ՊԱՏԺԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ
«Հայ զինվորի» հատուկ թղթակից Գայանե Պողոսյանի զրույցը ՀՀ զինվորական դատախազ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն դատախազ, հանցագործությունների աճի կամ նվազման միտումը միշտ չէ, որ ուղղակիորեն խոսում է օրինապահության մակարդակի մասին, այդուհանդերձ, եկեք զրույցն սկսենք թվերի լեզվով. ի՞նչ տեղաշարժ է արձանագրվել 2015-ին` կապված բանակում կատարված հանցագործությունների թվաքանակի հետ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
-2015 թվականին զինված ուժերում կատարված հանցագործությունների քանակը ավելացել է՝ մեծամասամբ պայմանավորված հակառակորդի աննախադեպ ակտիվությամբ եւ նրա կողմից կատարված հանցագործությունների քանակի աճով: Զինծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը աճել է 48 դեպքով, այլ ընդհանուր հանցագործություններինը` 125 դեպքով: Ընդ որում, 2015-ին հակառակորդի կողմից կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 93 դեպքով:
-Պիտի խնդրեմ անդրադառնալ առանձին հանցատեսակներին, մասնավորապես՝ ինձ հետաքրքրում են առանձնապես ծանր հանցագործությունները, զինվորական ծառայության հետ կապված մահվան ելքով դեպքերը, հիվանդություններից մահացության դեպքերը, սպանությունները և ինքնասպանությունները:
-Մեր զինծառայողների մեղավորությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 7 դեպքով, նվազել են նաև զինվորական ծառայության հետ կապված մահվան ելքով դեպքերը, նվազել է սպանությունների քանակը (2015-ին կատարվել է մեկ սպանություն` խոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտի սպանության մասին է): Արձանագրվել է հիվանդությամբ պայմանավորված մահվան մեկ դեպք նախորդ տարվա երկուսի դիմաց:
Ցավոք, 4 դեպքով ավելացել է ինքնասպանության դեպքերի թիվը, ինչը մեզ ամենաշատն է մտահոգում: Վերլուծությունը ցույց է տվել, որ հիմնականում բոլոր ինքնասպանություններն ունեն նախապատմություն, դեպքին նախորդել է ոչ կանոնադրային հարաբերությունների տևական շրջան, կոնֆլիկտը հասունացել է ողբերգության հանգուցալուծմամբ:
-Ենթադրում եմ` ինքնասպանությունների կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածով` ինքնասպանության հասցնելու համար:
-Այո՛, բոլոր ինքնասպանությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն:
-Պարոն դատախազ, բնականաբար, ովքեր քրեորեն պատժելի արարք են կատարել կդատապարտվեն օրենսգրքի ամբողջ խստությամբ: Սակայն, Դուք ասացիք, որ ինքնասպանություններն ունեն նախապատմություն, որը ուղեկցվել է ոչ կանոնադրային հարաբերություններով, ենթադրում եմ` ճնշումներով, նվաստացումներով, ինչը զինվորին հասցրել է ինքնասպանության: Այսինքն` քրեաիրավական գնահատականի արժանի գործողություններից բացի, հանցագործությանը նպաստել են նաև հանցակազմ չպարունակող գործընթացներ, որոնք նույնպես պիտի բացահայտվեն և պատժվեն: Պարզ ասած` պիտի բացահայտվեն և պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին նկատել հասունացող կոնֆլիկտը, կանխել վերահաս ողբերգությունն ու փրկել զինվորի կյանքը:
-Համաձայն քրեական դատավարական օրենսգրքի 200 հոդվածի` իրավապահ մարմինները պարտավոր են պարզել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և ներկայացնել միջնորդագրեր՝ դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Ի ապահովումն նշվածի կատարման` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2015-ին ստորագրել է հրաման, որով պարտավորեցնում է պաշտպանության համակարգի ստորաբաժանումներին սեղմ ժամկետում քննարկել իրավապահ մարմինների կողմից ուղարկված միջնորդագրերը և իրենց որոշումների մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին:
Նախարարը միևնույն ժամանակ պարտավորեցնում է ապահովել իրավապահ կառույցից համապատասխան անձանց մասնակցությունը միջնորդագրերի քննարկմանը, որպեսզի դրանք չկրեն ձևական բնույթ և ծառայեն իրենց նպատակին:
-Ի՞նչ է նշանակում` ապահովել իրավապահ կառույցի համապատասխան անձանց ներկայությունը:
-Նշանակում է` միջնորդագրի քննարկման վայրի, ժամանակի մասին նախապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Այս համագործակցությունը շատ արդյունավետ է և մեծապես կնպաստի կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությանը:
-Դուք չխոսեցիք ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների քանակի մասին: Քրեական օրենսգրքի 360 հոդվածը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, պատիժ է նախատեսում վիրավորանք հասցնելու համար: Սա այն հանցանքն է, որը համապատասխան իրավական գնահատականի չարժանանալու դեպքում կարող է ծնել ծանր և առանձնապես ծանր հանցագործություն` մահվան ելքով, ինչը, ըստ էության, կատարվել է ինքնասպանությունների դեպքում: Նույնը վերաբերում է 359 հոդվածին:
-Տեսեք՝ ինչ է կատարվել. առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, սակայն ավելացել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերը: Դրանք, օրինակ, քրեական օրենսգրքի 360 և 359 հոդվածի առաջին մասով որակվող հանցատեսակներն են:
Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից:
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, և` կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, կամ մի խումբ անձանց կողմից, կամ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով, կամ անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով:
Կարելի է ասել` բանակում այս հանցատեսակների աճը ուղղակիորեն կապված է առանձնապես ծանր հանցագործությունների նվազման հետ: Ժամանակին չբացահայտվելու դեպքում այս հանցատեսակները ծնելու էին նոր, ավելի ծանր հանցանքներ: Տարեցտարի մենք ավելի ենք ամրապնդում անպատժելիության մթնոլորտի վերացման և յուրաքանչյուր, թեկուզ աննշան զանցանքի կամ հանցանքի իրավական գնահատական տալու պրակտիկան, ինչը արմատավորում է պատժի անխուսափելիության գաղափարը և դառնում է օրինապահությունը խթանող լրացուցիչ ազդակ:
-Կարելի՞ է ասել, որ հանցագործությունների աճը պայմանավորված է նաև ամենաաննշան հանցանքներին անգամ իրավական գնահատական տալու պրակտիկայով:
-Անշուշտ: Մենք այսօր ունենք ոչ մեծ ծանրության հանցագործությունների աճ, բայց դա չի նշանակում, որ 2015-ին բանակում ավելի շատ են միմյանց վիրավորանք հասցրել, քան 2014-ին: Պարզապես, 2015-ին ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից առավել արդյունավետ են իրականացվել իրենց` օրենքով վերապահված լիազորությունները, հատկապես զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:
-Այո՛, բազմաթիվ մահվան ելքով դեպքեր սկսվել են հենց վիրավորանք հասցնելուց: Ես այսպես հասկացա` հնարավոր է, որ իրականում վիրավորանք հասցնելու դեպքերը 2015-ին նվազել են 2014-ի համեմատությամբ, բայց քանի որ 2015-ին ավելի հետևողականորեն են դրանք բացահայտվել, այդ պատճառով էլ ունենք այդ հանցատեսակով հարուցված քրեական գործերի աճ:
-Միանգամայն ճիշտ եք: Ավելացնեմ նաև, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը զինված ուժերում կազմել է 97,6 տոկոս: Սա բավականին բարձր ցուցանիշ է, սակայն մենք ձգտում ենք 100 տոկոսանոց բացահայտման և ամեն ինչ անելու ենք, որ բանակում չբացահայտված հանցագործություններ չլինեն:
-Պարոն դատախազ, ես ուզում եմ, որ մենք անդրադառնանք մի քանի հանցագործությունների, որոնց կապակցությամբ մամուլում հնչել են կարծիքներ, մասնավորապես` տուժողների և մեղադրյալների ծնողները բողոքել են քննության կանխակալ ընթացքից: Խոսքը վերաբերում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015-ին կատարված սպանությանը և մեղադրյալների հարազատների կասկածներին, մարտական հենակետում զոհված Էդուարդ Մելքումյանի ծնողների այն հայտարարությանը, թե իրենք կասկածում են ինքնասպանության վարկածին, որովհետև ավտոմատի վրայից մաքրված են մատնահետքերը, և վերջերս զորամասի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում ստացած Կամո Հովհաննիսյանի և Թեմուր Սողոյանի զոհվելու կապակցությամբ` 104 հոդվածի առաջին մասով և 110 հոդվածի երկրորդ մասով քրեական գործի քննության կապակցությամբ մամուլում եղած գնահատականներին:
-Ձեր նշած երեք գործերն էլ քննության փուլում են. մեկը` դատաքննության, երկուսը` նախաքննության, և յուրաքանչյուր մեկնաբանություն կարող է ազդել քննության ընթացքի վրա: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կատարված ողբերգությունը, կարծում եմ, այնքան ակնհայտ է, որ տարակարծությունները պարզապես զարմանք են հարուցում: Ինչ վերաբերում է մյուս քրեական գործերին` ես քննության շահերից ելնելով այսօր չեմ կարող մանրամասներ հրապարակել, բայց խոստանում եմ մեր ընթերցողին՝ որոշ ժամանակ անց Ձեզ հյուրընկալել մեզ մոտ և համապարփակ տեղեկություններ հաղորդել:
-Ո՞ր հանցատեսակներն են տարածված սպայակազմի շրջանում, և ինչպիսի՞ տեղաշարժ են արձանագրել դրանք 2015-ի ընթացքում` 2014-ի համեմատությամբ:
-Ես հատուկ հանձնարարություն եմ տվել լրացուցիչ վերլուծություններ կատարելու սպաների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված: Ավարտելուց հետո մեր դիտարկումները կներկայացնենք ընթերցողին:
-Ինչպիսի՞ խախտումներ են հայտնաբերվել բանակում դատախազական ստուգումներով, և որքա՞ն գումար է վերադարձվել պետությանը:
-Դատախազական ստուգումներով հայտնաբերվել են հափշտակություններ, յուրացումներ, վատնումներ: Վերականգնվել է պետությանը պատճառած 605 միլիոն դրամի վնասը:
-Պարոն դատախազ, հանցագործությունների բացահայտումը և պատիժը, ինչ խոսք, ունեն նաև կանխարգելիչ գործառույթ, սակայն հանցագործությունների կանխարգելման համար ավելի կարևոր է, որ բացահայտվեն օրինականության ամրապնդումը խոչընդոտող պատճառները, և իրականացվեն դրանց վերացմանը միտված միջոցառումները:
-Կազմվել է ՀՀ պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության 2016թ. համատեղ միջոցառումների պլան, որը ևս միտված է զորքերում օրինականության ամրապնդմանը: Այն 16 դրույթից բաղկացած ծրագիր է, որը վերջնական տեսքի բերելուց հետո կսկսենք իրագործել: Դա զինվորական իրավապահ մարմինների և զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների միասնական, փոխգործակցված աշխատանքի ծրագիր է, որը նպատակ ունի բարձրացնելու անձնակազմի իրավագիտակցությունը, ամրապնդելու կանոնադրային հարաբերությունները և հնարավորինս վերացնելու հանցանք ծնող պատճառները:
-Վերջերս Դուք անակնկալ այցելություն էիք կատարել զորամասեր. դրանք իրականությանը տեղում ծանոթանալու և ավելի օբյեկտիվ ինֆորմացիայի տիրապետելու համա՞ր են:
-Իմ անակնկալ այցելությունները զորամասեր և դիրքեր ավելի շատ զինվորի կողքին լինելու, նրան ոգևորելու համար են, քան ինչ-որ բացահայտումներ անելու նպատակ ունեն: Ամեն անգամ դիրքապահ զինվորի կողքին ես կրկին ու կրկին համոզվում եմ, որ ի հեճուկս բոլոր «կանխատեսումների», հերոսական ու հայրենասեր սերունդ ունենք: Ես հպարտանում եմ հայ զինվորով, նրա մտածելակերպով, հայրենիքը պաշտպանելու կամքով, պատասխանատվությամբ: Աշխարհի ամենահամեղ սուրճը դիրքապահ զինվորի ձեռքով, կրակի վրա պատրաստված սուրճն է: Ամենաազնիվ ու վեհ զրույցը զրույցն է դիրքապահ զինվորի հետ:
Ուզում եմ մի դեպք պատմել` խրամատում քայլելիս նկատեցի, որ զինվորը աննկատ իր մարմնով պաշտպանում է ինձ: Երբ փորձեցի արգելել, ասաց` հանկարծ Ձեզ կնկատեն, կկրակեն: Չի կարելի, որ Ձեզ գնդակ դիպչի: Իսկ քեզ կարելի՞ է` հարցրի ապշած, դու ավելի երիտասարդ ես, կյանքը ավելի թանկ է: Չի կարելի թույլ տալ, որ հակառակորդը խփի մեր դատախազին, դա շատ կոգևորի նրանց ու կընկճի մեզ` ասաց: Ես, իրոք, ապշեցի 18-ամյա տղայի այսօրինակ հասունությունից, քաջությունից ու ինքնազոհությունից: Մեր երկրի ամենակարևոր, ամենաթանկ մարդը սահմանին կանգնած զինվորն է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր զինվորը անհոգ լինի, հպարտ լինի ու զգա երկրի հզոր շնչառությունն իր թիկունքին:
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում