Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍՆ Է



ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍՆ ԷՔանիցս առիթ եմ ունեցել համացանցում դիտելու 32-ամյա նկարիչ Ավետիք Հարությունյանի կտավները` մեղմ, գրեթե թափանցիկ գույներով, երազային յասամանագույնի և ջինջ կապույտի ներդաշնակ համադրությամբ բնապատկերները թրթռուն լույս ու խաղաղություն են սփռում: Սակայն նկարչի հետ հարցազրույց անելու միտքը ծնվեց, երբ նրա ինքնակենսագրությունը կարդալիս իմացա, որ նկարիչը պարտադիր զինվորական ծառայության ժամանակ կատարել է մարտական հերթապահություն և բանակը համարում է իր «կյանքի ամենակարևոր հանգրվանն ու երջանկության աղբյուրը»:

 

-Ավետի՛ք, եթե Դուք զինվորական լինեիք, ես կհասկանայի, թե ինչու է զինվորական ծառայության ժամանակահատվածը այդչափ կարևոր Ձեզ համար: Բայց Դուք նկարիչ եք, իսկ արվեստագետները (գոնե նրանց մի մասը) դժվարությամբ են համակերպվում բանակային կարգուկանոնին, ռեժիմին, համահավասարեցմանը: Եվ շատ կուզենայի իմանալ, թե ինչպես է բանակը երջանկացրել Ձեզ:

-Գիտեք, ես մի քիչ տարբերվում եմ «զտարյուն» արվեստագետներից, որոնք ծնվել են մտավորականների ընտանիքում ու արյամբ ժառանգել են ինչ-ինչ ազնվական հատկանիշներ` ստեղծագործական յուրահատուկ խառնվածք, ազատության ձգտում, փափկասրտություն…

-Չեմ կարողանում հասկանալ` հեգնանքո՞վ եք խոսում, թե՞ լուրջ…

-Ես բանվորի տղա եմ: Մանկուց սովոր եմ ծանր գործերի: Նկարչական կրթությանը զուգահեռ ըմբշամարտ եմ պարապել: Ինձ ծնված օրվանից սովորեցրել են, որ տղամարդը պիտի պաշտպանի կանանց ու թույլերին: Որ հայրենիքը պաշտպանելու պարտքը վեր է բոլոր հաճույքներից, նախասիրություններից ու պարտականություններից:

-Ո՞վ է սովորեցրել:

-Կոթեցի Ավետիք պապս:

-Ա՜խ, Դուք կոթեցի եք, իսկ իմ արմատները Կոթիի հարևան գյուղում են` Բարեկամավանում: Միայն թե, չեմ հասկանում, այդ դեպքում ինչո՞ւ է Ձեր «Մեր երկիրը» վերնագրով կտավում պատկերված Արարատյան դաշտավայրն ու Արարատը` մայրամուտի գույներով ողողված: Կոթեցիները չե՞ն նեղանա, որ իրենց լեռներն ու անտառները պատկերելու փոխարեն երկրի պատկերը Արարատյան դաշտավայրով եք խորհրդանշում:

-Կարծում եմ` չեն նեղանա, որովհետև Արարատը մեր կորուստների ու հավերժության, մեր պատմության ու ապագայի խորհրդանիշն է: Զինվորական ծառայությունն ինձ համար կրկնակի կարևոր է, քանի որ ապրելով Դիլիջանում` ինձ պատահական ընտրությամբ բաժին ընկավ պաշտպանելու պապերիս երկրի` Նոյեմբերյանի սահմանը:

-Եվ դա Ձեզ երջանկացրե՞ց, ինչպես գրել էիք Ձեր ինքնակենսագրության մեջ:

-Ո՛չ: Ինձ երջանկացրեց այն, որ զինվորական ծառայության ժամանակ ծանոթացա Կողբում բնակվող մի աղջկա հետ, որը նույնպես նկարիչ է: Եվ այսօր նա իմ երեք երեխաների մայրն է:

-Իրոք, բանակը արտասովոր դերակատարում է ունեցել Ձեր կյանքում:

-Բանակը իմ վրձնահարվածները դարձրեց վստահ, իմ գույները՝ ամուր, ասելիքս` հստակ…

-Կոթեցի Ավետիք պապի թեման, մի տեսակ, կիսատ մնաց. ոնց որ կտավին մի քանի հուժկու, խոստումնալից վրձնահարված անես ու …չշարունակես:

-Ավետիք պապս նման էր առասպելից, էպոսից իջած իմաստուն ծերունու, որը մի հայացքով կարդում էր հոգիդ: Որն ուներ բոլոր խրթին հարցերի ամենապարզ ու ամենաճիշտ  պատասխանները: Ավետիք պապս նման է հողի, հնամենի վանքի, հայրենական տան, ժայռի, անձեռակերտ աղբյուրի, հազարամյա կաղնու…

-Այսպես միայն նկարիչը կնկարագրեր իր պապին, ժայռ, կաղնի, տուն, վանք… Դուք, կարելի է ասել, դեռ պատանեկան տարիքից խոստումնալից ու հաջողակ նկարիչ եք եղել: Մասնակցել եք բազմաթիվ մրցույթների, այդ թվում` նաև միջազգային, շահել եք մրցանակներ, ցուցադրվել եք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Եվ այսօր ուզում եմ անդրադառնալ Ձեր մի քանի նկարներին ու վերծանել դրանց գաղափարախոսությունը, սիմվոլների բովանդակությունը: Եղեռնի տարելիցին նվիրված Ձեր «Անուրեքներ» վերնագրով նկարում պատկերված է մայրը` որդին գրկին, ոտքերի տակ կարմիր կակաչներ, Աղթամար կղզին… Ինձ հետաքրքիր է` ո՞րն է երիտասարդ նկարչի ասելիքը եղեռնի մասին:

-Աղթամարը, բարձրում պատկերված Մասիսն ու որդուն գրկած մայրը մեր ազգային վերածննդի ու հավերժության խորհրդանիշներն են: Կարմիր կակաչները մեր զոհերն են ու մեր մշտարթուն վրեժը: Եղեռնը ցավագին հիշողություն է, որը բազմապատկելու է մեր կենսունակությունն ու հառնելու կամքը:

-Իսկ ինչո՞ւ է Ձեր «Անդրանիկը» տխուր… ու բարկացած լինի ասես: Ինչո՞ւ է նա նստել քարերի մեջ ու սուրն էլ դրել կողքին: Ի դեպ, կարմիր մայրամուտը, կարմիր սարերը, ծիրանագույն ծաղիկները բնապատկերին եռագույն դրոշի տեսք են տվել: Պատահականությո՞ւն է, թե՞ միտումնավոր եք ընտրել այս գույները:

-Այո՛, Անդրանիկը մեր դրոշի գույներով ներկված բնապատկերի ֆոնին է: Նրա սուրը հիշեցում է, որ մենք դեռ չենք հասել սուրը պատյանում պահելու հանգրվանին: Քարերը խորհրդանշում են մեր անցնելիք դժվար ճանապարհը: Իսկ Անդրանիկն, իրոք, բարկացած է, որովհետև մենք թուլանում ենք ու մոռանում պատմական պահի կարևորությունը: Գուցե սա մեր վերջին հնարավորությունն է հզոր ու անպարտելի հայրենիք կառուցելու…

-Ի՞նչ է նշանակում հայրենիք կառուցել:

-Ինձ չմեղադրեք անհամեստության մեջ, նշանակում է` թողնել փող աշխատելու հրաշալի հնարավորությունը Սանկտ Պետերբուրգում, վերադառնալ Դիլիջան՝ ունենալով նկարչական  ակադեմիական կրթություն, ժառանգել կոթեցի հյուսն Առաքել պապիս արհեստը, փայտ տաշել, կահույք պատրաստել ու երկու որդի` ապագա զինվոր, ու մեկ դուստր մեծացնել:

-Նաև հրաշալի կտավներով հայրենի բնակավայրերի հանդեպ անսահման սիրո մասին պատմել աշխարհին:

-Եթե նկատել եք` ես հաճախ եմ տուն նկարում: Տունը բնակարան չէ, կացարան չէ, հյուրանոց չէ, օտար երկրում վարձով բնակարան չէ: Տունը հիշողություն է, պատմություն, հարազատներիդ սիրով, ջերմությամբ, գույներով ներծծված… ու հենց դրանով անսահման ամուր ու թանկ:

-Գիտեք, հիշեցի, որ Դուք մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ արժանացել եք «Ապագայի հույս» տիտղոսին:

-Մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր հայ մեր ապագայի հույսն է: Ես շատ հեռու եմ բարձրագոչ բառերից (իմ կտավները` նույնպես): Ես հողին կպած մարդ եմ, մեր բնապատկերի մի փոքրիկ երանգն եմ, գիծը, փոքրիկ, բայց նշանակալի: Իսկ բնապատկերը ամբողջանում է միլիոնավոր փոքրիկ գծերի ու գույների համադրությունից:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Հոգևոր-մշակութային


23/03/2016