Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԳՈՒՆ ՏՈՒՆԸ



2012 թվականին առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ականի պայթյունից զոհվեց գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վարդան Վարդանյանը: ՀՀ նախագահի հրամանագրով Վարդան Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

 

ԿԱՆԳՈՒՆ ՏՈՒՆԸ…Զորամասում եմ: Այստեղ է ծառայել մայոր Վարդան Վարդանյանը: Գումարտակը զբաղված է օրվա կարգացուցակով նախատեսված խնդիրներով: Պայմանագրային գումարտակի հրամանատարի տեղակալին այստեղ շատերն են ճանաչում ու հիշում: Ոմանք էլ ուս ուսի ծառայել են նրա հետ: Թեև չորս տարին շատ ժամանակ չէ, բայց բավական է շատ մանրամասներ մտահան անելու, շատ ապրումներ ու հույզեր մոռացության տալու համար: Սակայն Վարդանի զինակից ընկերների հետ զրույցը անմիջապես ցրում է իմ այս մտահոգությունը: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահան Ստեփանյանը առաջ է ընկնում ինձնից՝ առաջարկելով գնալ Վարդանենց տուն:

Իսկ մայոր Լեռնիկ Օհանյանը, որը կողք կողքի ծառայել է Վարդանի հետ, միանում է խոսակցությանը. «Վարդանից  շատ բան եմ սովորել` ինչպես մարտական հերթապահություն  իրականացնել, մարտական դիրքեր պատրաստել, ինժեներական-ամրաշինական աշխատանքներ կատարել… Օր չկա, որ նրան չհիշեմ՝ ամեն ինչ իմ ծառայության մեջ նրան է հիշեցնում: Եվ ամեն օր իմ ծառայական պարտականությունները կատարելիս մտքումս շնորհակալություն եմ ասում նրան՝ տված դասերի համար»:

…Մեքենան կանգնում է երկհարկանի տան դիմաց: Երբ բակ ենք մտնում, մեզ ընդառաջ է գալիս ալեխառն մազերով մի կին՝ ձեռքերը ամոթխածորեն գոգնոցի տակ թաքցրած.

– Կներեք, ձեռքերս ալյուրոտ են, հաց եմ թխում, համեցեք տուն, ես հիմա կգամ…

Տղաները հասկացնում են՝ Վարդան Վարդանյանի այրին է: Իսկ ես մտածում եմ. «Այս անդարման վշտի տեր կինը ներողություն է խնդրում մի բանի համար, որից առավել գնահատելի թերևս շատ քիչ բան կա աշխարհում՝ ալյուրոտ ձեռքեր…»:

Ներս ենք մտնում: Տան աջ անկյունում, փոքրիկ պահարանին, Վարդանի լուսանկարն ու մեդալներն են: 1988 թվականին մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, հայրենի սահմանների պաշտպանությանը, Բերձորի ազատագրմանը: Բանակաշինությանն է մասնակցել և իրեն ամբողջովին նվիրել բանակին:

ԿԱՆԳՈՒՆ ՏՈՒՆԸ-Ոնց որ երեկ եղած լիներ: Հիմա էլ շատ դժվար է խոսելը: Չորս երեխա ենք միասին մեծացրել` երեք տղա ու մեկ աղջիկ: Դժվարությամբ ենք մեծացրել: Բայց մեր կյանքից չենք դժգոհել: Լավ ընտանիք ենք եղել, լավ երեխաներ ենք դաստիարակել: Ավագ որդիս` Արամը, ծառայել է հատուկ նշանակության զորամասերից մեկում ու հիմա բժշկական համալսարանում ուսանող է: Միակ դուստրս՝ Հրածինը, ավարտել է ԵՊՀ-ն ու հիմա սփյուռքագիտության բաժնի ասպիրանտ է: Ամրամն ու Արմանն էլ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի առաջին կուրսում են սովորում: Ահա մեր ամբողջ հարստությունը,- ասաց տիկին Լարիսան ու մոտեցավ ամուսնու լուսանկարով սեղանիկին:

Եվ ես չիմացա, թե հարստություն ասելով՝ ինչ նկատի ուներ այրին՝ իր զավակների՞ն, ամուսնու մարտական մեդալնե՞րը, թե՞ երկուսը միասին:

-Սրանք ամուսնուս պարգևներն են: Իսկ այս մյուսները՝ երկվորյակ որդիներիս` Ամրամի և Արմանի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններն ու մարտական բարձր ցուցանիշների, օրինակելի կարգապահության համար զորամիավորման հրամանատարի կողմից ստացած պատվոգրերը:

Տիկին Լարիսան չի պատմում իր վշտի, իր անցկացրած դժվար օրերի ու ապրուստի մասին: Նա հպարտությամբ իր վիշտը կրում է ներսում: Այդ մասին գյուղում բոլորը գիտեն և տիկին Լարիսային սիրում ու հարգում են հայ կնոջը պատիվ բերող այդ հպարտ պահվածքի համար:

Վարդանյանների տանը հրաժեշտ եմ տալիս՝ իմ տեսածով ու լսածով հպարտ. տունը կանգուն է:  Ահա զոհված սպայի ամենամեծ ձեռքբերումը: Երբ արդեն բակում էինք, Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ,  Տեր Արամ քահանա Միրզոյանը՝ դիմելով Վարդանի այրուն, ասաց.

-Այսօրվա անկախությունը, ազատությունը, խաղաղությունը, որ մենք ունենք,  մեծ գին էին պահանջում, և այդ գինը մեր պաշտպանի արյունն է, որ շաղախվել է մայր հողին: Այսօրվա համար մեր ժողովուրդը շատ թանկ է վճարել: Տիկին Լարիսա, դուք ձեզ համար ամենաթանկն եք տվել այսօրվա համար, մեզ համար: Ավետարանական ճշմարտություն է, որ ավելի մեծ սեր չկա, քան այն, որ մեկը պատրաստ է իր անձը զոհաբերել իր բարեկամների համար: Ձեր ամուսնու` Վարդանի նմանները մեծագույն սիրով օժտված մարդիկ են, որ իրենց կյանքը զոհաբերեցին բոլորիս ազատության ու մեր երկրի անկախության համար:

Հայ առաքելական եկեղեցու քահանայի ճշմարիտ ու ջերմ խոսքերը զոհված հերոսի՝ Վարդան Վարդանյանի ընտանիքին հրաժեշտ տալու լավագույն վերջաբանն էին:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


23/03/2016