Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ՄԻ ԷՋ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻՑ

 

ԵՐԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸԲաքվի արյունալի կռիվներից հետո բռնկված ազգամիջյան ընդհարումները տարածվում են Երևանի նահանգ, Արցախ, Սյունիք, Գանձակ, Թիֆլիս  և Հարավային Կովկասի հայաբնակ գրեթե բոլոր վայրերը: Ցարական իշխանությունները հաստատապես վճռել էին Անդրկովկասը վերածել ազգամիջյան կոտորածների ռազմաբեմի, իսկ Կովկասը հայ բնակչությունից մաքրելու ծրագրերով առաջնորդվող կովկասյան թուրք վերնախավը չէր կարող անմասն մնալ ու լավագույնս չօգտագործել իրեն ընձեռված կովկասահայության սպանդը կենսագործելու հրաշալի հնարավորությունը:

Մայիսի 23-ին, դարձյալ թուրքերի նախաձեռնությամբ, Երևանում վերսկսվում են ընդհարումները, և ինչպես ցույց են տալիս տեղի ունեցած դեպքերը, հայկական կողմն այս անգամ ևս, ինչպես հարկն է, նախապատրաստված չէր:

Օգտվելով հայկական կողմի անպատրաստ վիճակից՝ թուրք հրոսակախմբերը նախահարձակ են լինում և միահամուռ կրակ տեղում քաղաքային շուկայի տարբեր մասերում եղած հայերի վրա: Շուկայում սանձազերծած կոտորածից հետո, որին զոհ են դառնում 20 հայեր, թուրքերը խմբերով` զինված խմբերի ուղեկցությամբ, վերադառնում և հավաքվում են իրենց թաղերում:

Հայկական կողմի համար թուրքերի ձեռնարկած հարձակումը թեև անսպասելի էր, բայցեւայնպես, համարժեք պատասխանի համար կարող ուժեր կային, որոնք ունակ էին գնդակահարելու բազմաթիվ թուրքերի: Նույնիսկ համանման իրավիճակում հայկական կողմը առաջնորդվել էր պաշտպանական մարտավարությամբ և «Դրոշակի» վկայությամբ՝ «իրենց զսպում էին, սպասելով տեսնել, թե կառավարական պաշտոնյանները ինչպէ ՞ս կը վերաբերեն կոտորածի հեղինակներին»:

Գործին միջամտում է նահանգապետը, որը զինվորների ուղեկցությամբ հայտնվում է հայկական թաղերում և համոզում հայերին կրակ չբացել:

Թուրքական խաները խոստովանում են, որ կոտորածի հեղինակները, իրոք, թուրքերն են և նահանգապետին ներկայացնելով գործի հետ բոլորովին առնչություն չունեցող երեք թուրքերի՝ պահանջում են խստորեն պատժել նրանց: Նահանգապետին և հայկական կողմին տված թուրք խաների խոստումները կեղծ էին և հաշվարկված: Հաջորդ օրերին (մայիսի 12 – 15) թուրքերը դարձյալ նախահարձակ են լինում և քաղաքի զանազան մասերում կրակ բացում հայերի վրա:

Հարձակման հաջորդ օրը Բաքվից Երևան է գալիս Դրոն: Քանի որ ցարական ոստիկանությունը փնտրում էր Բաքվի գեներալ-նահանգապետ իշխան Նակաշիձեին ահաբեկողին, այդ պատճառով Բաքվի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի որոշմամբ՝ նա պետք է հեռանար Բաքվից: Գեներալ Նակաշիձեի ահաբեկությունից հետո զինակիցների շրջանում արդեն անվեհեր ռազմիկի անուն վաստակած Դրոն գալիս է Երևան և անմիջապես ներկայանում քաղաքի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Դաշնակցական Խեչոյին:

«Ես,- գրում է Դրոն,- Խէչոյին երբեք այդքան ընկճված ու մտազբաղ չէի տեսել: Ով նրան ճանաչում էր, գիտեր, որ ինչքան էլ դժվար պայմանների մեջ գտնվէր, միշտ կպահեր հոգեկան արիությունը և իր մշտազվարթ ու օրհնյալ կատակներով կուրախացներ ամենքին…»:

Դաշնակցական Խեչոյի օգնական Փառակեցի Մկրտչի պատմածից պարզվում է, որ քաղաքի թուրքերն անսպասելիորեն հարձակվել ու սպանել են 20-25 հայերի: Թուրքերի հարձակումը ոչ միայն սարսափի ու խուճապի էր մատնել քաղաքի հայ բնակչությանը, այլև ծանրագույն խնդիրների առջև կանգնեցրել Երևանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեին:

Քանի որ այդ ժամանակ քաղաքի ինքնապաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար Երևանի ՀՅԴ  կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ չկար բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ըստ Փառակեցի Մկրտչի վկայության, այդ իսկ պատճառով կենտրոնական կոմիտեն, նույնպես սարսափի մատնված, գլուխը կորցրել ու հրահանգել էր առայժմ զգույշ մնալ ու ընդհարումների տեղիք չտալ:

Զուտ մարտավարական ու մանավանդ բարոյահոգեբանական առումով ձեռք բերած առաջին հաջողությունը թուրքական կողմին, անկասկած, մեծ ոգևորություն էր պատճառել ու հայերի նկատմամբ նկատելի առավելություններ ընձեռել: Եթե թուրքերին հաջողվեր կրկնելու նախորդ հարվածը, ապա ծանրագույն իրավիճակում կհայտնվեր ոչ միայն Երևանի, այլև ողջ նահանգի հայ բնակչությունը:

Անհրաժեշտ էր օգտագործել եղած հնարավորությունը և հակառակորդի համար անսպասելի մարտավարությամբ ձեռնարկել այնպիսի պատասխան կանխարգելիչ գործողություն, որը կարող էր արմատական բեկում մտցնել ստեղծված կացություն մեջ: Տվյալ ճակատագրական ու բախտորոշ պահին Երևանի մարտական ուժերի հրամանատարությունը կայացնում է միակ արդյունավետ ու կշռադատված որոշումը: Այն է` ոչ թե սահմանափակվել սոսկ կրավորական ինքնապաշտպանությամբ, այլև նախահարձակ լինել, այսինքն՝ գործել հարձակողական մարտավարությամբ:

Այդ ժամանակ Երևանի մարտական ուժերը ունեին ընդամենը 100 մոսին հրացան և 50 ատրճանակ: Նույն օրը Ալեքսանդրապոլից ստանում են 15 մոսին և 4000 փամփուշտ:

Համաձայն վաղօրոք մշակված ծրագրի` հայ մարտական խմբերի մի մասը դիրքեր է գրավում մարտավարական առումով քաղաքի առավել կարևոր նշանակություն ունեցող մասերում և փակում հայկական թաղերը տանող ուղիները, իսկ մյուս մասը պիտի բարձրանար Նորքի բարձունքները և այնտեղից գրոհեր ու կրակ տեղար հայկական թաղերի վրա հարձակվող թուրքական հրոսակախմբերի վրա:

Մինչ մարտական գործողություններ սկսելը,Դրոն Խեչոյին խնդրում է, որ նա իրեն վստահի թուրքերին թիկունքից հարվածող թռուցիկ մարտախմբի հրամանատարությունը:

Հաջորդ օրը հայ ինքնապաշտպանական ուժերը պիտի սրընթաց գրոհ ձեռնարկեին և երկու կողմից տեղացող հարվածներով վճռական պարտության մատնեին հակառակորդին: Դրոյի գլխավորած մարտախումբը հարմար դիրքեր է գրավում թուրքական թաղամասի վրա իշխող բարձունքի վրա, ապա, որսալով հարմար պահը և միահամուռ համազարկեր տեղալով, գիշերով հարձակվում է թուրքական հրոսակախմբերի վրա:

Դրության լիիրավ տերն արդեն հայ մարտիկներն էին, որոնք հարձակվում ու հեռահար մոսիններից թուրքերի վրա կրակ էին տեղում հանդիպակաց ուղղություններից: Թուրքերի շարքում խուճապն ու սարսափն ավելի է ուժեղանում, երբ հայ մարտիկները ռումբերի հարվածներով պայթեցնում են հայկական դիրքերի մերձակայքում գտնվող թուրքերին պատկանող մի քանի տներ:

Մայիսի 25-ի հաղթանակը Երևանի նահանգում հայերի՝ թուրքերին հասցրած առաջին լուրջ ու ծանրակշիռ հարվածն էր: Շնորհիվ կազմակերպված հակահարվածի կանխվեց Երևանի հայության գլխին ծառացած մահացու վտանգը: Որևէ կասկած լինել չէր կարող՝ եթե թուրք ավազակախմբերին հաջողվեր թափանցել քաղաքի հայկական թաղերն ու կոտորել հայերին, ապա անկասկած կշարունակեին նույն սպանդն առավել հեշտությամբ և ոգևորությամբ իրականացնել նահանգի հայկական բնակավայրերում:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Պատմության էջերից


30/03/2016