Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԵՓՈՐԱՀԱՐԸ



ՇԵՓՈՐԱՀԱՐԸՇարքային Վահան Վանյանը ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է շնորհակալագրի:

Օրերս Վահանն արձակուրդ էր եկել, նրա հետ ծանոթացա դպրոցում, որտեղ հայրենասիրական միջոցառում էր կազմակերպվել, հրավիրել էին մասնակցելու նաև իրենց ծառայող շրջանավարտներին:

-Փոքր տարիքում ինձ գրավում էր պատմություն առարկան, բայց ավելի բարձր դասարաններում մաթեմատիկան ու ֆիզիկան հրապուրեցին: Ընդունվեցի Երևանի պոլիտեխնիկական համալսարան: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվեցի բանակ: Հազար բան էի լսել բանակի մասին, բայց հասկացա, որ ամեն մարդ իր ընկալումների առանցքում է դատում բանակի մասին, այսինքն` ինչքան մարդ, այնքան էլ դատողություններ:

Զինվորական կյանքի դժվարությունները հեշտ հաղթահարեցի, առանց բարդությունների: Ես պատանի երկրապահի ակումբ էի հաճախել, շարային քայլքին, զինվորական կյանքի այբուբենին քիչ թե շատ ծանոթ էի, մենք բանակումների էինք գնում,  մարզվում էինք, կոփվում…

Զինվորական կյանքս ընթանում է առօրյա հունով, փոքր ստորաբաժանում է: Ընկերներս լավն են, իրար հետ եղբոր նման ենք, իսկ սպաները սարի պես կանգնած են մեր թիկունքին: Նրանք ամեն ինչ անում են, որ խնդիրներ չծագեն, ու թե ինչ-որ դժվար հաղթահարելի խնդրի առաջ էլ կանգնես, անպայման կօգնեն, այդ վիճակից կհանեն:

Այդ ամենը, հավատացեք, թև է տալիս զինվորին, ոգևորում` ավելի նվիրումով ծառայելու:

Ես շեփորահար եմ: Մենք նվագախմբի տղաներով ամեն ինչ անում ենք, որ մեր նվագով բարձրացնենք զինվորների  տրամադրությունը և, ինչու չէ, նաև մարտական ոգին: Դիրքեր բարձրացող տղաներին մենք նվագով ենք ճանապարհում: Նվագում եմ, ու գլխումս այդ պահին մի միտք է պտտվում` անփորձանք, տղե՛րք ջան: Իսկ երբ դիրքերից իջնում են, մենք նրանց դարձյալ երաժշտությամբ ենք դիմավորում: Չգիտեմ` ինձ է թվում, թե իրոք այդպես է` երաժշտությունն ավելի ուժեղ է թնդում, ավելի զիլ, ավելի զվարթ:

Հիմա արձակուրդում եմ, բայց ուշք ու միտքս մեր զորամասում է. տեսնես՝ ի՞նչ են անում տղերքը:

Արձակուրդիս մասին մերոնց չէի էլ տեղեկացրել: Որոշել էի անակնկալ մատուցել: Ուշ հասա քաղաք. գնացի հարազատ-բարեկամներիս հավաքեցի, ու միասին եկանք մեր տուն: Մերոնք ուրախությունից աշխարհով մեկ էին եղել: Անակնկալ այցելեցի նաև ուսանող ընկերներիս: Հարազատ լսարանում երկար-երկար խոսեցինք, զրուցեցինք: Կուրսիս ընկերներն ասում են` մտածելակերպդ փոխվել է, շատ ես հասունացել, մի տեսակ ավելի ես մեծացել: Ուսանող ընկերներիցս մասնագիտական գրքեր եմ վերցրել, բանակում ազատ ժամերին կպարապեմ. չեմ ուզում շատ ետ ընկնել:

Հիմա ես բանակի մասին իմ սեփական դատողությունն ունեմ` բանակային 2 տարին քեզ տալիս է այնքան մեծ փորձ և փորձառություն ամբողջ կյանքի համար, որ ոչ մի համալսարանում չես սովորի:

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

Հ.Գ. Երբ «Հայ զինվոր» թերթում տպագրվի այս նյութը, Վահանն արդեն ծառայավայրում կլինի: Լսո՞ւմ եք` շեփորի ձայնն աշխարհ է բռնել` դիրքերից իջնում են մեր հերոս ու քաջ տղերքը:

Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ազգային բանակ


23/03/2016