Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Զինված ուժերում յուրաքանչյուր զորամաս ունի  մարտական խնդիրների կատարման իր մասնաբաժինը: Համազորային, հրետանային, ՀՕՊ, կապի, ինժեներասակրավորային եւ այլ զորամասերը ամեն օր զբաղվում են մարտական պատրաստությամբ, կատարելագործում դաշտային վարժվածության հմտությունները:

Շատ կարեւոր են նաեւ մարտական հերթապահություն իրականացնող համազորային զորամասերը, որոնց հիմնական խնդիրը  իրենց վստահված տեղամասերում մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելն է:

Յուրատեսակ մարտական հերթապահություն է կատարում նաեւ գնդապետ Ա. Բաղդասարյանի հրամանատարությամբ գործող զորամասը, որը 2015 ուսումնական տարվա մարտական պատրաստության արդյունքներով զորատեսակի մեջ ճանաչվել է լավագույնը եւ արժանացել է փոխանցիկ դրոշի:

Զորամասը համալրված է  հրետանային ուսումնական զորամասում սովորած զինվոր-մասնագետներով: Նրանց մասնագիտական ունակությունները մշտապես կատարելագործվում են տարաբնույթ տեսական եւ գործնական պարապմունքների ընթացքում: Զինվորների հետ աշխատող սպաները բարձր որակավորում ունեն, ավարտել են եւ՛ մեր մասնագիտական ուսումնական հաստատությունները, եւ՛ արտերկրի առաջավոր ռազմական բուհերը:

Անձնակազմի ընդհանուր հաջողությունների գործում մեծ է հատկապես հրամանատարի դերակատարումը: Կադրային զինվորական է: Ռազմական ուսումնարան ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ զորքերում: 1992թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Մասնակցել է հայրենիքի սահմանների համար մղված մարտերին: Մասնակցել է տարբեր զորամասերի ստեղծման աշխատանքներին, անցել ծառայողական հարուստ ուղի: Ոսկե մեդալով ավարտել է ռազմական ակադեմիան: Պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ աստիճանի մեդալներով:

Գնդապետ Բաղդասարյանը զորամասի հաջողության մասին խոսում է հպարտությամբ, առանց ավելորդ վերամբարձության. ձեռքբերումներ գրանցելը հեշտ է, շատ ավելի դժվար է անձնակազմի պատրաստության բարձր նշաձողը պահելը:  Այդ նպատակով էլ անձնակազմի հետ ամենօրյա լարված աշխատանք է իրականացվում, պարզաբանվում է արդիական սպառազինությանը գերազանց տիրապետելու նշանակությունը: Հաճախ գնդապետ Բաղդասարյանը ենթականերին պատմում է վերջին տարիներին իր հաղթահարած խնդիրների մասին: Այն խնդիրների, որոնց միջոցով լրացուցիչ փորձ է ձեռք բերել եւ առկա թերությունների վերացման աշխատանքները ավելի հեշտությամբ կատարել:

Հրամանատարը խիստ է, դրանում համոզվեցի, երբ միասին շրջեցինք զորամասում: Նա հետեւում էր պարապմունքների ընթացքին, անձնակազմին տալիս էր հստակ եւ մատչելի ցուցումներ ու հրահանգներ մասնագիտական տարբեր հարցերի շուրջ:

♦♦♦

Զորամասի տարածքում հետեւեցինք նաեւ մասնագիտական պարապմունքների ընթացքին: Ամենուրեք նկատելի էր զինվորական կարգ ու կանոնը, առկա էին դաստիարակչական եւ հայրենասիրական թեմատիկայով դիդակտիկ նյութերը:

Շարահրապարակում շարային պատրաստություն էին անցնում մայոր Տ. Գրիգորյանի ղեկավարած դիվիզիոնի զինծառայողները: Երիտասարդ գրագետ, բանիմաց սպա է, իր գործին գերազանց է տիրապետում՝ դիվիզիոնի հրամանատարին այսպես գնահատեց զորամասի հրամանատարը: Նաեւ հավելեց, որ մայոր Գրիգորյանը բազմիցս մասնակցել է մասնագիտական վարժանքների, ապացուցել իր բարձր կարգը: Զորավարժությունների ժամանակ նաեւ մարտական կրակ է վարել:

-Ուսումնական տարվա մեկնարկին զորամասը եռօրյա մարտավարաշարային պարապմունքներից հետո անցկացրել է մի շարք միջոցառումներ՝ ստուգելով զինծառայողների համատեղ գործողությունները մարտական տագնապի ժամանակ: Ապա սկսվել են ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքները: Մասնագիտական պարապմունքները հիմնականում գործնական են, անցկացվում են դաշտային պայմաններում: Առաջիկայում դիվիզիոնի անձնակազմը մասնակցելու է դաշտային ելքի, որի ժամանակ էլ կստուգվի յուրաքանչյուր զինծառայողի ստացած գիտելիքների մակարդակը,-նշեց մայոր Գրիգորյանը: Լսարանային պայմաններում դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Արտակ Սրապյանն  անցկացնում էր տեխնիկական պատրաստության պարապմունք, որին հաջորդում էր կրակի կառավարման գործնական վարժանքը: Անձնակազմը ներդաշնակ եւ ճշգրտությամբ կարողացավ կատարել չափորոշիչներով սահմանված յուրաքանչյուր միջոցառում՝ արդիական սպառազինությունը մարտական կիրառման պատրաստ վիճակի բերելու համար:

Պարապմունքների ժամանակ իր գիտելիքներով աչքի ընկավ կապավոր, ՀՇՄ պետ, շարքային Խաչատուր Հոխանյանը: Նա ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորամասերի միջեւ անցկացված մրցույթում լավագույն կապավոր է ճանաչվել, պարգեւատրվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

Դիվիզիոնի լավագույն զինծառայողներից են կրտսեր սերժանտներ Նաիրի Ճաղարյանը եւ Վահե Ավագյանը: Երկուսն էլ գերազանց պատրաստված, բազմակողմանի զարգացած զինվորներ են: Նաիրին ավարտել է ԵՊՀ-ը, ընդունվել մագիստրատուրա եւ զորակոչվել բանակ: 2015թ. դեկտեմբերին անցկացված «Հայ ասպետ» համաբանակային մրցույթին տվյալ զորամասը զինված ուժերում զբաղեցրել է   պատվավոր առաջին տեղը: Թիմի կազմում է եղել նաեւ Ճաղարյանը եւ ակտիվ մասնակցության համար պարգեւատրվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով:  Վահեն ավարտել է Տնտեսագիտության համալսարանը: Առավելապես հայ ժողովրդի պատմության, քաղաքական եւ իրավական տեղեկատվության հարցերի շուրջ նախասիրություններ ունեցող զինվորը զորամասի հրամանատարի հրամանով ճանաչվել է ամսվա «Լավագույն զինծառայող» եւ խրախուսվել է հնգօրյա արձակուրդով:

Զրուցակիցներս գոհ էին զորամասի պայմաններից, սպայական կազմի հոգատար վերաբերմունքից: Վստահ պատասխանում էին իրենց զինվորական մասնագիտություններին վերաբերող հարցերին: Նրանք գիտակցում են իրենց մասնագիտության կարեւորությունը եւ ջանք չեն խնայում ամրակցված զինտեխնիկայի առանձնահատկություններին առավել խորությամբ տիրապետելու համար:

 

Աշոտ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ռազմական համալսարանի

4-րդ կուրսի կուրսանտ

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/03/2016