Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍԻՐՈ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍԻՐՈ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸՏարիներ առաջ Նախիջևանին սահմանակից այս հենակետում հանդիպեցի կապանցի զինվոր հրաձիգ Հրայր Վարդանյանին: Ընկերները «մատնեցին», որ ստեղծագործում է ու մեկ-մեկ էլ իրենց խնդրանքով է գրում բանաստեղծություններ, որոնք ուղարկում են իրենց սիրած աղջիկներին: Վերջերս, երբ նորից եղա լեռնաշղթայի նույն հենակետում, հիշեցի նրանց. «Տեսնես՝ հիմա ի՞նչ է անում Հրայրը, ի՞նչ են անում տղաները` Կարենը, Գևորգը, Արմենը, Երվանդը»: Ժամանակի հետ շատ բան է փոխվել, և ուրախացնող է այն լավը, այն առաջընթացը, որ կատարվել է սահմանային դիրքերով մեկ:

Տեսանելի են կատարված ինժեներական աշխատանքները, փշալարային համակարգի կատարելագործումը, խրամատների, դիրքերի լրակահավորումը: Գարնան հետ լրացուցիչ նոր անելիքներ են առաջ եկել, բայց ամեն դեպքում տղաների կամքը կա, նվիրվածությունը` ևս, քանի որ հասկանում են, թե ինչ կարևոր պարտականություն են կատարում: Եվ զրուցելով տղաների հետ՝ ուզում եմ անպայման նշել գլխավորը` բարոյահոգեբանական կայուն վիճակը, և ուզում եմ հավատացնել, որ ասված լավ խոսքերը ծնվեցին տղաների՝ միմյանց նկատմամբ ընկերական, եղբայրական նվիրվածությունը տեսնելով: Եվ հավատում ես, որ արտաքին՝ դիմացից եկող վտանգները միայն կարելի է (և այդպես է) չեզոքացնել հենց այդպիսի ընկերասիրության, փոխօգնության միջոցով:

Դիտարկման անցքից երևում են թշնամու հենակետերը: Դիտորդ Արման Սրապյանը զեկուցում է, որ շարժ չի նկատել, հարաբերական հանգիստ է: Խրամատի պատին փորված պատուհան կա, որտեղ պահպանվել են զորացրված զինվորների պատրաստած փայտե խաչերը, քանդակներն ու սրբապատկերները: Դա արդեն ավանդույթ է դարձել: Մոռացվում են զինվորների անունները, մի զորակոչը փոխարինում է մյուսին, սակայն նրանց գործերը, ասել է թե` նրանց ոգին, մնում է դիրքերում, և դա անշուշտ վկայությունն է այն բանի, որ հարկ եղած դեպքում նրանք այստեղ կլինեն:

-Սահման հսկելը, սահման պահելը ամենապատասխանատու և պատվաբեր գործն է,- ասում են տղաները՝ գնդացրորդ Գևորգ Հովհաննիսյանը, հրաձիգ Դավիթ Սահակյանը, շարքայիններ Գոռ Հակոբյանը, Սարգիս Մարգարյանը, Սևակ Ստամբոլցյանը, Գուրգեն Սարգսյանը…

Գրում եմ այս տողերը ու մտորում` օր օրի ամեն ինչ փոխվում է,  կյանքը առաջ է ընթանում, և զգում ես, որ նոր սերունդն էլ ժամանակից շուտ ավելի հասուն է խոսում հայրենիքի, հայրենասիրության մասին: Նրանք գիտակցում են, որ պետք չէ բարձրաձայնել` ամեն ինչ ասում է իրենց կատարած գործը: Այո՛, փոխվում է շատ բան, սակայն մարդկային բնավորության կարևոր մի գիծ երևի բոլոր ժամանակների համար մնում է նույնը` դա ի վերուստ մարդուն տրված ստեղծագործելու աստվածային շնորհն է: Եվ այս անգամ էլ Գոռ Հակոբյանն իր բանաստեղծությունների մասին ոչինչ չի ասում, էլի «մատնում» են ընկերները: Եվ նա ամաչելով մտնում է կացարան և ձեռքին մի թուղթ՝ վերադառնում: Ներկայացնում եմ բանաստեղծությունը, որը վերնագրված է «Աստղիկին» և, կարծում եմ, այնտեղ ամեն ինչ ասված է ինչպես հայրենիքի, այնպես էլ սիրո մասին:

-Թող ձեռքս հանդարտ դնեմ քո ուսին,

Ինչպես փաթիլն է հեզորեն նստում քո սև վարսերին.

Թող գուրգուրեմ քեզ, ինչպես լուսինը բարձր սարերին…

Թող մեկ անգամ էլ սուզվեմ քո խորունկ, կապույտ ծովերում

Ու փնտրեմ ինքս ինձ ու փնտրեմ ինքս ինձ…

Ու ոչինչ չկա ուրիշի, ոչինչ,

Ամեն տեղ ես եմ, ամեն տեղ դու ես…

Ու կիսակործան մի վանքի ներսում ես ծունկի գալիս

Լուռ համբուրում եմ մի սրբապատկեր,

Որ կամաց-կամաց քեզ է նմանվում,

Ու ինձ մոռացած՝ անձայն ու հուշիկ,

Լուռ շշնջում եմ` Աստղի՛կ իմ, Աստղիկ…

 

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ


30/03/2016