Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է



ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԱպրիլի 1-ից Ադրբեջանի՝ Արցախի սահմանին սանձազերծած ռազմական գործողությունները  մի ակնթարթում ոտքի կանգնեցրին համայն հայությանը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Այս օրերին  առաջնագծում մեր զինվորների կողքին մարտնչում և նահատակվում էին մեր երկրում ապրող  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Նրանք ամբողջ աշխարհում կանգնած են Հայաստանի և Արցախի կողքին: Ամենուր ասորիներն ու եզդիները կազմել են կամավորական ջոկատներ և պատրաստ սպասում են հրամանի, որպեսզի գան և կանգնեն հայ զինվորի կողքին: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի դասախոս ԱՆԱՀԻՏ ԽՈՍՐՈԵՎԱՆ:

 

-Շատ հուզված եմ վերջին օրերի դեպքերի հետ կապված: Կրկին ստիպված ենք մեր հայրենիքը պահել մեր զինվորների ու ազատամարտիկների կյանքի և արյան գնով: Հպարտ եմ, որ ինչքան էլ երկրում սոցիալական կամ քաղաքական բարդ իրավիճակ լինի, դժվարին պահերին բոլորս մի մարդու պես ոտքի ենք կանգնում` մեր Հայրենիքը պաշտպանելու համար: Եվ նշանակություն չունի՝ հա՞յ ես, թե ասորի, ծե՞ր ես, թե երիտասարդ, կին ես, թե՞ տղամարդ…  Այս օրերի իրադարձությունները մեզ բոլորիս մեկ անգամ ևս խորհելու առիթ տվեցին. Հայաստանը բոլորիս հայրենիքն է: Ու հիմա ամեն մեկս պետք է մեր պարտականությունը կատարենք:

-Հարգելի՛ Անահիտ, այսօր հայն ու ասորին կանգնած են կողք կողքի՝ երկու հին ժողովուրդներ…

-Մի բան հստակ է.  սկսած 19-րդ դարի վերջից, երբ Օսմանյան կայսրությունում ի հայտ եկավ պանթուրքական և պանթուրանական գաղափարախոսությունը, որն ուղղված էր հատկապես իրենց ճանապարհին կանգնած քրիստոնյաների դեմ, հայ-ասորական հարաբերություններն ավելի սերտացան: Եվ սա իր արտացոլումը գտավ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ քրիստոնյա բնակչության նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն: Երբ երիտթուրքական իշխանությունը հրաման էր արձակում հայերին կոտորել, իսկ մյուս ազգերին ձեռք չտալ, ասորիները մեկ մարդու նման ոտքի էին կանգնում՝ սատարելու հայերին: Նրանք քաջ գիտակցում էին, որ հաջորդը իրենք են լինելու:

Հայաստանում առաջին ասորական գյուղերն ի հայտ են եկել 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Իրանից Արևելյան Հայաստան տեղափոխվեցին  առաջին 100 ասորի ընտանիքները: Այսօր Հայաստանում ունենք չորս ասորական գյուղեր՝ իրենց եկեղեցիներով, քահանայով, դպրոցներով, որտեղ դասավանդվում է ասորերեն: Հայաստանում ասորի տղաները՝ որպես ՀՀ քաղաքացիներ,  ծառայում են Հայոց բանակում: Իմ ընտանիքի բոլոր տղամարդիկ` եղբայրս, հորեղբայրներիս բոլոր տղաները և թոռները ծառայել են հայկական բանակում` իրենց պարտքը կատարելով մեր երկրի հանդեպ: Հիմա էլ  մորեղբորս թոռը՝ Համլետը, կանգնած է սահմանի ամենաթեժ կետում:

-Այս օրերին ամբողջ աշխարհում հայերը բողոքի ցույցեր են կազմակերպում ադրբեջանական դեսպանատների առջև: Եվ ամենուր հայերի կողքին տեսնում ենք ասորիների: Արդյոք սա կապվա՞ծ է այն փաստի հետ, որ մեր ժողովուրդների ճակատագրերը շատ առումներով նման են:

-Այո՛: Դա միանշանակ կապ ունի: Եվ այս օրերին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ եվրոպական երկրներում իրենց դրոշներով հայերին սատարող ասորիների բազմությունը վկայությունն է այն բանի, որ մենք եղբայր ժողովուրդներ ենք: Աշխարհի ասորիները գիտեն, որ Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներն այս երկիրն ընկալում են որպես  հայրենիք: Այսօր առավոտյան ինձ հետ կապվեցին մեծահարուստ ասորիներ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք հետաքրքրվում էին՝ ի՞նչ օգնություն կարող են ցուցաբերել զոհված զինվորների և վիրավորների ընտանիքներին: Որոշ երկրներում ասորիները կազմել են կամավորական ջոկատներ և պատրաստ  սպասում են հրամանի, որպեսզի գան Հայաստան և կանգնեն հայ զինվորի կողքին: Շատ հպարտ եմ դրա համար:

-Երբ համացանցում հայտնվեցին Թալիշ գյուղի ծերունիների և եզդի զինծառայողի դաժան սպանության կադրերը, շատ փորձագետներ այստեղ տեսան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը: Ձեր գնահատականը՝ որպես ցեղասպանագետ:

-Ձեռագիրը, ինչպես միշտ, նույնն է՝ հիմնված ծայրահեղ իսլամի վրա: Երբ նայում ենք այդ դաժանություններին ու խոշտանգումներին, զարմանում ենք, որ այս ամենը կատարվում է 21-րդ դարում: Ես, ցավոք, համոզվում եմ, որ դարն ու  ժամանակը ի զորու  չեն քաղաքակրթելու թուրքերին և ազերիներին:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքները: Որքանո՞վ էին դրանք իրավիճակին համարժեք:

-Ես միջազգային հանրությունից որևէ ակնկալիք չունեմ: Հիշենք հենց թեկուզ Սիրիայի օրինակը, երբ այդ երկիրը հիմնովին ավերեցին, և ոչ մի գերտերություն որևէ կերպ չմիջամտեց: Իմ մտավախությունը նաև այն էր, որ, եթե, Աստված մի արասցե, Հայաստանը կանգնի նման արտաքին վտանգի առաջ, դարձյալ ոչ մի մեծ տերություն «չի ցանկանալու և չի կարողանալու» որևէ բան անել, ինչպես դա չարեց 100 տարի առաջ: Նրանք միայն դատապարտում են «երկու կողմերին»՝ հնչեցնելով իրենց հերթապահ կոչերը: Օտար տերությունները միշտ փորձելու են նման իրավիճակներում Հայաստանը դարձնել իրենց քաղաքական շահերի խաղաթուղթը կամ թատերաբեմը: Մենք պետք է միայն մեր բազկի և ոգու ուժին ապավինենք:

Հայաստանը մեր տունն է: Հատկապես մենք՝ ասորիներս, որ պետություն չունենք (ասորիները պետականությունը կորցրել են 2500 տարի առաջ), Հայաստանը  համարում ենք մեր Հայրենիքը: Իմ հայրն ասորի է, մայրս՝ հայուհի: Եվ ես արժևորում եմ այն փաստը, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում ու Հայաստանի համար: Վստահ եմ, որ մյուս ազգային փոքրամասնություններն  էլ են այդպես մտածում: Աշխարհի ուրիշ ո՞ր երկրում պետք է ապրեին, որ իրենց այսպես ապահով զգային…

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մայրերին, որոնց առյուծ զավակներն այս պահին կանգնած են սահմանին, և մենք նրանց շնորհիվ ապահով ձեռքերում ենք: Խոնարհվում եմ նրանց առաջ:

Խաղաղություն և միայն խաղաղություն, փա՛ռք մեր զինվորներին ու Հայոց բանակին: Հազար փառք իրենց արյամբ հողը պաշտպանող մեր զինվորին:

 

Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Բանակ և հասարակություն


13/04/2016