Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿԳՆԱ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ



ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿԳՆԱ ՀԵՂԱՇՐՋՄԱՆԹուրքիայում տիրող բարդ իրավիճակը չի կարող հանգեցնել քաղաքացիական պատերազմի, բայցեւ չի բացառվում բանակի կողմից հեղաշրջման հնարավորությունը: Նման կարծիք է հայտնում թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքով՝ թեև թուրք հասարակության զգալի մասը դժգոհ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, այնուամենայնիվ, ներքաղաքական լուրջ պայքար Թուրքիայում դեռ հնարավոր չէ, մանավանդ քրդաբնակ բնակավայրերում փաստացի պատերազմի և վերջին ամիսների ընթացքում երկիրը ցնցած ահաբեկչությունների ֆոնին:

-Այսօր քրդաբնակ շրջաններում գործում են ազգային անվտանգության ուժերն ու բանակը: Այստեղ, իրոք, քրդերը կարող են ապստամբել: Թուրքիայի ներկայիս իրավիճակը վկայում է, որ իշխող կուսակցությունը չի կարողանում կառավարել երկիրը: Բայցեւայնպես, նախագահ Էրդողանի քաղաքականությունից դժգոհությունը, մանավանդ վերջին ահաբեկչություններից հետո, քաղաքացիական լուրջ ընդվզման առայժմ չի հանգեցնի: Միաժամանակ, չի կարելի բացառել, որ Թուրքիայում կարող է կրկնվել Հանրապետության շրջանի պատմական փորձը, և հնարավոր է՝ ներքաղաքական զարգացումներին միջամտի ազգային բանակը, ինչպես եղավ 1960, 1971 և 1980 թվականներին: Այն ժամանակ ևս երկրում առկա խոր ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց բանակի միջամտությամբ, – նշում է թուրքագետը:

Ըստ բանախոսի՝ «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության շուրջ դատավարությունը թեև բացասաբար է ազդել բանակային վերնախավի ներպետական դիրքերի վրա, սակայն նրանց կապը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կառույցների հետ շարունակում է կայուն մնալ և կարող է օգտագործվել:

-Ամերիկյան լրատվամիջոցների վերջին վերլուծականները վկայում են, որ Վաշինգտոնում մեծանում է դժգոհությունը Էրդողանի քաղաքականությունից, որի մասին արտահայտվել է նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Չի բացառվում, որ Միացյալ Նահանգներից համապատասխան ցուցումի դեպքում, բանակը տապալի գործող իշխանություններին այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2013 թվականին Եգիպտոսում, – կարծում է փորձագետը:

Հակոբ Չաքրյանի խոսքով՝ վերջին ահաբեկչական գործողությունները ձեռնտու էին Էրդողանին, քանի որ, փաստորեն, քաղաքական դաշտում խտացնում են վախի մթնոլորտը և նպաստում իշխող կուսակցության դիրքերի ամրապնդմանը, ինչն էլ վկայում են վերջին ընտրությունների արդյունքները:

-Փաստացի Էրդողանը շանտաժի լեզվով է խոսում նաև իր քաղաքացիների հետ՝ պնդելով, թե իր իշխանության թուլացումը կարող է քաոսի հանգեցնել և նոր ահաբեկությունների հանգեցնել: 2015 թվականի նոյեմբերին, երբ քրդաբնակ շրջաններում ռազմական գործողություններ ծավալվեցին, իշխող կուսակցությունը մեծ ջանքերի գնով, այնուամենայնիվ, կարողացավ կորզել ձայների մեծամասնությունը և միահեծան կառավարություն ձևավորել:

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործը հարուցվել է 2007 թվականի հունիսին, երբ Ստամբուլում զորացրված բանակային գեներալի տանը հայտնաբերվեց 28 հատ ձեռքի նռնակ: Հետաքննիչների հայտարարությամբ, դրանք պատկանել են մինչ այդ անհայտ «Էրգենեկոն» խմբավորմանը` գաղտնի համայնքին, որը զբաղվել է թուրքական հասարակության բոլոր ոլորտներում իր մարդկանց ներգրավմամբ և փորձել է ղեկավարել բանակը, ԶԼՄ- ները, քաղաքական կուսակցություններն ու ակադեմիական օղակները: 2007 թ. հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության պատասխանատվությունը կցվել է «Էրգենեկոնի» գործին: Ըստ մեղադրանքի, այդ կազմակերպության մարտիկները նախատեսում էին նաև գրող Օրհան Փամուկի սպանությունը` Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշման համար: Պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով «Էրգենեկոնի» գործով ձերբակալվել են տասնյակ բարձրագույն զինվորականներ:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ.լեյտենանտ

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Տարածաշրջան


07/04/2016