Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



ԹԱԼԻՇՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ

Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում հատկապես  այսօր ընթանում են բավականին լուրջ խմորումներ… Այնտեղ կազմակերպվում են ինքնաբուխ, այսպես ասած, միջոցառումներ, որոնք նախեւառաջ ուղղված են թալիշներին պատերազմից հեռու պահելուն: Իսկ դա այսօր ամենակարեւորն է նրանց համար: Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները հիմնականում առաջին գիծ են մղում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին` թալիշներին, լեզգիներին, մյուսներին, եւ եթե նայենք զոհվածների ցանկը՝ կտեսնենք, որ բավական զգալի թիվ են կազմում հենց ազգային կամ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները: Թալիշստանի ազգային հեռուստաընկերության ունեցած տեղեկություններով, որն այդ խմորումների հիմնական կենտրոնն է, այդ ճակատում այսօր բավական լուրջ զարգացումներ են սպասվում: Եվ դրանք պայմանավորված են նաեւ արցախ-ադրբեջանական հակամարտությունով:

Թալիշ ակտիվիստները հետապնդվում, նրանց հեռախոսները գաղտնալսվում են: Բայց, այնուհանդերձ, բավական զարմանալի է, որ այդօրինակ դժվար եւ վտանգավոր պայմաններում անգամ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, նախեւառաջ թալիշները, ակտիվորեն լծված են  իրենց որդիներին պատերազմից հեռու պահելու գործին: Համենայն դեպս, արդեն հիմա թալիշների մեծ մասը այլեւս չի հավատում՝ Ադրբեջանը մեր ընդհանուր հայրենիքն է, պետք է պայքարենք ընդհանուր հայրենիքի համար, կոչերին… Թալիշների մեծ մասը դեմ է որեւէ ինքնավարության Ադրբեջանի կազմում:

Թալիշ ժողովուրդն այսօր ձգտում է անկախության եւ մի նպատակ ունի՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ:

ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

պրոֆեսոր

 

ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ«Հայ զինվորը» տարիներ շարունակ հետեւողականորեն անդրադառնում է Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ թալիշների, որոնք թվով չորրորդ ազգությունն են Անդրկովկասում, պատմությանը, ինքնատիպ մշակույթին, ինչպես նաեւ օրեցօր թափ  առնող նրանց ազգային ինքնագիտակցության արթնացման շարժումներին… Մենք առաջինն ենք մեր ընթերցողին ներկայացրել Երեւանում անցկացված թալիշագիտական միջազգային գիտաժողովների ընթացքում քննարկված հարցերը, Ադրբեջանում հալածանքների ենթարկված թալիշ մտավորականներին, Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը, որը կարճ ժամանակամիջոցում հասցրել է վերածվելու թալիշ ազատասեր ժողովրդին համախմբող գործոնի, նրանց լավագույն իղձերի թարգմանի… Մենք ուրախ ենք արձանագրելու, որ մոտենում է Անդրկովկասյան մինի կայսրությունների՝ որպիսին է Ադրբեջանը, վախճանը, եւ այնտեղ բանտարկված բնիկ ժողովուրդների ազատագրության ժամը…

 

Ադրբեջանի անվտանգության հիմնական սպառնալիքը Թալիշստանի ազգային հեռուստատեսությունն է: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից, հայտնի քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Իլհամ Իսմայիլը:

Իսմայիլը մարտի 15-ին ելույթ է ունեցել ադրբեջանական Kanal13 հեռուստատեսության Aktual հաղորդաշարի եթերում՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև թալիշական խնդրին: Քաղաքագետն ասել է, թե այս հարցը այսօր բավական սուր բնույթ է ստացել և օրավուր ավելի հստակ գծագիր է դրսեւորում: Իր հարցազրույցի մի զգալի հատված նա նվիրել է նախանցյալ տարվա նոյեմբերին հիմնադրված Թալիշստանի ազգային հեռուստատեսությանը (ԹԱՀ)՝ ընդգծելով, որ այսօր թալիշական շարժումը խթանել է հենց ԹԱՀ-ը:

«Ըստ էության,- ասում է նա,- ներկայումս Ադրբեջանի անվտանգությանն սպառնացող հիմնական վտանգը գալիս է այս հեռուստաալիքից»: Փորձագետը կարծում է, որ ԹԱՀ-ը ստեղծել են Ռուսաստանը և Հայաստանը, և որ հատկապես հստակ երևում է դրա ռուսական կողմնորոշումը: Հեռուստահաղորդումները սկսող և ավարտող Թալիշստանի ազգային հիմնը, ինչպես նաեւ Լենքորանի՝ որպես մայրաքաղաքի, հիմնը, Իսմայիլի կարծիքով, գրված է ռուս կոմպոզիտորի ձեռքով, և դրանք կատարել է ռուսական ռազմական երգչախումբը: Այս քաղաքագետը, վերստին ելնելով իր երկրի անվտանգության խնդիրներով մտահոգ մարդու կարգավիճակից, առաջարկում է մի շարք դեղատոմսեր, թե ինչպես պայքարել ԹԱՀ-ի դեմ: Նախ՝ նա քննադատում է համապատասխան մարմիններին՝ պասիվ գործելակերպի համար և կոչ է անում առավել գործուն լծվելու այս հեռուստաալիքի դեմ պայքարին:

Քաղաքագետի կարծիքով՝ գոյություն ունի երկու մոտեցում՝ իրավական և հատուկ ծառայությունների մակարդակի:

«Իրավական հարթության վրա,- առաջարկում է Իսմայիլը,- պետք է դիմել Ռուսաստանի կառավարությանը՝ այս հեռուստատեսությունը կա՛մ փակելու, կա՛մ էլ դրա քաղաքականությունը փոխելու պահանջով: Իսկ հատուկ ծառայությունները պետք է ակտիվորեն ձգտեն իրենց հնարավորությունների սահմաններում խոչընդոտելու ԹԱՀ-ի գործունեությունը»: Նա նույնիսկ կարծում է, որ պետք է օգտագործել հեռուստատեսությունը ղեկավարող և այնտեղ աշխատող անձանց Ադրբեջանում գտնվող հարազատների և բարեկամների գործոնը:

Փորձագետի ելույթը բնավ պատահական չէ, քանի որ այն արդեն իսկ մշակված ծրագրի հնչեցման փորձ է: Հենց այս ծրագրի համատեքստում պետք է դիտարկել, օրինակ, մի քանի ամիս առաջ Բաքվում ազգությամբ թալիշ ոմն մեծահարուստ Մեհդիբեյ Սաֆարովի ստեղծած համացանցային HIRKON TV անունը կրող, իբր, թալիշական հեռուստատեսության ստեղծումը, որը, բնականաբար, Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է: Մինչ օրս եթեր է հեռարձակվել 45 րոպեանոց երեք հաղորդում, որ չափազանց սահմանափակ դիտում է արձանագրել: Հատկանշական է, որ երկրորդ հաղորդման շոշափելի մի հատվածը նվիրված է եղել Խոջալուին, և ամենախիստ գնահատումներով այս դեպքը վերագրվում է հայերին: Նման ողբ ու կոծ անգամ ադրբեջանցիները երբևէ չեն բարձրացրել այս կապակցությամբ:

ԹԱՀ-ին երկընտրանք ստեղծելու այս անհաջող փորձը կարելի է համարել տապալված: HIRKON TV-ն բոլոր առումներով նույնիսկ չի կարող համեմատվել ԹԱՀ-ի հետ՝ իր անքանքար, անհեթեթ ու պարզունակ մակարդակով՝ մի կողմ թողնելով դրա ադրբեջանական ենթաշերտը: Նույն հարթության վրա է, անշուշտ, նաև երկու օր առաջ համացանցում տեղադրված Ադրբեջանի հատուկ ծառայություններից սնվող թալիշ մի քանի կոլաբորացիոնիստ գործիչների (Զահիրադդին Իբրահիմի, Սաբիր Շինդանի, Ռաֆիգ Ջալիլովի և այլոց) «հայտարարությունը»՝ ուղղված ԹԱՀ-ի դեմ, որին ներկայացվող հիմնական մեղադրանքը անկախ Թալիշստան ստեղծելու և Ադրբեջանը քայքայելու ձգտումն է: Նման հայտարարություն է արել նաև վերոհիշյալ Մեհդիբեյ Սաֆարովը:

Հաշվի առնելով ԹԱՀ-ի հանդեպ նման արմատական մոտեցումը՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանի իշխանություններն իրոք սարսափած են երկրում օրավուր աճող թալիշական գործոնից և փորձում են միջոցներ գտնել դրա դեմ:

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


07/04/2016