ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԽԱՉԻԿՑԻ ԵՆՔ
Հեռվից լսվում է «Ուրալի» ձայնը, որ ազդարարում է սպասված մի իրադարձության սկիզբը. նորակոչիկներն են գալիս` գումարտակի նոր զինծառայողներն ու գյուղի առաջիկա երկու տարիների «բնակիչները»:
Հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտու անվտանգությունն ապահովող զորամասերից մեկն իր առանձնահատկությունն ունի. այստեղ ծառայում են ոչ միայն ժամկետային զինվորները, այլեւ գյուղի բնակիչները: Գյուղում հազվադեպ կհանդիպես քաղաքացիական հագուստով մարդկանց. փոքրից մինչեւ մեծ համազգեստ են կրում, տիրապետում են զենքին, ճանաչում են հակառակորդին եւ լավ գիտեն նրա «բնավորությունը»: Սահմանը, գյուղը պահելու հերթը հիմա արդեն նորեկներինն է: Նրանք ծառայության երկու տարիները կանցկացնեն ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա, գյուղացիների ջերմ վերաբերմունքով պարուրված եւ հրամանատարների խիստ հսկողության տակ: Այս օրվան՝ նորակոչիկներին դիմավորելուն, լավ են պատրաստվել բոլորը՝ թե՛ հրամանատարը, թե՛ խաչիկցիները:
Մեքենայի մուտքն ու հեռախոսազանգերի ծլնգոցը մեկ եղան: Ստորաբաժանման հրամանատարն ու տեղակալները առաջինն են դիմավորում նորեկներին: Հերթով ու մեկ-մեկ զրուցում, ծանոթանում են: Ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Վ. Սարգսյանը լավ գիտե զինվորի հոգեբանության բոլոր նրբությունները: Բացի զրուցելուց, նաեւ զանգահարում է ծնողներին ու շնորհակալություն հայտնում, որ լավ զավակներ են կրթել, դաստիարակել ու ծառայության ուղարկել:
Շտաբի պետն էլ ամբողջ թղթաբանությունը իր ուսերին է վերցրել: Ներկայացնում ու բացատրում է ամեն մանրուք. «Չէ՞ որ կողք կողքի ենք ապրելու ու ծառայելու՝ իրար հետ: Մեր մեջքին գյուղացին է, իսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ հակառակորդը: Պետք է միմյանց լավ ճանաչենք»: Մայոր Ցոլակյանի աշխատանքի մեթոդները վաղուց հղկված են ու փորձված. «Սկզբում կծանոթացնենք ծառայությանը, որն արդեն սկսել ենք, հետո կանցնենք զինվորական դաստիարակության եւ կրթության գործին»:
Տեղակալ, մայոր Դավթյանը ժամանակ չի կորցնում: Նա արդեն որոշել է` ում ինչ զենք է կցելու: Ըստ նրա՝ սահմանների ամրությունն ու ապահովությունը ոչ միայն ոգու խիզախությունից է կախված, այլեւ սարքին ու լավ խնամված զենքից: Իսկ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Պետրոսյանը՝ որպես փորձառու զինվորական, բացատրում է. «Խաչիկի գումարտակ պատահական չեն գալիս ծառայության. սա հոգեպես եւ ֆիզիկապես ուժեղների տեղն է…»:
Այստեղ է նաեւ գյուղի միակ սքեմավորը եւ բոլորիս ուրախությունը՝ Արսեն սարկավագը: Նա էլ է վերջերս զինվորականի համազգեստ ստացել հենակետ այցելությունների համար: Նա բոլորին Հայ Առաքելական եկեղեցու զավակներ է համարում եւ կարծում է, որ ինքն այստեղ սովորեցնելու ու դաստիարակելու շատ գործ ունի:
Մինչ այս, մինչ այն, հասնում է ճաշի ժամը: Մայոր Պետոյանն անձամբ է ճաշարան ուղեկցում նորակոչիկներին: Նախքան խոհարարի եփած ուտեստները ճաշակելը, նա ներկայացնում է մեր զորամասի սովորույթը, որն արդեն ավանդույթ է դարձել: Նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից առաջ մենք աղոթում ենք եւ շնորհակալություն հայտնում Աստծուն՝ մեզ տրված բարիքների եւ խաղաղ օրվա համար:
Ամռանը զինվորները մրգի պակաս չեն ունենում: Գյուղացիների այգիների տանձը, խնձորը եւ խաղողը իսկական ոգեւորություն է պատճառում բոլորին: Իսկ Խաչիկի միակ գործող եկեղեցու միակ մոմավաճառը` տիկին Գայանեն, ուրախ է. եկեղեցում մոմ վառողների, Աստծուն աղոթողների եւ շնորհակալություն հայտնողների պակաս չի լինի: Ամեն կիրակի պարոն Նորիկի (մականունը` Տուշ) ձեռքով մինչեւ սահման հասնող եկեղեցու զանգի ղողանջներից թե՛ գյուղացին, թե՛ զինվորականը եւ թե՛ երկրապահը խաչակնքում, հավաքվում են աղոթքի ու մասնակցում սուրբ պատարագին:
Սահմանամերձ այս գյուղը իսկական հենակետ է: Այստեղ ապրողն ու ծառայողը իրենց գյուղի հիմնասյունն են համարում: Այդպես էլ կա:
Դպրոցի պատմության ուսուցչուհի Սիրան Հարությունյանը սիրում է կրկնել. «Անունը պատահական չէ, ուրեմն մարդիկ էլ այստեղ պատահական չեն: Սա մի տեսակ ինչ-որ բան պահանջող ու պարտավորեցնող գյուղ է»:
-Գյուղն էլ, գյուղի բարիքներն էլ նրա պաշտպանինն են՝ զինվորինը,- այս խոսքերն արդեն գյուղապետ Վ. Ներսիսյանինն են: Եվ այս մտքի հետ չես կարող չհամաձայնել:
Վիտալի Գրիգորյան
շարքային
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ազգային բանակ