Օ՜Ն ԱՆԴՐ ՅԱՌԱՋ
Ի զէն, ի վրէ՜ժ, օ՛ն անդր յառաջ,
Ի զէ՜ն, ի վրէ՜ժ, մի՜ ձախ մի՜ յաջ…
Մեր բանակը կրկին հաղթելու է ադրբեջանական բանակին, մեր ժողովուրդը կրկին հաղթելու է Ադրբեջանի ժողովրդին:
Մենք կասեցրինք մեր հողը մտած հակառակորդի առաջխաղացումը ու ետ շպրտեցինք նրան: Հայ զինվորն ապացուցեց, որ ամուր կանգնած է իր նախնիների հողի վրա ու երբեք, ոչ մեկին թույլ չի տա ասպատակելու իր հայրենիքը:
Երբեք մեր ժողովուրդը այսքան հզոր ու հերոսական չի եղել:
Երբեք Հայաստանը, Սփյուռքը, Արցախն ու մեր բանակը այսքան միահամուռ, ոգեղեն ու ամուր չեն եղել:
Մենք հաղթել ու հաղթելու ենք, որովհետեւ մեր ժողովուրդը, ամբողջ աշխարհի հայությունը հայրենիքի հանդեպ իր անձնազոհ սիրով կանգնած է մեր բանակի թիկունքին, պատրաստ կյանքը նվիրաբերելու հայոց անգամ մի թիզ հողի համար:
Մենք հաղթել ու հաղթելու ենք, քանի որ վտանգի պահին զորք է ու բանակ է դառնում ամբողջ հայ ժողովուրդը: Ես կրկին հիացած եմ հայ զինվորի կամքով, ուժով, քաջությամբ, հայրենասիրությամբ:
Հայ զինվորից լավ զինվոր չկա աշխարհում:
Հայ զինվորից քաջ զինվոր չկա աշխարհում:
Հայ զինվորի պես իր հայրենիքը սիրող զինվոր չկա:
Այս արկածախնդրությունը շատ ծանր հետեւանքներ ունեցավ Ադրբեջանի համար եւ դեռ կունենա: Ադրբեջանը մարդկային եւ նյութական մեծ կորուստներ ունեցավ. ապացուցելով, որ իր հոխորտանքները սնամեջ են ու սուտ:
Մենք ենք այսօր դրության տերը: Ու վճռական ենք տրամադրված: Ադրբեջանի ղեկավարությունը դեռ պիտի բացատրի իր ժողովրդին, թե ինչի համար էին այդքան մարդկային կորուստները, թե ինչու փորձեց ներխուժել ուրիշի հողը ու կոտորեց իր զավակներին:
ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԼՂՀ ՊԲ հրամանատար
գեներալ-լեյտենանտ
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում