Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ



Հակառակորդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ մարտական գործողությունները վերստին օրախնդիր դարձրին բոլոր ուժերով ու միջոցներով հայրենիքի անվտանգության ու տարածքային ամբողջականության ապահովման խնդիրը:

1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր նախադեպը չունեցող և ահաբեկչականին բնորոշ այս գործողությունների մասին բոթը, կարճ ժամանակահատվածում տարածվելով մեր ազգաբնակչության շրջանում, համաժողովրդական ցասումի ու հակառակորդին պատժելու ալիք առաջացրեց:

Սահմանում տեղի ունեցած իրադարձությունների առավոտն արդեն զենք կրելու ընդունակ պահեստազորի զինծառայողների ակտիվ հոսք սկսվեց դեպի զորամասեր: Կամավոր հավաքագրվելով և աշխարհազորային խմբեր կազմելով` մեր երկրի քաղաքացիները ցանկություն և պատրաստակամություն էին հայտնում ժամ առաջ հասնելու դիրքեր, այնտեղ, որտեղ վճռվում էր Արցախի և ողջ հայության ճակատագիրը: Երկրի անվտանգությանն սպառնացող վտանգի լուրն առնելով՝ հայրենիքի պաշտպանների կողքին կանգնելու վճռականությամբ հանդես եկան ոչ միայն հանրապետության տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ, այլև իրենց տարիների վաստակը վայելող Արցախյան պատերազմի վետերաններ՝ տարիների փորձը ի սպաս դնելու հայրենիքին:

«Լսելով ցեղասպան թուրքի մեր երկրի նկատմամբ ձեռնարկած ռազմական գործողությունների մասին, ես կամավոր ներկայացել եմ համապատասխան մարմիններին եւ ցանկություն հայտնել մեկնելու առաջնագիծ, որպեսզի իմ հնարավորությունների չափով օգտակար լինեմ հայրենիքիս պաշտպանությանը: Ես ցանկացած պահի պատրաստ եմ կանգնելու այսօրվա մեր հերոս տղաների կողքին, նրանց ոգի և ուժ տալու համար ցույց տալ, որ նրանք մենակ չեն, և ողջ ժողովուրդը կանգնած է նրանց թիկունքին»,- մեզ հետ զրույցում ասաց հասարակ քաղաքացի Սուրեն Հարությունյանը:

«Հայրենիքի պաշտպանությունը մեզ համար մշտապես համազգային խնդիր է եղել: Ունենալով թուրքի նման հակառակորդ` մեր առօրյա գործունեությանը զուգընթաց մենք պետք է պատրաստ լինենք զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը, որպեսզի խափանենք հակառակորդի չարանենգ մտադրությունը: Եվ ես այսօր իմ ընկերների հետ ներկայացել եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանության նվիրական գործին: Մենք նման օրերին պետք է կանգնենք դիրքապահ տղաների կողքին, միասնաբար կռվենք հակառակորդի դեմ` դարձյալ և վերջնականապես նրան խաղաղեցնելու համար»,- իր խոսքում նշեց Վիտալի Աթայանը` շեշտելով, որ ազգը բանակի վերածվելու դեպքում կհաղթենք ցանկացած հակառակորդի:

«Մենք` պահեստազորայիններս, մշտապես պատրաստ ենք: Ունենալով տարիների փորձ` լավ ենք գիտակցում, թե այսօր այս օրհասական պահին ինչ է նշանակում բանակին թև ու թիկունք կանգնելը: Եվ մենք պատրաստ ենք կանգնելու մեր զինվորների կողքին ու համարժեք պատասխան տալու հակառակորդին` ընդհուպ մինչև վերջնական ջախջախում»,- նշեց պահեստազորի գնդապետ Վարուժան Գևորգյանը:

Այս օրերին տիրող համաժողովրդական միասնությանը և հայրենյաց պաշտպանների դիրքերում իրականացրած անձնուրաց գործողությունները փաստեցին, որ նախահարձակ հակառակորդի մտադրությունները ձախողված են:

Ադրբեջանի Հանրապետությունը ձախողվել է նաև ԼՂՀ-ի դեմ իրականացվող հոգեբանական, քարոզչական, տեղեկատվական և այլ` ժամանակակից տերմինաբանությամբ՝ հիբրիդային անվանումն ստացած պատերազմներում: Դրա վառ վկայությունն են այս օրերին հայ հասարակության մեջ տիրող մարտական բարձր ոգին, միասնությունն ու հակառակորդին ամեն գնով հաղթելու պատրաստակամությունը:

Ձախողվեցին Արցախի Հանրապետությանը կայծակնային պատերազմով հաղթելու թշնամու նկրտումները:

 

Հրայր ՓԱՇԱՅԱՆ

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ազգային բանակ


13/04/2016