ՏԱՆԿԵՐԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ
Ֆագոտ հակատանկային համալիրն իրավամբ համարվում է տանկերի ահն ու սարսափը: Արցախյան պատերազմի տարիներին ապացուցվել է մարտի դաշտում ֆագոտի կիրառման մեծ արդյունավետությունը:
Նկարում հակատանկային դասակի զինվորներն են: Ջոկի հրամանատարները մասնագիտական պարապմունք են անցկացնում նորակոչիկների հետ: Պարապմունքի թեման է՝ «Ֆագոտ հակատանկային համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը»:
-Ֆագոտը հակատանկային հրթիռային համալիր է, նախատեսված է անշարժ եւ շարժական զրահապատ նպատակակետերի, թեթեւ դաշտային կառույցների եւ կրակակետերի ոչնչացման համար,- իր գիտելիքներն է ներկայացնում նորակոչիկ Դերենիկ Ղարիբյանը:
Մի քանի հարց եմ տալիս Դերենիկին, փորձում եմ «ստուգել» նրա իմացության աստիճանը: Բոլոր հարցերին պատասխանում է արագ եւ ճիշտ:
-Համալիրում կիրառվում են երկու տիպի հրթիռներ, դրանց հեռահարությունը 2-2,5 կմ է, որոշակի անկյուններով հարվածելիս խոցում են մինչեւ 400 մմ հաստությամբ զրահը: Անձնակազմը երկու հոգի է, բայց պատերազմի ժամանակ կարող է դառնալ երեք: Հաշվարկի երրորդ զինվորի շնորհիվ հնարավոր է լինում ավելի շատ հրթիռներ տեղափոխել կրակակետ եւ համապատասխանաբար ավելի շատ թիրախներ խոցել:
Պատասխանատու սպայի հետ միասին հետեւում եմ պարապմունքի ընթացքին, փաստում, որ արդեն մեծ փորձառություն ունեցող ջոկի հրամանատարները գերազանց տիրապետում են իրենց ամրակցված սպառազինությանը: Կրտսեր սերժանտներ Ռուսլան Կշտոյանը, Մերուժան Խաչատրյանը, Արշալույս Իրիցյանը, Գառնիկ Ավագյանը, շարքային Դավիթ Փարվանյանը կարողանում են իրենց մասնագիտական հմտությունները փոխանցել նորեկներին: Նաեւ նրանց աշխատանքի արդյունքում Դերենիկը եւ մյուս նորակոչիկները կարճ ժամանակում յուրացրել են ֆագոտ համալիրի մարտական հաշվարկի գործողությունների կարգը: Մի քանի գործնական պարապմունքներից հետո նրանք կկարողանան նպատակային կիրառել հզոր զինատեսակը, որը մի քանի կիլոմետր հեռավորությունից խոցում է ցամաքային մարտի հիմնական հարվածային ուժ հանդիսացող տանկի զրահը:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ