ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Դիվիզիոնի անձնակազմը կատարելագործում է մարտական եւ մասնագիտական կարողությունները եւ տարբեր օղակների ներդաշնակման աստիճանը
ՀՀ զինված ուժերում անցկացվում են ուսումնական փուլի մարտական պատրաստության ծրագրով նախատեսված տարաբնույթ տեսական և գործնական միջոցառումներ, որոնցում արդեն լիովին ներգրավված են նաև վերջին զորակոչի ժամանակ զորակոչված զինվորները: Զորամասերից մեկում ականատես եղանք նմանատիպ ուսումնական պարապմունքին: Հրետանային դիվիզիոնի մարտկոցներից մեկի անձնակազմը տեղաբաշխվել էր մի քանի ուսումնական կետերում: Տեղում տեսական գիտելիքներ ստանալուց հետո նրանք գործնականում ցուցադրում էին առաջադրանք կատարելու իրենց կարողությունը և տվյալ թեմային տիրապետելու աստիճանը: Ուսումնական կետերի պարապմունքները փոխկապակցված էին, քանի որ իրական մարտական պայմաններում անձնակազմը ընդհանուր մարտական խնդիր է կատարելու: Այնպես որ, մասնագիտական պատրաստությունից բացի, մեծ ուշադրություն էր դարձվում տարբեր օղակների գործողությունների ներդաշնակմանը:
Պարապմունքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Տ. Հակոբյանը: Նա մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր կետում կատարվող գործողությունը: Սկզբում նորակոչիկ հրետանավորներին ներկայացվում է հրանոթի կառուցվածքը: Տեխնիկական պատրաստության դասաժամին ուսուցանվում են հրանոթի մարտավարատեխնիկական բնութագիրը, շահագործման, սպասարկման առանձնահատկությունները, կիրառման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը: Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Մկրտչյանի տրամադրած մասնագիտական տեղեկատվության շնորհիվ նորակոչիկներն ամբողջությամբ տիրապետում են հրետանային հզոր զինատեսակին, իմանում ամեն մի դետալի, սարքի նշանակությունն ու կիրառման ձևը:
Դաշտային վարժանքների համար նախատեսված տեղամասում լեյտենանտ Կ. Աղաջանյանն անցկացնում էր կառավարման դասակի մասնագիտական պարապմունք: Զինվորները սովորում էին անկյունների և հեռավորությունների չափման մեխանիզմը հրետանային դիտարկման մասնագիտական սարքերի՝ հեռաչափի և բուսոլի օգնությամբ: Մասնագիտական գիտելիքից բացի, կառավարման դասակի զինվորներին անհրաժեշտ է նաև արագ և ճիշտ գործելու ունակություն: Սարքերը տեղադրվում են առաջնագծին հնարավորինս մոտ, հնարավոր է նաև՝ հենց հակառակորդի անմիջական տեսանելիության գոտում: Նման պայմաններում հետախույզ-հեռաչափողը պետք է գործի արագ, հետախուզի հակառակորդի զբաղեցրած դիրքերը, ստույգ թիրախների մասին ճիշտ տվյալներ փոխանցի հրանոթի կրակը հաշվարկող անձնակազմին:
Այդ տվյալները հետախույզ-հեռաչափողը փոխանցում է կրակային դիրքում հաշվարկող անձնակազմին: Հաշվարկողները համապատասխան չափումներ են կատարում, կրակի կառավարման սարքի միջոցով որոշում հակառակորդի ճշգրիտ կոորդինատները և դրանք փոխանցում կրակային դիրք: Ավագ լեյտենանտ Վ. Հայրապետյանի հսկողության ներքո պայմանական կրակային դիրքում գտնվող մարտական հաշվարկը հրանոթը բերում է համապատասխան նշանառության և կատարում պայմանական խոցում:
Մայոր Հակոբյանը վստահեցրեց, որ անցկացվող պարապմունքներն արդյունավետ են և հագեցած: Նորակոչիկները լիովին ներգրավվել են ուսումնական գործընթացում: Անհրաժեշտության դեպքում դիվիզիոնի մարտկոցները կկարողանան գործել որպես լիարժեք մարտական հաշվարկ:
Առաջիկայում անձնակազմի գործնական ունակությունները կստուգվեն ճամբարային հավաքի ժամանակ:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ազգային բանակ