ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՆԾԱՆՈԹ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ
Սահմանային բախումներով պայմանավորված՝ սոցկայքերում և լրատվական դաշտում մեծացել են հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, կեղծ լրատվության կիջոցով խուճապ ստեղծելուն միտված քայլերը: Այդ նպատակով տեղեկատվական անվտանգության հայ մասնագետները խորհուրդ են տալիս առավելագույնս զգոն լինել տեղեկատվության տարածման հարցում:
Ինչպես «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացրել է տեղեկատվական դաշտը: Փորձագետը խորհուրդ է տալիս ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չտարածել ադրբեջանական տեղեկատվությունը։
– Այս պահին ադրբեջանական լրատվամիջոցները ամբողջությամբ վերահսկվում են ուժային կառույցների կողմից և տարածում են միայն խմբագրված նյութեր։ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չպետք է մեջբերել, տարածել նրանց լրատվությունը, քանի որ այս պահից սկսված դրանք թշնամու լրատվական մեքենայի քարոզչության մասն են կազմում, – շեշտում է նա:
Փորձագետը կոչ է անում հետևել տեղեկատվության անվտանգության նորմերին, զգոն լինել և ուղորդվել հետևյալ խորհուրդներով.
1․ Չօգտվել անծանոթ աղբյուրից։
2․ Բացառապես հրաժարվել, չտարածել որևէ տեղեկատվություն Ադրբեջանական մամուլից։
3․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանզի այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող կամ (որոշ երկների դեպքում) միակողմանի տրամադրություններ ունեցող մարդիկ են հեղինակները:
4․ Սոցցանցերում երբեք չի կարելի անհայտ օգտատերերին ընկալել որպես տեղեկատվության աղբյուր:
5․ Ընկերներից կամ ծանոթներից ստացված չստուգված տեղեկատվությունը չի կարելի միանգամից ինտերնետով տարածել։ Հիշեք, դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք և ձեզնից օպերատիվություն չի պահանջվում:
6. Զերծ մնալ ոչ հայկական պաշտոնական կայքերում հրապարակված իբր ռազմական գործողությունների տեսանյութերից , չտարածել դրանք:
7. Սոցկայքերում չընդունել ձեզ անծանոթ մարդկանց ընկերանալու առաջարկները:
8. Հրապարակային քննարկումներում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հայտարարությունները մեկնաբանելուց:
Ըստ փորձագետի, թեև հայկական օգտատերերի էջերին որևէ վտանգ այս պահին չի սպառնում, բայց հարկավոր է հետևել տեղեկատվական անվտանգության հիգիենային, որպեսզի բացառվեն էջերի խոցումը:
Բագրատ Մովսեսյան
Ավ.լեյտենանտ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում