ՀՈԳՈՒՑ ԾՆՎԱԾ ԵՐԳԵՐ
Անժել Ջրաբերդցին (Անժելա Նանագուլյան) չորս գրքերի հեղինակ է, որոնց վերնագրերն արդեն իսկ խոսուն են` «Վիրավոր սիրտ», «Բեկված ճակատագրեր», «Ձայն ոգու» եւ «Կյանքի հրավեր», քանի որ հեղինակը պատմում է Արցախյան պատերազմի՝ մեր ժողովրդին բաժին հասած դժվարությունների, կյանքի գնով ձեռք բերված հաղթանակների ու ազատ ապրելու անկոտրում կամքի մասին: Նա եղել է այդ ամենի մասնակիցը` ականատեսն ու վկան:
Եվ ահա ընթերցողի սեղանին է հայուհու «Հառաչ» վերնագրով երգարանը, որում զետեղված է 30 երգ: Գրքի խմբագիրը աշուղ Ոսկեհուրն է, որը գրքի ներածականում գրում է. «Ծնունդով արցախցի Անժել Ջրաբերդցին աշուղական արվեստում անում է իր առաջին քայլերը: Նրան մասնագիտության բերումով հանդիպեցի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, որտեղ արդեն 4 գրքի հեղինակի համար բացահայտվեց մի նոր աշխարհ` սովորեց եւ յուրացրեց աշուղական արվեստի յուրահատկությունները: Այժմ նա ունի աշուղական տաղաչափությամբ գրված ավելի քան 30 երգեր, որոնք եւ սիրով հանձնում ենք երաժշտասեր հանրության դատին»:
Լսելով Անժել Ջրաբերդցու կատարումները՝ մտովի պատկերացնում ես, թե ինչ հոգեկան ապրումներից են ծնվել այդ երգերը:
-1993-ին՝ Մաղավուզի դիրքերում հանպատրաստից ծնվեց «Ապրում եմ, բայց ես կյանք չունեմ» երգը, որը շուտով սկսեցին երգել ազատամարտիկները: Այսպես տարածվեց երգը, ու հեղինակն էլ «մոռացվեց», որովհետեւ մինչեւ հրադադար ես էլ ոչ մի տող չգրեցի: 1995-ին ծնողներիս, որդուս հետ հաստատվեցինք Մարտակերտի շրջանի Ականաբերդ գյուղում: Ով եղել է այդ գյուղում՝ ինձ լավ կհասկանա, թե ինչ է բնությունը, բնության հրաշքը, որը դարձավ ինձ համար ներշնչանքի աղբյուր: Զարմանալիորեն իմ բոլոր երգերը ծնվում էին երաժշտության հետ: Առաջին երգս` «Երկու բարդի», Ստեփանակերտում ներկայացրի տաղանդավոր մանկագիր, երգահան Գուրգեն Գաբրիելյանին: Երգը նվիրված է եղբայրներիս` Արմոյի եւ Արամի հիշատակին, որոնք զոհվեցին Արցախ աշխարհի լուսավոր ապագայի համար.
Ինչպես երկու հսկա բարդի
Ժայռից ընկան, ա՜խ, շանթահար
Մի օջախի երկու որդի`
Կյանքին խորը դեռ սիրահար…
Արտասուքը սրբելով՝ նա ասաց. «Աղջի՛կ ջան, երգի ոճը հայկական է, ժողովրդական: Այս երգի ծնունդը վկայում է, որ քո հոգում սկսվում է ստեղծագործական մի նոր շրջան»:
Ծնվում են նորանոր երգեր, որոնցից Ստեփանակերտի մրցույթ-փառատոնին ներկայացված «Շուշի» երգը գրավեց մրցանակային 3-րդ տեղը:
Հայոց ոգու տաճարն
էիր դու, Շուշի:
Քո հոգեւոր լույսն էր
մարել երկնքում,
Հայրենի հին օրերը ծոցում հուշի
Այրվում էիր քո քարակերտ ամրոցում:
…Բացվեց օրը, հնչեց զանգը հայերեն,
Փողոցներդ մանկանց ժպիտ ճիչեր են,
Ղազանչեցոց տան հոգեւոր լույսեր են,
Մեր նո՛ր Շուշի ծաղկիր հայոց օջախում:
Գալով Երեւան՝ Անժել Ջրաբերդցին իր երգերը ներկայացնում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, որը նույնպես գովեստի խոսքեր է ասում եւ մասնագիտական իր խորհուրդներով ճանապարհ բացում Անժելի առջեւ: Եվ այսպես` մեր դարավոր աշուղական դպրոց է մուտք գործում Անժել Ջրաբերդցին՝ հայրենասիրության, մայրության, ծննդավայրին նվիրված իր անկրկնելի երգերով:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Հոգևոր-մշակութային