Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ



ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝  հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է: Հոդվածում նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, մասնավորապես՝ ռուս-թուրքական հնարավոր ռազմական հակամարտությանը եւ դրանց մեջ Ադրբեջանի ու Հայաստանի ներքաշմանը:

Հոդվածը ներկայացնում ենք ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանի թարգմանությամբ եւ մեկնաբանություններով:

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ԵՐԿՆՔՈՒՄ

Ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) ներառում են 843-րդ խառը ավիացիոն զորագունդը («Ղալա» ռազմաօդային բազա), 416-րդ կործանիչ-ռմբակոծիչ (Քյուրդամիր), 408-րդ կործանիչ (Զեյնալաբդին-Նասոսնի), 422-րդ հետախուզական (Դալյար), 115-րդ ուսումնական (Սանգաչալը) և փոխադրական (Զեյնալաբդին-Նասոսնի) էսկադրիլիաները: Սպառազինության մեջ առկա են մինչև 5 միավոր Սու-24 ռմբակոծիչներ, 33 միավոր Սու-25 գրոհիչներ (այդ թվում` 4 ուսումնամարտական Սու-25ՈՒԲ) և մինչև 5 միավոր Սու-17 (1 ՍՈՒ-17ՈՒ), 15 միավոր ՄիԳ-29 կործանիչներ (2 միավորը` ուսումնամարտական) և մինչև 4 միավոր ՄիԳ-21 (ևս 1 միավոր` պահպանման է հանձնված), 32 միավոր ՄիԳ-25 ՀՕՊ-ի կործանիչ-կալանիչներ: Հարաբերականորեն արդիական են սոսկ ՄիԳ-29-ները և Սու-25-ները, արդիականացված են 6 միավոր ՄիԳ-25ՊԴ կալանիչները և 4 միավոր ՄիԳ-25ՌԲ կալանիչները: Մնացած ինքնաթիռների մարտունակությունը հարցականի տակ է: Հավանական է, բոլոր Սու-24-ները, Սու-17-ները, ՄիԳ-21-ները և ՄիԳ-25-ների մեծ մասը դուրս է հանված ՌՕՈՒ-ի կազմից` առանց վերադարձի հնարավորության: ՌՕՈՒ-ի կազմում կա 2 միավոր ռազմափոխադրական Իլ-76 (ևս 1 միավորը` պահպանման է հանձնված), մինչև 23 միավոր ուսումնական Լ-39, ավելի քան 50 միավոր մարտական (27 միավոր Մի-24, 24 միավոր նորագույն Մի-35Մ) և շուրջ 100 միավոր բազմանպատակ և փոխադրական ուղղաթիռներ (մինչև 82 միավոր Մի-17 և Մի-8, 7 միավոր Մի-2, 6 միավոր Կա-27 և Կա-32):

 

Մեկնաբանություն

Հարձակողական մարտական ինքնաթիռների թիվը 94 միավոր է, ըստ Խրամչիխինի` բաց աղբյուրներից քաղված տվյալների, դրան ավելացնենք նաև չեխական Լ-39 ուսումնական ինքնաթիռները, որոնք լիովին ի վիճակի են մարտական խնդիրներ կատարելու, Ադրբեջանի քվոտան մարտական ինքնաթիռների գծով (100 միավոր) գերազանցված կտեսնենք 17 միավորով:

Ուղղաթիռների գծով Ադրբեջանն իր քվոտան (50 միավոր) գերազանցում է ոչ պակաս քան 3 անգամ:

 

Վերգետնյա ՀՕՊ-ը ներառում է Ս-300 ՊՄՈՒ2 զենիթահրթիռային համակարգերի 2 դիվիզիոն (16 արձակման կայանք), Ս-200 զենիթահրթիռային համակարգերի 1 դիվիզիոն (4 արձակման կայանք), Ս-125 զենիթահրթիռային համալիրների մինչև 13 դիվիզիոն (54 արձակման կայանք):

 

ԾՈՎՈՒՄ

Ադրբեջանի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) կազմված են խորհրդային Կասպյան տորմիղից ժառանգած նավերից ու կատերներից, որոնք լրացվել են թուրքական և ամերիկյան պահականավակներով: Խոշորագույն նավը ծայրահեղ հնացած 159Ա նախագծի պահականավն է (ֆրեգատ): Ամբողջ նավատորմը խիստ հնացել է, չունի ոչ մի հրթիռային սպառազինություն, ուստի, այսօրվա դրությամբ, Կասպից ծովում ամենաթույլն է: Հավանաբար, իրավիճակը մասամբ կփոխի իսրայելական ՕՊՎ-62 նախագծով 6 պարեկային նավերի կառուցումը, որոնք կսպառազինվեն «Սպայք-ՆԼՕՍ» համապիտանի (ունիվերսալ) հրթիռներով:

Ընդհանուր առմամբ, մարտական տեխնիկայի քանակության և որակի, ինչպես նաև դրա նորացման քայլերի տեսակետից Ադրբեջանը բացահայտորեն ձգտում է մտնել հետխորհրդային տարածքի ուժեղագույնների եռյակի մեջ: Ի դեպ, Բաքվի պլանները բանակաշինության ոլորտում կարող են խիստ փոխվել նավթի գների անկման հետևանքով:

 

ԿՐՏՍԵՐՆԵՐԻՑ` ԱՎԱԳՆԵՐԻՆ

Առավել քան ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցը չի լուծվի խաղաղ ճանապարհով, քանզի կողմերի դիրքորոշումները փոխբացառող են: Ընդ որում, ստեղծված ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից: Ծայրահեղ բարդ է ենթադրել, թե վերջինս զգալի միջոցներ է ծախսում զինված ուժերի ամրապնդման նպատակով՝ իրադրությունը ռազմական ճանապարհով փոխելուց բացի ինչ-որ ուրիշ բանի համար: Ընդ որում, գնվող մարտական տեխնիկան (Տ-90 տանկեր, «Մստա» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Սմերչ» և ՏՕՍ-1Ա համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր) բացահայտորեն նախատեսված է Արցախում հայկական պաշտպանությունը «կոտրելու» համար: Հարցն այն է՝ ո՞ր պահին Բաքուն կորոշի, թե հասել է վճռական գերազանցության, և որքանո՞վ այդ գնահատականը համարժեք կլինի:

Շարունակելի

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ռազմաքաղաքական


13/04/2016