ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Սուրբ Հարության կամ, ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել, Զատկի տոնին նախորդող Ավագ շաբաթը, Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և Հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար: Շաբաթը կոչվում է ավագ, քանի որ պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը: Ավագ շաբաթվա ամենահագեցած և կարևոր ուղերձներ կրող արարողակարգերից են Ավագ հինգշաբթին և Ավագ շաբաթվա ու զատկական Ավագ կիրակիի արարողակարգերը, որոնց մասնակցություն են ցուցաբերել նաև մեր հայրենիքի պաշտպանները՝ սպաներն ու զինվորները:
Ավագ հինգշաբթի
Իր աշակերտների հետ ունեցած վերջին երկրային ընթրիքի ավարտին Հիսուս Քրիստոսը ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ 12 առաքյալների առջև և խոնարհաբար լվաց նրանց ոտքերը` այդ կերպ հեզության և խոնարհության օրինակ ծառայելով նրանց: Շուրջ 900 տարի է, ինչ Զատկին նախորդող հինգշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին առավոտյան ժամերգությունից հետո կատարում է ապաշխարության կարգ և մատուցվում է Սուրբ Պատարագ: Դրանց հաջորդում է «Ոտնլվայի» արարողությունը, որը կատարվում է օրվա երկրորդ կեսին: Տիրոջ օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը:
Ոտնլվայի ծիսակարգի հեղինակը համարվում է Սբ. Եփրեմ Խուրի Ասորին (306-373թ.): Արարչակարգը 11-րդ դարում հայ եկեղեցի ներմուծեց Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը (1066-1105թթ.): Տարիների ընթացքում այդ կարգը գնալով հարստացավ հայկական գեղեցիկ շարականներով ու աղոթքներով, որոնցից են Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» աղոթքը:
Արևելքում տան անդամների և հյուրերի ոտքերը լվանում էին ծառաները` որպես հարգանքի արտահայտություն և մեծարանքի նշան: Քրիստոս, լվանալով իր աշակերտների ոտքերը, նրանց խոնարհության կենդանի օրինակ է տալիս:
Մարտի 24-ին «Ոտնլվայի» գեղեցիկ ու խորհրդանշական արարողակարգն անցկացվեց նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Սբ. Խաչ եկեղեցում: Այս անգամ, սակայն, սուրբ խորան բարձրացան ոչ թե երեխաները կամ եկեղեցու սպասավորները, այլ ազգային բանակի սպաներն ու ժամկետային զինծառայողները, իսկ «Ոտնլվայի» արարողակարգն անցկացրեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա նախ խաչով ու Ավետարանով օրհնեց խորանում դրված ջուրն ու յուղը, ապա «Պահպանիչ» աղոթքից հետո վերցրեց սրբիչն ու ծնկի գալով լվաց զինծառայողների աջ ոտքը՝ խաչաձև քսելով օրհնված յուղը:
Ավարտելով արարողակարգը՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դիմեց ներկաներին: Նա մասնավորապես նշեց՝ հաշվի առնելով նման արարողակարգերին հնարավորինս մեծ թվով զինծառայողների մասնակցության անհրաժեշտությունը, այս անգամ ներգրավվել են 12 խորհրդանշական թվից ավելի զինծառայողներ: Եպիսկոպոսը սիրով նկատեց՝ եթե անգամ ամբողջ բանակի զինվորների համար անցկացվեր այս արարողակարգը, դա էլ դեռ բավարար չէր լինի, քանի որ եկեղեցու սպասավորների համար գերագույն պատիվ է իրենց խոնարհությունն ու սերը, ինչպես նաև մեծարանքն արտահայտել մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ:
Վրթանես եպիսկոպոսը շեշտեց, որ ոտնլվայի արարողակարգի խորհրդի կարևոր բաղկացուցիչները Սերը և Խոնարհությունն են. «Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ հայոց բանակում, որ միաբանության ամենացայտուն օրինակն է և ամենամեծ միասնական ընտանիքը, խոնարհությունն ու սերը միմյանց հանդեպ ավելի շեշտադրված պետք է լինեն: Առավել ևս՝ մեր սպաների, մեր զինվորների շրջանում, նրանց մեջ, ովքեր մեր սահմանին են կանգնած, մեր հայրենիքի դիրքերն են պահում, այդ սերն ավելի խորունկ պետք է լինի: Ուստի շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ, սիրելի զինվորներ, որ այսօր խորան բարձրացաք: Երևի Ձեր կյանքում առաջին անգամ դուք կանգնեցիք Տիրոջ հանդիման, որն աներևույթ բազմած է խորանին: Ես ձեր ոտքերը լվացի և օծեցի յուղով: Թող այդ սրբազան ջուրը և օրհնված յուղը ձեզ ամոքեն բոլոր ցավերից, որպեսզի դուք էլ ձեր հերթին միմյանց հանդեպ միշտ լեցուն լինեք հավատարմությամբ, հանդուրժողականությամբ և եղբայրական սիրով»:
Ավագ շաբաթ եւ Զատկական կիրակի
Ավագ շաբաթ օրը երեկոյան աշխարհասփյուռ հայության բոլոր եկեղեցիներում տրվեց Քրիստոսի Հարության ավետիսը, և մենք մեկս մյուսիս ողջունեցինք՝ ասելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» եւ պատասխանելով՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»: Քրիստոսի Հարությամբ լուծվեց քառասունութօրյա պահեցողության շրջանը, հավատացյալները մոտեցան սուրբ խորանին, ստացան Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող հաղորդություն:
Կիրակի օրը, ինչպես հանրապետության բոլոր եկեղեցիներում, մայրաքաղաքի Սուրբ Աննա ու նրա կողքին գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ևս տեղի ունեցավ հրաշափառ Հարության զատկական պատարագի արարողությունը՝ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր քահանա Ավետիս Դանիելյանի հանդիսապետությամբ: Պատարագին մասնակցություն ունեցան նաև Անդրանիկ Օզանյանի անվ. զորամասի զինվորներն ու սպաները, իսկ քահանային սպասավորում էր զորամասի գնդերեց Վոլոդյա սարկավագ Նաջարյանը: Նա՝ որպես ավագ սարկավագ, մասնակցեց Սուրբ սեղանի սպասավորմանն ու սկիհի վերաբերման արարողությունը, ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանքը:
«Քրիստոսի հարությունը ամեն ինչի սկիզբն է,-ասում է Վոլոդյա սարկավագը,- եթե Քրիստոս հարություն չառներ, կնշանակեր, որ քրիստոնեկան կյանքը իզուր է, որովհետև Քրիստոսի հարության խորհրդով ենք մենք սպասում նրա երկրորդ գալստյանը և դատաստանից հետո պետք է հարություն առնենք Քրիստոսի օրինակով: Եվ եթե Քրիստոս այսօր հաղթեց աշխարհին, մեր եկեղեցին հաղթանակած տիրոջ և մենք՝ հաղթանակած հայոց բանակի զավակներն ենք»:
Պատարագից հետո եկեղեցու բակում շարունակվեց զատկական բարձր տրամադրությունը: Զինվորների՝ զենքն ամուր բռնելու և հարկ եղած դեպքում վասն հայրենյաց գործածելու վարժվող ձեռքերը երկնքի ֆոնի վրա մի խորհրդանշական խաչ պատկերեցին:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում