ՈՉ ՈՔ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐՔԱՆ ԵՍ
«Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի, մեռիր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Ի՞նչ է խաղաղությունը. տանը հանգիստ նստած հեռուստացույց դիտե՞լը, դրսում ազատ քայլող կամ որևէ տեղ չշտապող մարդի՞կ, մանկան արդար քո՞ւնը: Երբևէ առավոտյան արթնանալիս ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞վ էր այս գիշեր ձեր խաղաղ քնի պահապանը, կամ ո՞ւմ եք շնորհակալություն հայտնել դրա համար: Չէ՞ որ յուրաքանչյուր օր ծնունդ է, որի սկիզբն ազդարարվում է մանկան ճիչով` բերելով ի՛ր գեղեցկությունը, ի՛ր հանգստությունը և օրվա ի՛ր հոգսը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գալիս են լեռներից, ցրտից դողացող շուրթերից և թեթև քամու պես օրորում ծառի տերևները, որոնք առաջացնում են շրշյուն:
Դա խաղաղության ձայնն է:
Արյամբ ու քրտինքով վաստակած խաղաղություն կամ շարունակվող պատերազմ խաղաղության մեջ: Սա է անցյալում տեղի ունեցած դեպքերի և այսօրվա արդյունքը, որի պահանջն ու կարգախոսը մեկն է. պաշտպանվի՛ր, որ պաշտպանես: Թեպետ պաշտպանվելու հնարավորություն բոլորն ունեն, բայց պաշտպանելու գործը ամենքին չէ վստահված: Խաղաղությունը պահպանել կյանքի գնով նշանակում է պատրաստ լինել անզիջում պայքարի, մշտապես լինել զգոն և աչալուրջ: Խաղաղություն պահպանելը հեշտ չէ:
Իսկ ո՞ւմ է տրված նման հնարավորություն` հայրենիքի պաշտպանությունը, ո՞ւմ է տրված ամպերից էլ վեր` լեռնային ամենաբարձր գագաթներից քո տան, ընտանիքի հսկումը:
Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ վստահվել է կյանքի կարևորագույն առաջադրանքներից մեկը, որպիսին միմիայն ֆիլմերում կարելի է հանդիպել: Բայց սա բախտի բան չէ, այլ ճակատագիր, որը ես եմ ընտրել: Երբ ծնվեցի, չգիտեի, որ մի օր խաղաղության պահապան կլինեմ, կհսկեմ ուրիշներին և խաղաղ քուն կապահովեմ փոքրից մինչև մեծ, աղքատից մինչև հարուստ, շարքայինից մինչև նախագահ: Ինքս ինձ կոփել եմ, դաստիարակել եմ իմ կամքն ու վճռականությունը, որպեսզի գայի-հասնեի այս խաղաղ պահին: Ես իմ և մյուսների խաղաղ կյանքի պաշտպան զինվորն եմ, բայց իմ կյանքը նաև ինձնից հետո պայքարող զինվորինն է:
Յուրաքանչյուր օր ու ամեն ժամ, ուղիղ թշնամու աչքերի մեջ նայելով, մենք կյանքի ու մահվան, խաղաղության ու պատերազմի պայքար ենք մղում:
Այս ցրտի ու բքի մեջ հայացքը դեպի հարավ, ձեռքում պատերազմ հիշեցնող խաղաղության պաշտպան զենքը, մեծ նվիրումով ու նաև անծայրածիր Հայաստան տեսնելու փափագով, ժայռերի ու գագաթների, լեռների ու բարձունքների պաշտպանն է կանգնած: Սա խաղաղության բանակն է, որտեղ հայ զինվորի ոգին, նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ յուրաքանչյուր բանակ:
Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան հայ զինվորը:
Ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես:
Վիտալի Գրիգորյան
շարքային
Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ