Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



Մարտի 17-ից 20-ը ԵՊՀ մի քանի դասախոսներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ ԼՂՀ-ում մասնակիցը դարձան  մի շարք նախաձեռնությունների: Նշենք, որ այս տարվա արցախյան այցելությունը նվիրված էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, ազատամարտիկ Նորայր Մարությանի 50 և ՀՀ անկախության 25-ամյակներին:

 

«Մեկ օր զինվորի կողքին»

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲՀամալսարանականների շրջայցն այս տարի մեկնարկեց մարտի 17-ին զորամասերում կազմակերպված միջոցառումներով: ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի մասնակիցները ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում հանդես եկան «Մեկ օր զինվորի կողքին» ծրագրով: Մինչ դասախոսական անձնակազմը և ուսանողական կառույցների ներկայացուցիչները կհասնեին Արցախ, մարտական պատրաստության ակումբի սաները ՊԲ զորամասերում ծանոթանում էին զինատեսակներին, տանկերի մարտավարական բնութագրերին՝ սեփական փորձով ուսումնասիրելով նաև դրանց առանձնահատկությունները:

Համալսարանականների ուշադրության առանցքում էր նաև զորամասերի ներքին կառուցվածքն ու հարդարանքը, ինչպես նաև ներքին ծառայության մանրամասներին ծանոթանալը, որին հաջորդեց ընթրիքը զինվորների հետ:

ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի պատասխանատու Արմեն Խաչիկյանը նշեց, որ առաջնորդվելով զինվորական կարգուկանոնով, օրվա կարգացուցակով ու բանակային սկզբունքներով՝ ակումբականները մասնակցել են նաև երեկոյան զբոսանքին ու անվանականչին. «Գիշերեցինք զորամասում և, բնականաբար, առավոտյան զինվորների հետ վեր կացանք ըստ օրվա կարգացուցակի՝ ժամը 06:30-ին: Մարմնամարզության ընթացքում, չնայած եղանակային վատ պայմաններին, ակումբականներս վազեցինք 1 կմ, այնուհետև նախաճաշեցինք»:

Արցախ մեկնած երիտասարդները ներկա էին նաև մարտական հերթափոխի մեկնող զինվորների երդման արարողությանը: Հարկ է ընդգծել, որ ԵՊՀ գրադարանի աջակցությամբ ակումբականները զորամասեր դատարկ ձեռքով չէին գնացել. հայրենիքի պաշտպանների համար տարել էին ամենալավ նվերը՝ գրքեր, իսկ ահա ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն էլ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի համար հատկացրել էր  քաղցրավենիք ու անձնական հիգիենայի պարագաներ:

Ընձեռված բացառիկ հնարավորությունն օգտագործելով՝ մասնակիցները տեսականորեն ծանոթացան նաև մարտական հերթապահության նրբություններին, արդեն գործնականորեն մասնակցեցին կրակային պատրաստության պարապմունքներին, իսկ լավագույններին զորամասի հրամանատարը խրախուսեց պատվոգրերով:

Այնուհետև ակումբականները հանդիպեցին նորակոչիկներին, որից հետո շարժվեցին դեպի հրետանային ստորաբաժանումներից մեկը՝ տեղում ծանոթանալու զորամասի ներքին հարդարանքին, զորանոցների կառուցվածքին, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոսների կյանքին ու գործունեությանը:

Ծրագրի ավարտից հետո էլ զորամասի հրամանատարն անձնակազմին պարգևատրեց պատվոգրերով ու շնորհակալական նամակներով՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին աջակցելու համար:

 

Հանդիպում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ

 

Մարտի 18-ին համալսարանականները հանդիպեցին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին:

«Նախևառաջ ցանկանում եմ ողջունել ձեր նախաձեռնությունները, որոնք ավելի են բարձրացնում մեր ուսանողների հայրենասիրական ոգին և ընդօրինակելի կեցվածք դառնում նրանց համար: Ձեր այցերը կարևոր են նաև մեր հանդիպումների տեսանկյունից, որոնց ընթացքում կարողանում ենք խոսել մեր երկրների անվտանգության, տնտեսության, մշակութային ու հասարակական կյանքի, ինչպես նաև կրթական համակարգի մասին»,- իր խոսքում ասաց Բակո Սահակյանը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը նշեց, որ նման այցելությունները օգնում են մեր ուսանողներին տեսնելու, զգալու ու ճանաչելու այս երկիրը` Արցախը. «Մեր ուսանողները պիտի տեսնեն, թե հանուն ինչի անմահացան մեր հերոսները, և հանուն ինչի պիտի նրանք պայքարեն ու շարունակեն մեր հերոսների անմահ սխրանքը»:

 

Անվանակոչված լսարան եւ պուրակ Ներքին Հոռաթաղում

 

Մարտի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցում համալսարանականները մասնակցեցին դասարաններից մեկի անվանակոչմանը և հիմնեցին պուրակ:

Արցախ կատարած շրջայցի երկրորդ օրը մայր բուհի ներկայացուցիչները՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, Ներքին Հոռաթաղ գյուղում մասնակցեցին դպրոցի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմակերպած մշակութային միջոցառումներին, որոնց ներկա էին նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և ուրիշներ:

Միջոցառումների շարքն ազդարարվեց ողջույնի խոսքերով: Նորայր Մարությանի մասին իրենց հիշողություններն ու մարտական ուղին ներկայացրին դպրոցի տնօրեն Մելանյա Դավթյանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը, ասպիրանտ-ազատամարտիկի մարտական ընկերները: Այնուհետև համալսարանականները հանդես եկան հայրենասիրական կատարումներով, դպրոցականներն ասմունքեցին Նորայր Մարությանի գրած բանաստեղծություններից:

Ներքին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց Նորայր Մարությանի անունով: Նախաձեռնությունը մայր բուհի ղեկավարությանն էր: ԵՊՀ ռեկտորը խոստացավ, որ շուտով կտրամադրի միջոցներ՝ դասարանը վերանորոգելու, ինչպես նաև այն նոր իրերով համալրելու համար:

Արամ Սիմոնյանը նշեց, որ Նորայր Մարությանը ԵՊՀ այն 27 զոհված ուսանող ազատամարտիկներից է, որ փայլուն ուղի է անցել իր հայրենի գյուղից մինչև լրագրության ասպարեզ. «Մենք բոլորս հպարտանում ենք, որ այդպիսի շրջանավարտ ենք ունեցել: Նրանց անունը, գործը, ապրելակերպն ու կյանքն ամբողջովին դաստիարակության հզոր ազդակ են մեր ուսանողներին հայրենասիրությամբ դաստիարակելու և ժողովրդի երջանիկ ապագայի համար պայքարելու գործում: Նորայր Մարությանի և մյուսների ապրած կյանքը մեզ համար դարձել է խորհրդանիշ, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը, երիտասարդը և իր ժողովրդի հոգսերով, առօրյայով, նրա ապագայով ու երջանկությամբ մտահոգ անձնավորությունը»:

Ներքին Հոռաթաղ գյուղի դպրոցը պատահական չէր ընտրվել, քանի որ Արցախյան ազատամարտի նվիրյալը, որը նաև «Ազատամարտ» շաբաթաթերթի հատուկ թղթակիցն էր Արցախում, ծնվել է Ներքին Հոռաթաղում և հաճախել տեղի միջնակարգ դպրոցը, պատերազմի տարիներին էլ մասնակցել գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին:

«Նորայրի տեսակն արդեն երկար տարիներ օրինակ է, որից պետք է վարակվեն ոչ միայն լրագրողները, այլև նոր սերնդի ներկայացուցիչները: Նրանք շատ բան ունեն սովորելու, գիտակցելու հայրենիքի ուժն ու ոգևորվելու»,- ասաց դպրոցի տնօրեն Մելանյա Դավթյանը:

Նշենք, որ ԵՊՀ պատվիրակությունը դատարկաձեռն չէր այցելել դպրոց. ԵՊՀ հրատարակած շուրջ 200 կտոր գիրք ու համակարգիչներ նվիրաբերվեց դպրոցին, իսկ դպրոցի ցածր դասարանների աշակերտները ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունից ստացան խաղալիքներ: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ խոստացավ հաճախ այցելել դպրոց՝ խնդիրներն անձամբ լուծելու ակնկալիքով:

Այնուհետև տեղի ունեցավ Նորայր Մարությանին նվիրված պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Համալսարանականներն ընկուզենիների ավելի քան 50  շիվեր տնկեցին այն ոգևորությամբ, որ տարիներ անց այդ շիվերը դառնալու են ծառեր, ապա իրենց գեղեցկությամբ զարդարելու են դպրոցի տարածքը:

 

Դասախոսություններ զորամասերում

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲՄարտի 19-ին ԵՊՀ մի շարք դասախոսներ Արցախի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում հանդես եկան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված դասախոսություններով, որի նպատակն էր նպաստել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորների ռազմաքաղաքական գիտելիքների զարգացմանը և նրանց մարտական ոգու բարձրացմանը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը ներկայացավ առօրյա սթրեսի հաղթահարման վերաբերյալ դասախոսությամբ: Ինչպես փաստում է մասնագետը, նորակոչիկների համար ծառայության առաջին վեց ամիսները բավականին ծանր շրջան են, և հետևաբար հարմարման լուրջ մեխանիզմներ են պետք, որպեսզի կենսագործունեության կտրուկ փոփոխման արդյունքում նրանք կարողանան հարմարվել, հաղթահարել միջանձնային նոր հարաբերությունները»:

Նույն ֆակուլտետի դասախոս Նվարդ Մելքոնյանն էլ, որը զինվորներին ներկայացրեց բանակի իմիջի մասին իր դասախոսությունը, նշեց՝ թեման բավականաչափ հետաքրքիր է, քանի որ ունկնդիրներն այս դեպքում իրենց ընկալում են ոչ միայն այդ իմիջի կրող, այլ նաև՝ որպես ձևավորող: Դասախոսության ընթացքում քննարկվեցին բոլոր այն կարծրատիպերը, որոնք ընկած են բանակի՝ որպես սոցիալական ինստիտուտի ձևավորման հիմքում:

Զորամասեր այցելած դասախոսները նաև գրքեր նվիրեցին տեղի գրադարաններին:

 

Ծառատունկ Բերձորում…

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲԱրցախյան այցի վերջին օրը՝ մարտի 20-ը, նշանավորվեց Բերձորում նոր պուրակի հիմնադրմամբ, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: ԵՊՀ-ականների արդեն բարի ավանդույթ դարձած ծառատունկն ամեն անգամ մի նոր խորհուրդ և մի նոր իմաստ է ստանում: Եվ պատահական չէ, որ այս անգամ էլ հիմք ընդունելով 25 տարի առաջ Խորհրդային Հայաստանի քաղաքացիների պատմական որոշումը՝ անկախությունն ընտրել որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի, այցի մասնակիցներն իրենց ձեռքերով հիմնադրած պուրակը նվիրեցին պատմական այս կարևոր իրադարձությանը:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես ծառատունկը սկսվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի աղոթք-օրհնանքով. «Ամեն անգամ, երբ մի նոր շյուղ ենք դնում այս հողում, դա մեզ պարտավորեցնում է ու հիշեցնում, որ մենք ենք տերն այս հողի, և հենց մենք պիտի պահենք ու պահպանենք այն: Հիշե՛ք, որ մենք պարտավոր ենք զորացնելու հայոց պետությունը՝ մեր պապերի երկիրը»:

 

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուս.՝ Տալիթա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Բանակ և հասարակություն


30/03/2016