Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՐՍ ՈՒ «ԶՈՐԱՄԱՍԻՆ ԿՑՎԱԾ» ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ



ՀՈՐՍ ՈՒ «ԶՈՐԱՄԱՍԻՆ ԿՑՎԱԾ» ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆՔեռի՜, ինձ ե՞րբ ես տանելու քո տուն,- հարցնում է հորաքրոջս հնգամյա դուստրը:

Նա նկատել է,  որ քեռին մեկմեկ է մեր տուն «հյուր գալիս» եւ շուտ էլ գնում է իր «տուն», այսինքն՝ զորամաս:

Առանց հանգստյան օրերի, առանց հստակ աշխատանքային ժամերի. այդպես է բոլոր զինվորականների կյանքը՝ լարված եւ ընտանիքից կտրված:

Հայրս մասնակցել է մեր գյուղի՝ Պառավաքարի ինքնապաշտպանությանը, ապա բանակաշինության տարիներից ծառայության անցել զինված ուժերում: Ավելի մեծ նվիրում եւ պատասխանատվություն պահանջող մասնագիտություն, քան զինվորականինը, դժվար թե լինի: Իսկ 1990-ականների սկիզբը՝ բանակի ձեւավորման ու կայացման դժվարին տարիները, պետք է պահանջեին գերնվիրում, գերլարում: Հայրս ոչինչ չի խնայել մեր բանակի կայացման համար: Նա իրեն պատասխանատու էր զգում ամեն ինչի համար, անգամ ի պաշտոնե իրեն չպատկանող ու չվերաբերող բաների: Հիշում եմ՝ մի անգամ 1995, թե 1996 թվականներին, տեխնիկական պատճառներով, կարծեմ՝ մեքենան փչացել էր ճանապարհին, զորամասի հացը ուշանալու էր: Մայրս այդ օրը հենց հաց էր թխում: Հայրս ամբողջ հացը վերցրեց ու տաքտաք զորամաս տարավ: Հիմա ես գիտեմ, որ հայրենասիրությունը նաեւ հացի բույր ունի:

Հայրս եղբայրներիս երեքին էլ վերաբերվում էր ինչպես զինվորների, ո՛չ, ապագա չէ, այլ հենց զինվորների: Հիմա արդեն երեքն էլ կատարել են իրենց զինվորական պարտքը: Սիրում էր կարգուկանոնը, խիստ էր, մեծագույն հարգանք էր տածում, ակնածանք ուներ պետական խորհրդանիշների, զինվորական համազգեստի նկատմամբ:

Ես, բնականաբար, արտոնյալ էի, բայց ես էլ իմ փոքրիկ պարտականություններն ունեի: Իրենց նորաստեղծ ընտանիքների հետ  գյուղ էին տեղափոխվում երիտասարդ, նորավարտ սպաները:  Նրանց կանանց համար հեշտ չէր հարմարվել գյուղական պայմաններին, բոլորովին անծանոթ միջավայրին, իսկ ամուսինների՝ դիրքեր բարձրացած ժամանակ՝ տասնհինգ օր փոքրիկ երեխաների հետ մենակ մնալուն: Այդ տասնհինգ օրերը իմ «հերթապահության» օրերն էին: Ես պարտավոր էի լավ ընկերուհի լինել նրանց համար, անհրաժեշտության դեպքում՝ գիշերել նրանց տանը, որ մենակ չլինեն, չվախենան:

Մենք հատուկ պարտականություններով զորամասին կցված ընտանի՞ք ենք,- երբեմն կեսկատակկեսլուրջ փորձում էր բողոքել մայրս:

Բոլոր զինվորականների ընտանիքներն էլ զորամասին կցված են,- խստաբարո պատասխանում էր հայրս:

Չեմ հիշում որեւէ Նոր Տարի, որը հայրս մեզ հետ դիմավորած լինի.

Տանը չորս երեխա ունեմ, սահմանին կանգնած՝ երեք հարյուր,- ասում էր հայրս:

Հուզմունքով եմ լսում, որ հիմա էլ զինծառայողները սպասում են՝ Վարդանյանը, ուր որ է, պիտի գա իրենց տոնը շնորհավորելուԹեեւ արդեն զինվորներին շնորհավորելու են գնում եղբայրներս:

Հրածին ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵՊՀ սփյուռքագիտության բաժնի ասպիրանտ

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն


07/04/2016