ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայ ձյուդոյիստը հաղթել է Աթենքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում: 55 կգ քաշային կարգում Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել թուրք Չելիկ Էմրեի նկատմամբ, այնուհետեւ հաղթել է վրացի Գիորգի Նիազաշվիլիին եւ Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը պարտության է մատնել ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին եւ դարձել է Եվրոպայի գավաթակիր:
Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ ԶՈՒ կենտրոնական մարզական ակումբում: 2015 թվականի լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է: Հրամանատարների համար Շահենի հաջողությունը պատահական չէր: Նրանից միայն հաղթանակ էին ակնկալում, եւ բոլոր սպասելիքներն իրականացան:
-Շահենը կարգապահ, զուսպ, չափազանց համեստ անձնավորություն է: Ծառայության ընթացքում չի թերանում, երբեք դիտողության առիթ չի տալիս: Կանոնավոր մարզվում է, նույնիսկ ազատ ժամերին: Նպատակաուղղված գնում է առաջ, տարբեր միջազգային մրցույթներում եւ Հայաստանի առաջնությունում գերազանց է հանդես գալիս: 2013թ.՝ ՀՀ չեմպիոն, Եվրոպայի պատանիների առաջնության 5-րդ տեղ, 2014թ.՝ Եվրոպայի մրցաշարում 2-րդ տեղ եւ այլն, այժմ էլ ահա պատվավոր առաջին տեղ միջազգային հեղինակավոր մրցույթում: Վստահ եմ, որ նա նորանոր հաղթանակներ է ունենալու, որովհետեւ տեսնում եմ՝ վստահ է իր ուժերի վրա, լուրջ է մոտենում ամենածանր մենամարտին: Աթենք ճանապարհելիս ձեռքը սեղմեցի, հարցրի՝ ինչպես է տրամադրված: Ժպտալով պատասխանեց՝ հաղթելու եմ, հանգիստ եղեք, ամոթով չեմ թողնի,- նշեց ԲԿՄԱ-ի մարզական աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, մայոր Սոս Սարգսյանը:
Շահենի հաղթանակը հատկապես կարեւորվում է վերջին օրերին Արցախում ընթացող ռազմական գործողությունների համատեքստում:
-Արցախում կատարվող իրադարձություններին էինք հետեւում, լարվածությունը շատ մեծ էր: Յուրաքանչյուրիս գործողության մեջ որոշակի լարվածություն կար: Հենց նույն պահին ստացանք Շահենի հաղթանակի լուրը: Անասելի ոգեւորություն տիրեց զորամասում: Արդեն սկսեցինք կատակել, թե Շահենը թուրքին եւ ադրբեջանցուն տապալեց գետնին, դրանք էլ նեղսրտած՝ կռիվ սկսեցին: Առավոտյան տողանի ժամանակ ուրախալի լուրը հայտնեցինք անձնակազմին: Նշեցինք, որ իր ելույթով հայ մարզիկն ապացուցեց՝ հայ զինվորը հաղթում է ոչ միայն մարտի դաշտում:
Շահեն Աբաղյանի հաղթանակը նաեւ իր ընտանիքի հաղթանակն է: Հայրը՝ Կարեն Աբաղյանը, ձյուդոյի պատանեկան հավաքականի մարզիչ է, որդու թիվ մեկ մասնագիտական խորհրդատուն: Մայրը՝ Վիկտորյա Աբաղյանը, ուսուցչուհի է, որի շնորհիվ Շահենը հայրենիքի հանդեպ անսպառ սիրով է լցված: Իր տղայի հաջողության մասին լուրը լսելիս շատ է ուրախացել.
-Հայրենիքի համար այս ծանր օրերին բոլոր զինվորներին մաղթում եմ հաղթանակներ եւ ոգու ամրություն: Իմ տղան ապացուցեց, որ ոգով ամուր ազգը երբեք ծնկի չի գա:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ազգային բանակ