Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տ-90 ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԸ



Տ-90 ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԸՌուսական Տ-90-ը նախագծվել է 1980-ականների վերջին: Սպառազինության է ընդունվել 1992-1993թ.թ.: Տ-90-ը համաշխարհային շուկայում ամենավաճառվող հիմնական տանկերից է: Արտահանվող տարբերակի շուկայական արժեքը մոտ 118 միլիոն ռուսական ռուբլի է:

Ունի դասական կառուցվածք: Մարտական զանգվածը 46,5 տոննա է: Անձնակազմը բաղկացած է երեք հոգուց՝ տանկի հրամանատար, նշանառու-օպերատոր եւ մեխանիկ-վարորդ: Սպառազինված է 125 մմ-անոց թնդանոթով, որը կարող է րոպեում 7-8 կրակոց արձակել: Մարտապաշարը 22-42 արկ է: Արկերը լիցքավորվում են ավտոմատ կամ մեխանիկական տարբերակով: Տեղադրված է թնդանոթի փողի հորիզոնական եւ ուղղահայաց կայունացման համակարգ: Զրահահար, բեկորա-ֆուգասային, կումուլյատիվ (կուտակային) արկերով տանկը կանգնած վիճակից կամ մինչեւ 30 կմ արագությամբ շարժվելիս կարող է խոցել ինչպես անշարժ, այնպես էլ մինչեւ 70 կմ արագությամբ շարժվող թիրախներ: Կրակի կառավարումը եւ խոցումը կատարվում է ավտոմատացված ռեժիմով:

Թնդանոթին կցված է 7,62 մմ-անոց գնդացիր՝ 2000 փամփուշտով: Առկա է նաեւ 12,7 մմ-անոց զենիթային գնդացիր: Տ-90-ը կարող է կրակել նաեւ լազերային ճառագայթով ուղղորդվող հրթիռներով: Հրթիռի հեռահարությունը մինչեւ 5000 մետր է: Գիշերային տեսանելիության համակարգի շնորհիվ նշանառուն կարող է հակառակորդի տանկը տեսնել մոտ 4000 մետրից:

Տանկն ունի դինամիկ պաշտպանության հզոր համակարգ: Այն հնարավորություն է տալիս պայթեցնելու հակառակորդի արձակած արկերը, ինչպես նաեւ անձնակազմը կարող է շեղել հրթիռների ուղղությունը, խոցել դրանք կամ ռադիոէլեկտրոնային ճնշում գործադրել:

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ռազմական


13/04/2016