ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջանակում մարտի 16-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում տեղադրվեց Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Խաչքարը թվագրվում է 1598 թվականով: Հիշեցնենք, որ 2010թ. «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչագործությունը» ՀՀ-ի հայտն ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:
♦♦♦
«Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը և «Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը» (EiBi) հայտարարել են, որ «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված հուշարձանների ցանկում» ընդգրկվել են Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը (Հայաստան):
«Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է, որի հիմնական նպատակն է պահպանել ու խթանել մշակութային և բնական ժառանգությունը:
♦♦♦
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի Love Wave երգի տեսահոլովակը YouTube-ում արդեն 1 միլիոնից ավելի դիտում ունի:
Այս տարի Եվրատեսիլին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի կարգախոսն է «Միավորվենք» («Come together»):
♦♦♦
1962թ. հայ երաժշտահան Արամ Խաչատրյանը համերգներով հանդես է գալիս Եգիպտոսում: Մեծանուն հայի տաղանդը բարձր է գնահատում անձամբ Եգիպտոսի նախագահ Նասերը` նրան պարգևատրելով արվեստի առաջին կարգի շքանշանով: Աննախադեպ իրողություն. որևէ օտարազգի Եգիպտոսում երբևէ չի պարգևատրվել այդ մեդալով:
Մաշհադի հայկական եկեղեցին և գերեզմանատունը գրանցվել են Իրանի պատմամշակութային արժեքների ցանկում: Իրանի պատմամշակութային կոթողների վերականգնման և պահպանման տեսչությունը հայտարարել է, որ քրիստոնեական գերեզմանատունը և եկեղեցին գրանցվել են Խորասանե Ռազավի նահանգի պատմամշակութային կոթողների ցանկում, որպեսզի կանխվի դրա դեմ հնարավոր ոտնձգությունը կամ ավերման փորձը:
♦♦♦
BBC-ն անդրադարձել է հնագույն հայոց մայրաքաղաք Անիին` ներկայացնելով քաղաքի հայտնի եկեղեցիներից մի քանիսը: Երբեմնի ծաղկուն Անին, որ ժամանակին մշակութային կենտրոն էր տարածաշրջանում և ուներ 100000-ից ավելի բնակիչ, քաղաք էր բազմաթիվ տներով, արհեստանոցներով և հատկապես եկեղեցիներով, որոնց շնորհիվ այն հռչակվել էր որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», իսկ այժմ լքված մի վայր է:
♦♦♦
ՅՈւՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել աշխարհով մեկ:
♦♦♦
Իտալիայի Պադուա քաղաքում կընթանա բարեգործական տոնավաճառ` հօգուտ Աշոցքի: Տոնավաճառը, որին ներկայացված են լինելու գրքեր և հուշանվերներ, տեղի կունենա Casa di Cristallo գրական միությունում, որը ղեկավարում է ծագումով հայ գրող Անտոնիա Արսլանը: Նա հայտնի է նաև «Արտույտների ագարակը» գրքով:
♦♦♦
Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի, Բաղդադի Հայ երկսեռ երիտասարդաց միության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկումների հանձնախմբի համագործակցությամբ տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» արաբերեն գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակները արաբ են՝ Ալաը ալ Շերիֆն և Ֆիքրեթ ալ Բաղտատին:
Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Հոգևոր-մշակութային