Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է



ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ ԷԶրույց Կովկասյան-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ

 

-Պարոն Ասատրյան, պետական սահմանների անձեռնմխելիության դրույթը քաղաքական հարթակներում դիտվում է որպես գերակա սկզբունք, սակայն զուգահեռաբար ազգերի և նրանց էթնիկ հայրենիքների կապը` որպես ազգի ինքնորոշման առանցք, նոր պետությունների ստեղծման պատճառ է դառնում: Մենք այսօր խոսելու ենք թալիշների ազգային-ազատագրական պայքարի մասին, բայց կուզեի, որ մեր զրույցն սկսեինք էթնոսի և պատմական հայրենիքի կապի ֆենոմենը վերլուծելով: Ինչո՞ւ պետք է ազգն ապրի իր պատմական հողերի վրա (սա նույնն է, եթե հարցնեմ` ինչո՞ւ պետք է մարդը ապրի իր հայրենիքում) և ունենա իր անկախ պետականությունը:

-Բնիկությունը էթնոսի սկզբնական պատկանելությունն է տարածքին: Բնիկ են կոչվում այն ժողովուրդները, որոնք ձևավորվել են իրենց բնակավայրերի աշխարհագրական արեալում, որն էլ կոչվում է էթնիկական տարածք: Հազարամյակների ընթացքում էթնոսը սերտաճում է իր կենսամիջավայրին, և երկրապատկերը դառնում է ժողովրդի աշխարհընկալման, բարոյական նկարագրի ու բնավորության հենքը: Ազգերի ինքնորոշումը ինքնանպատակ չէ. եթե ազգի զարգացման և ինքնությունը պահպանելու համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, ապա քաղաքական իրավիճակի փոփոխությունը պատճառաբանված ու արդարացված չէ և կարող է նույնիսկ աղետալի հետևանք ունենալ: Բանն այն է, որ ազգային փոքրամասնությունները հաճախ ենթարկվում են զանազան ճնշումների մեծամասնության կողմից, հատկապես` արհեստական պետական կազմավորումներում, երբ նրանց ինքնությանը վտանգ է սպառնում, և գոյապահպանման  խնդիր է առաջանում:

-Ինչպես, օրինակ, Արցախն ու արցախցիները, երբ Ադրբեջանի կազմում էին:

-Ադրբեջանի Հանրապետությունը ասվածի վառ օրինակն է: Հնագույն պատմություն ունեցող մի շարք բնիկ ազգեր` թալիշները, լեզգիները, ավարցիները, թաթերը անկախ իրենց կամքից հայտնվեցին Ադրբեջանի կազմում ու վերածվեցին երկրորդ կարգի քաղաքացիների. ըստ էության, իրենց հողում այդ ժողովուրդները դարձան իրավազուրկ տնվորներ:

-Մի հարցազրույցի ժամանակ Դուք ասացիք, որ Թալիշստանի Հանրապետության ստեղծումը ժամանակի հարց է: Ի՞նչ հիմքեր ունենք այդպես մտածելու:

-Թալիշները 2 միլիոնանոց ժողովուրդ են` Այսրկովկասի չորրորդ խոշոր էթնոսը: Ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների կողմից հետևողականորեն իրագործվող թալիշների թրքացման փորձերի, վերջինները մինչ օրս չեն կորցրել իրենց ազգային դիմագիծը: Նրանք ունեն ազգային պայքարի մեծ փորձ, բանիմաց քաղաքական գործիչներ, ակտիվ ու հայրենասեր մտավորականներ: Թալիշները ներկայումս տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարևոր գործոններից մեկն են: Նրանց ազգային համախմբումը համարյա ավարտուն գործընթաց է: Ազգային ինքնագիտակցության զարթոնքն ու ժողովրդի ազգային կոնսոլիդացիան, ավելորդ հռետորաբանության բացակայությունն ու պրագմատիզմը, իրատեսական ծրագրերը, առարկայական աշխարհայացքը, թալիշ հասարակության ակտիվ մասի հոգևոր-ինտելեկտուալ մակարդակն ու գաղափարախոսությունը թալիշներին շահեկանորեն առանձնացնում է անկախության ձգտող այլ էթնիկ կազմավորումներից: Արդեն 2 հազար տարի թալիշները միասնական էթնոս են, բայց պետականության բացակայությամբ պայմանավորված` նրանց ազգային համախմբումն սկսվել է 18-րդ դարի կեսերից միայն: Էթնիկ ընդհանրությունն ու հայրենիքի ընկալումը, հոգևոր զգացական կապը հայրենիքի հետ և գենետիկ երկարատև հիշողությունը ծնում են յուրահատուկ մտածելակերպ ու վերաբերմունք դեպի պատմական արմատները, ազգակցական հարաբերությունները, մշակույթը, հողը, հայրենիքը: Եթե 10 տարի առաջ թալիշների մասին խոսում էին միայն մասնագետների նեղ շրջանակում, ապա այսօր թալիշները տարածաշրջանի ամենահայտնի էթնոսներից են:

-Կարծում եմ` թալիշները ազգային համախմբման գործընթացի այս կտրուկ զարգացման համար նաև պարտական են Հայաստանին:

-Սա հիմնականում ինքնաբուխ գործընթաց է եղել, սակայն Հայաստանը, ինչ խոսք, իր դերն ունեցել է: Ի վերջո,   թալիշագիտությունն այսօր հենց Հայաստանում է զարգանում, Երևանում են գումարվել թալիշագիտության առաջին միջազգային գիտաժողովները, այստեղից է սնվում, այստեղ է խմորվում թալիշական հասարակական-քաղաքական միտքը:

-Թալիշական սփյուռքը ներգրավվա՞ծ է այս գործընթացներում:

-Թալիշների ամենամեծ սփյուռքը Ռուսաստանում է: Շատ ակտիվ համայնք է և մեծ ոգևորությամբ մասնակցում է թալիշներին վերաբերող միջոցառումներին: Հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մեծ կապ ունի իր պատմական հայրենիքի ու հայրենակիցների հետ: Եվ սա բնական է: Հազարամյակներ իր հողի վրա ապրած ժողովուրդը չի կարող հաշտվել փոքրամասնության կարգավիճակի սահմանափակումների հետ: Ի վերջո, յուրաքանչյուր արհեստական կառույց ենթակա է մասնատման: Իսկ այն, որ Ադրբեջանն  արհեստական պետություն է,  անվիճարկելի է: Ասեմ նաև, որ Ադրբեջանի տրամաբանական մասնատումը օգտակար կլինի հենց այդ արհեստածին պետության «տիտղոսային» ազգի, այսպես կոչված, ադրբեջանցիների համար, որոնք ապրում են ազգային ատելության ու թշնամանքի խորքային դրսևորումների մթնոլորտում: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ, անկախ ազգային պատկանելությունից, պետք է ապրի խաղաղ միջավայրում, լինի պաշտպանված, ազատ, խոսի իր մայրենի լեզվով, պահպանի իր մշակույթն ու ազգային  դիմագիծը, լինի իր հայրենիքի ու ճակատագրի տերը:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


17/03/2016