Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է…



Ասում են` հրադադարը պատերազմի պասիվ փուլ է: Ավելի հանճարեղ ձևակերպում Մեծն Նժդեհն է տվել. «Զուր են կարծում մարդիկ, որ խաղաղությունը կյանքի բնական վիճակն է, կյանքն անընդհատ և անընդմեջ պայքար է, ու խաղաղությունն ավելի շատ պատերազմի կարճատև զինադադարն է միայն…»:

Ռազմական տեսաբաններին թողնենք պատերազմական գործողությունների մեկնաբանությունն ու վերլուծությունը, իսկ մենք փորձենք զրուցել սովորական քաղաքացիների հետ. ի՞նչ ապրեցին, ի՞նչ զգացին այս օրերին նրանք, ինչպե՞ս ընդունեցին հրադադարի մասին լուրը:

 

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է...Մեծ տագնապ ապրեցի, երբ տեղեկացա, թե ինչ է կատարվել: Շատ շրջանավարտներ ունեի, որոնք հենց այդ դիրքերում էին ծառայում:

Մեր տղերքի հերոսական ոգուց, ազգի համախմբվածությունից մեծ ոգեւորություն ապրեցի, հպարտություն: Բոլորս մեկեն վեր կանգնեցինք անձնական, կենցաղային խնդիրներից ու մի բռունցք դարձանք:

Ինչ վերաբերում է հրադադարին, ապա ադրբեջանցիների հետ հրադադարի մասին խոսելը կամ հույս դնելը, նույնն է, թե նռնակի ձգանը քաշած պահելը…

ԱՆՈՒՇ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

 

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է...Հոգիս ալեկոծվել էր, մտածում էի` դարձյալ նոր կորուստներ, չիրականացած երազանքներ, որդեկորույս մայրեր: 22 տարի առաջ էլ այս օրերին ես եղբորս կորցրի Արցախյան պատերազմում… Որդիս` Զաքարը՝ եղբորս անվանակիցը, այս օրերին գնացել-հասել էր Արցախ, զանգեցի՝ ճանապարհին էր, ասում է` Կարինե տատիկին չասես, մեղք է: Մտքովս անգամ չանցավ ասել` մի՛ գնա:

Հիմա հրադադար է հաստատվել: Որպես մայր մտածում եմ` լա՛վ է, էլ զոհեր չեն լինի, մի զինվորի կյանք էլ կխնայվի… Թեեւ լավ եմ հասկանում` սա հարցի վերջնական լուծում չէ…

ԻՆԳԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է...Ադրբեջանի հարձակման մասին իմացա համալսարանում: Ես ինքս սահմանային գոտուց եմ: Տեսել եմ պատերազմի ողջ դաժանությունը: Զանգահարեցի մեր գյուղ, իմացա, որ ամեն ինչ հանգիստ է, բայց էլ չէի կարողանում դասերիս վրա կենտրոնանալ: Անընդհատ համացանցում կարդում էի նորություններն ու լաց լինում: Էս համատարած տխրության մեջ մի ուրախացնող բան կար` մեր միասնությունը: Տեսնել էր պետք կամավորագրվողների հերթերը: Մենք էլ կուրսընկերներով գումար հավաքեցինք, զինվորի համար գուլպա, ծխախոտ գնեցինք եւ ուղարկեցինք սահման: Ճիշտ է, ամեն ինչ լարված էր, ահավոր, բայց պիտի խոստովանեմ` մեկ վայրկյան իսկ չեմ կասկածել մեր զինվորի հաղթանակին:

Երբ տեղեկացա, որ հրադադար է հաստատվել, չեմ կարող բառերով ներկայացնել զգացածս. ե՛ւ ուրախ էի, ե՛ւ տխուր:

ՄԱՐԻԱՄ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

 

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է...Այս օրերին հպարտություն ապրեցի: Ուղղակի երախտիքի խոսքեր չասել ու չխոնարհվել սահմանին կանգնած 18-ամյա զինվորների ու հայոց բանակի սպաների սխրալից ու քաջարի պահվածքի առջեւ, հնարավոր չէ: Իմ հայրենիքը տեր ու պահապան ունի: Ու էս օրերին հատկապես զգացի, որ որքան ամուր է հողը ոտքերիս տակ: Հուզվեցի` հողը պահելը գին ունի, եւ այդ գինը մեր զինվորի կյանքն է… Խոնարհումս կյանքը հայրենիքի համար զոհած զինվորների պայծառ ու լուսավոր հիշատակի առաջ:

Երկակի զգացողություն ապրեցի, երբ տեղեկացա, որ կրակը դադարեցվում է. մի կողմից՝ պատերազմ չեմ ուզում, այն ոչ մի ժողովրդի էլ բարիք չի բերել, մյուս կողմից էլ, մտածում եմ, որ հարցը միանգամից լուծեինք, առավել եւս, գիտենք, որ հակառակորդը նենգ է ու էլի փորձելու է գալ մեր տան վրա:

ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ

 

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է...Ոչ մի կերպ  հնարավոր չէ հասկանալ   պատերազմող երկու կողմերին ուղղված զգաստացնող-դատապարտող միջազգային հանրության հայտարարությունները:

Ընդամենը կուզեի, որ աշխարհի տերերը մի բան հասկանան՝ Արցախում որոշվում է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի հարցը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող աշխարհը պետք է հասկանա, որ Հայաստանը գտնվում է երկու իսկապես ԻՍԼԱՄԱԿԱՆ, իսկապես ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ պետությունների միջեւ:

Իսլամական ահաբեկչությունը, որ հիմա չոքել է եվրոպաների, ռուսաստանների ու ամերիկաների դռանը, մանկական չարաճճիություն է այն ամենի դիմաց, ինչի դեմ մենք արյուն ու հող կորցնելով մաքառում ենք արդեն քանի դար: Ահա, այս դասը պիտի քաղեն Արեւմուտքից Արեւելք:

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

 

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է...Շնորհակալ եմ քեզ, զինվո՛ր, հայության հավաքական ուժ` այս խաղաղ օրվա համար…

Առաջնագիծը պահող զինվորը պետք է գիտակցի, որ թիկունքը եւս մարտական է տրամադրված: Այս կարճատեւ պատերազմը քննություն էր հայության համար: Մեր ժողովուրդն անպարտելի է, ոգին` ամուր: Մեր միասնականությունն ու ոգին կրկին հաղթեցին «Սմերչին», ԱԹՍ-ին, ՏՕՍ-1-ին, գորշ գայլերին եւ 1915 թվականի թուրքի գազանաբարո ոգով առաջնորդվող հրեշին…

ԶԱՐԻՆԵ ՍԱՌԱՋՅԱՆ

 

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՍԻՎ ՓՈՒԼ Է...Այս օրերին չափազանց ծանր էր բոլորի համար, բայց առավել ծանր էր զինվոր որդուց որեւէ տեղեկություն չունեցող ծնողի համար: Ամեն լուր տակնուվրա էր անում սիրտդ ու հոգիդ: Չես պոկվում հեռուստացույցից, հեռախոսից, համակարգչից: Ուշքումիտքդ զինվորների կողմն է: Էնտեղ` առաջնագծում, զավակդ է, զարմիկներդ, ուսանողներդ, ընկերներդ… Երեխեքը` մեր երեխեքը… Մեր սյուն, ճրագ, մեր լույս երեխեքը… որոնց մեջ կյանքի եւ մահվան սահմանագծում խոսել է արյունը, տեսակը: Զգացողությունների խառնաշփոթ էր. սիրտս տագնապից, անորոշությունից տեղը չէր գտնում, բայց այդ ամենին հպարտություն էլ էր խառնվել` էս ինչ հերոս երեխեք ունենք: Զանգեց որդիս՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր: Սիրտս մի քիչ տեղն ընկավ: Հրադադարի լուրն էլ մի քիչ խաղաղեցրեց, բայց ընդամենը մի կաթ խաղաղեցրեց. զինվորի մոր սիրտը չի խաղաղվի այնքան ժամանակ, մինչեւ որդին տուն չվերադառնա:

ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Մենք խաղաղ ժամանակ բաժանվում ենք հայաստանցիների ու ղարաբաղցիների, պատերազմի ժամանակ բոլորս դառնում ենք ղարաբաղցի: Խաղաղ ժամանակ ասում ենք` երկիրը երկիր չի, պատերազմի ժամանակ կյանք ենք տալիս էդ երկրի համար: Խաղաղ ժամանակ սփյուռքահայն ախպար է, պատերազմի ժամանակ` համայն հայություն, խաղաղ ժամանակ իրար տակ ենք փորում, պատերազմի ժամանակ միասին` խրամատ… Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք:

ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Բանակ և հասարակություն


13/04/2016