ԵՍ ՇԱՏ ՀԱՅԵՐԻ ՓՐԿԵՑԻ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՏԵԼՈՒՑ
Ադրբեջանի ժողովրդական գրող, «Քարե երազներ» հանրահայտ գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի չընթերցված ելույթը՝ գրված մարտի 31-ին Վենետիկի «Քաղաքակրթությունների խաչմերուկ» միջազգային գրական փառատոնի համար:
Գրողն այսօր, ըստ լուրերի, կալանավորված է:
Ադրբեջանցի անվանի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որ հայերեն մի քանի թարգմանություն ունեցավ, կարճ ժամանակում լայն և միաժամանակ տրամագծորեն հակընդդեմ արձագանքների արժանացավ հատկապես Հայաստանում և Ադրբեջանում:
Կասկածից վեր է, որ դրա պատճառը հայկական խնդիրների արծարծումն է. հեղինակը նկարագրում է 1980-ական թվականների վերջին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերը և հասարակական-քաղաքական կյանքում ծավալված հակահայկական հիստերիան: Ինչ խոսք, Ադրբեջանում տիրող ամբողջատիրական վարչակարգի, ավելի ստույգ` բռնապետության և ազգայնամոլության պայմաններում սույն վեպի հրատարակումը խիստ համարձակ և խիզախ քայլ էր:
Ա. Այլիսլին դեռևս Խորհրդային Ադրբեջանում լայն ճանաչման արժանացած ամենահայտնի գրողներից է: Նա Ադրբեջանի անկախության տարիներին արժանացել է բազմաթիվ բարձրագույն պարգևների, շքանշանների և կոչումների, այդ թվում` Ադրբեջանի ժողովրդական գրողի, մշակույթի վաստակավոր գործչի:
Անվիճելի է, որ Ադրբեջանում գեղարվեստական գրականությունը ևս քաղաքականացված է, և ազատ ստեղծագործող մտքին փոխարինել են պետական պատվերներով իրականացվող զեղծարարությունները, ազգայնամոլական թեմաները, ազգամիջյան թշնամանքի հրահրումը և քարոզը: Ուստի միանգամայն օրինաչափ է, որ նման պայմաններում այդ կաղապարները խախտող ցանկացած գրող պետք է դառնար իշխանությունների և հասարակության գերակշռող մասի թիրախը: Այդպես եղավ Ա. Այլիսլիի պարագայում, երբ վեպի հրատարակումից հետո նրա նկատմամբ Ադրբեջանում սկսվեց լայնածավալ հալածանքի արշավ. նրա հասցեին տեղացին բացահայտ սպառնալիքներ, միմյանց հաջորդեցին ազգայնական բողոքի ելույթներ, նրա գրքերի հրապարակային հրկիզումներ, կոչումներից զրկում և այլն:
«Քարե երազները», որը հեղինակը համարում է վեպ-ռեքվիեմ, վաղուց արդեն ապացուցման կարիք չունեցող պատմական ճշմարտության արտացոլումն է: Այն բավականին հետաքրքիր կառուցվածք ունի. գրողը պատմում է նաև 20-րդ դարի սկզբին Ագուլիսում տեղի ունեցած հայկական կոտորածների մասին և զուգահեռներ անցկացնում դրանց և 1980-ականների վերջին Սումգայիթի, Բաքվի հայերի ջարդերի, հակահայկական գործողությունների միջև: Հեղինակը հնարավորություն է ընձեռում ադրբեջանցու շուրթերից լսելու և ընկալելու այդ ժամանակաշրջանում երկրում տիրող ներքին բարոյահոգեբանական իրավիճակի առանձնահատկությունները, հայերի հանդեպ արմատացող ազգայնամոլական թշնամանքը:
Դեռ Բաքվում, երբ ես մտածեցի՝ ինչից պետք է սկսեմ իմ ելույթը, եթե հանկարծ դրա կարիքն այստեղ զգացվի, անմիջապես էլ մտքովս անցան հետեւյալ տագնապալի բառերը. «Ձեր առջեւ կանգնած է բացարձակապես անպաշտպան մի մարդ»: Եվ անմիջապես էլ լսեցի իմ վրդովված ներքին ձայնը.
-Մի՛ դժգոհիր,- ասաց նա,- մի՛ փնթփնթա պառավի պես: Դու մենակ չես՝ այս աշխարհում քեզնից շատ ավելի անպաշտպաններ կան:
Պատմության մեջ լինում են ժամանակներ, երբ մարդու հոգու դատարկությունը ոչինչ չի կարող լցնել՝ ո՛չ կրոնը, ո՛չ գիտությունը, ո՛չ գրականությունը:
Հոգու եւ գեղարվեստի հեղինակություններն ասես անվերադարձ մնացել են անցյալում:
Անգամ զարգացած երկրների պետական ինստիտուտները անզոր եղան բարոյահոգեբանական այս փակուղուց դուրս գալու դույզն-ինչ ընդունելի գաղափար առաջարկել:
Ժամանակին իմ հավատակից հայրենակիցները անիծում էին սովետներին՝ հավատի տաճարների դռները մեր առջեւ փակելու համար: Հիմա իմ երկրում մզկիթների թիվը շուտով կհավասարվի դպրոցների թվին, սակայն իմ հայրենակիցներից եւ ոչ մեկը Աստծուն ավելի մոտ չէ:
Մենք բոլորս հիմա անպաշտպան ենք: Անպաշտպան են ոչ միայն մարդիկ, այլեւ ամբողջ ժողովուրդներ, ազգեր:
Ոչ ոք չի ուզում պատասխան տալ հարյուր հազարավոր կործանված կյանքերի եւ միլիոնավոր մարդկանց խեղված ճակատագրերի համար:
Սոլժենիցինն ասում էր՝ բռնությունն ու սուտը միասին են հանդես գալիս: Բռնությունը չի կարող եւ ընդունակ չէ միայնակ գոյություն ունենալ, նա պետք է միահյուսվի ստի ու կեղծիքի հետ:
Մեծ թվով մարդիկ, որոնց հոգին փուչ ու դատարկ է, պատսպարվելով ազգային կոչվող գաղափարախոսությամբ, անպատժելիորեն թշնամանքի սերմեր են ցանում այն ժողովուրդների եւ ազգությունների միջեւ, որոնք դեռ երեկ կողք կողքի խաղաղ ապրում էին:
Երբ մեղսագործների հետ ես ապրում, մեղքը քեզ էլ է դիպչում: Սակայն գրողը գրող է, եթե կարողանում է նույնիսկ ամենածայրահեղ վտանգավոր միջավայրում հավատարիմ մնալ ճշմարտությանը:
«Ճշմարտությունը Նեկրասովից էլ է բարձր, Պուշկինից էլ, ժողովրդից էլ, Ռուսաստանից էլ»,- ժամանակին ասել է Դոստոեւսկին:
Սակայն ընթերցողին հավատարիմ լինելու երջանկությունը քիչ գրողների է տրված:
Գրողը նա է, ով ժողովրդի բարոյական անանց արժեքների արտահայտիչն է, եւ ժողովուրդն իր ցավը վստահում է նրան: Իսկ երբ ժողովուրդն իր դեմքն է կորցնում, ամենից շատ տառապում եւ տուժում են հենց գրողները:
Իշխանությունների հոգեբանությունը չի հանդուրժում այն գրողներին, որոնք իրենց վերաբեմունքն ունեն հասարակության համար ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձությունների հանդեպ: Այդպիսի գրողներին իշխանությունները խիստ են պատժում եւ դաժանորեն:
Եվ իմ դեպքում նույնպես՝ գործեցին անխղճորեն եւ դաժանաբար:
Սակայն այս մասին ես շատ չեմ բացվի. չեմ ուզում օտարների աչքին իմ փոքրիկ երկիրը խայտառակել: Նույնիսկ այն ամենից հետո, ինչ իմ գլխին թափեցին երկրի ներկայիս իշխանությունները, ես իմ երկիրը պակաս չեմ սիրում:
Իմ կայնքի պատմության մեջ շատ տխուր էջեր կան, բայց եւ քիչ չեն օգտակար եւ անհրաժեշտ դասերը:
Ինձ թվում է, որ իմ աննշան ստեղծագործություններով, որոնք հիմա նաեւ իտալերեն են հրատարակվել, ես կարողացա իմ գլխավոր նպատակին հասնել՝ շատ հայերի փրկել իմ ժողովրդին ատելուց:
Եվ մեկ անգամ էլ համոզվեցի, որ մեր ժողովուրդները յուրաքանչյուրն իր համար գեղեցիկ է, բայց չքնաղ են, երբ միասին են:
Ես միշտ էլ գիտակցել եմ, որ անտեսանելիից տեսանելի ճանապարհը կարելի է անցնել միայն տառապանքների գնով: Հիմա ես այդ ճանապարհը կտրել եմ իմ սեփական քայլերով՝ ջանալով չսայթաքել, չընկնել:
Պահեր են լինում կյանքում, որոնք մի քանի կյանք արժեն: Իմ կյանքի այս դրվագում ես ինչ-որ մեկի համար հերոս եմ, ինչ-որ մեկի համար՝ դավաճան: Իսկ ինքս եւ ոչ մի րոպե չեմ կասկածել, որ ո՛չ հերոս եմ, ո՛չ էլ դավաճան, այլ սովորական գրող, հումանիստ, որի սիրտը տառապում է ուրիշի ցավով:
Ես հայտնվեցի Գալիլեյի վիճակում, որ երբեք չկասկածեց իր ճշմարտացիությանը, սակայն ես իմ այս ճշմարտությամբ չկարողացա ներթափանցել հասարակայնորեն ընդունված դոգմաների պահապանների ժանգոտած սրտերը:
Ես կորցրի հանգիստս եւ զրկվեցի բարեկեցիկ կյանքից՝ հանուն այն փոքրիկ քայլի, որ արեցի աշխարհագրորեն մոտիկ եւ հարեւան երկու ժողովուրդների մերձեցման:
Եվ ես չունեմ ավելի մեծ երազանք, քան նորից նրանց միասին տեսնելը:
Ես շատ եմ ուզում ապրել մինչեւ այդ լուսավոր օրը:
Պատրաստեց Գ. Ասատրյանը
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Հոգևոր-մշակութային, Տարածաշրջան