Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ժ.3:00-ին ադրբեջանական կողմի սանձազերծած Քառօրյա պատերազմում թշնամին Արցախի պաշտպանության բանակի դեմ մղում էր 6-րդ սերնդի պատերազմ: Այսինքն` նոր տեսակի` բարձրտեխնոլոգիական ռազմագործողություններ:

Եվ միայն հայ զինվորների ու սպաների խիզախությունը և ընդհանրապես հայոց զինուժի գենետիկորեն ժառանգած մարտունակությունն էր, որ խառնեց նենգ թշնամու դավադիր պլանները և հարկադրեց նրան փախուստի դիմել` տալով մեծաքանակ զոհեր և մարտական ամենաարդիական տեխնիկայի ոչնչացված մի քանի տասնյակ միավորների կորուստներ:

Սակայն հրադադարի հաստատումը հնարավորություն է տալու թշնամուն վերախմբավորվելու, գնահատելու իր կորուստներն ու սխալները և առավել արդյունավետորեն պատրաստվելու հետագա` ավելի խոշոր ռազմական ընդհարումներին:

Եվ այդ անխուսափելի ռազմագործողություններում թշնամին դարձյալ եւ առավել լայնորեն կիրառելու է ամենաարդիական ռազմատեխնիկական միջոցները, որոնցից մի քանիսը նա բավական հաջողությամբ կիրառեց Քառօրյա պատերազմում (որը իրականում հետախուզություն էր մարտով):

Առավել ուշագրավներից մեկը իսրայելական արտադրության «Հարոփ» անօդաչու թռչող սարքն է (ԱԹՍ):

Վերջինս իրենից ներկայացնում է հետախուզական-հարվածային մարտական միջոց: Մշակվել է իսրայելական «Տաասիա ավարիտ» ռազմաարդյունաբերական կոնցեռնի մասը կազմող «Մաբաթ» ռազմաարդյունաբերական ձեռնարկության կոնստրուկտորական բյուրոյի կողմից` դեռևս 2001-2005թթ.: Առաջին փորձնական թռիչքը կատարել է Իսրայելի Նեգև անապատի զորավարժարանում:

Առաջին անգամ միջազգային ասպարեզում ներկայացվել է «Աերո-Ինդիա-2009» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում:

«Հարոփը» փաստորեն իսրայելական ռազմաօդային արդյունաբերության համալրի արտադրած նախորդ` «Հարփի» ԱԹՍ-ի հետագա մշակումն ու զարգացումն է: Հանդերձված է ռադարով` ճառագայթային տեղորոշիչով, թվային տեսախցիկով, որն ունի 360 աստիճան տեսադաշտ և պատկերի որոշման բարձր կետայնություն:

«Հարոփի» առանձնահատկությունը կայանում է նրանում, որ «կամիկաձե» հարվածային միջոց է: Այսինքն` հակառակորդի մարտական տեխնիկան հայտնաբերելով, այս ԱԹՍ-ը վերածվում է ինքնանշանառվող ինքնաթիռ-արկի և նետվում է նպատակակետը ոչնչացնելու: Կարող է նաև կառավարման կետից հրաման ստանալ՝ չհարձակվել և վերադառնալ արձակման վայր:

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

«Հարոփի» գլխավոր նպատակակետերն են «Ս-300» ռուսաստանյան արտադրության ՀՕՊ համակարգերը:

Այս ԱԹՍ-ը կամ դրա նախորդ տարատեսակները գնած երկրների շարքում են Ադրբեջանը, Թուրքիան, Հնդկաստանը…

«Հարոփին» նախորդած տարատեսակների իսրայելական ԱԹՍ-ները մարտական կիրառում են ունեցել 3-րդ` «Հիբրիդային» աշխարհամարտի այլ ռազմաճակատներում՝ սիրիական (2011-2016), ուկրաինական (2014-2016)…

Կամիկաձե-ԱԹՍ-ները առաջին անգամ կիրառվել են Արցախյան ռազմաճակատում` 2016թ. Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից…

Ստորեւ համառոտ ներկայացված են «Հարոփ» ԱԹՍ-ի մարտավարական թռիչքատեխնիկական տվյալները.

 

– Թռիչքի հեռավորությունը` ավելի քան 1000 կմ,

– Արագությունը` 185 կմ/ժ,

– Երկարությունը` 2,5 մետր,

– Թևերի բացվածքը` 3 մետր,

– Զանգվածը` 135 կգ,

– Մարտագլխիկի զանգվածը` 23 կգ,

– Թռիչքի առավելագույն տևողությունը` 6 ժամ,

-Նպատակակետերի հայտնաբերման միջոցները` ռադիոհաճախականային, էլեկտրոնա-օպտիկական:

 

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ռազմական


13/04/2016