասին, որոնք կնկատի եւ որով կհիանա թանգարանի ամեն այցելու: Ի դեպ, Վարդան Ստեփանյանի մայրը խնդրեց բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Էդգար Զաքարյանին եւ նրա խմբին, ինչն էլ կատարում եմ սիրով:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Արեգ Վարդանյանի
Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում