ԿՈՒՅՐ ԳՆԴԱԿԸ
Ճակատամարտը նոր էր վերջացել: Կրակոցները դադարել էին, սակայն Մոխրաթաղում դեռ ծխում էին այրված տների տանիքները ու դեռ երկար պիտի ծխային բացված խոր վերքերի պես, մինչեւ սպիանալը… Ջոկատը դուրս էր գալիս գյուղից հոգնած ու տանջահար:
Չնայած տարած հաղթանակին` բոլորի դեմքին իջել էր խոր մի թախիծ, եւ խոսքեր չկային այն փարատելու: Հաղթանակը բոլորինս էր, սակայն մեր զոհված ընկերոջ բացակայությունը հսկա, ծանր քարի պես ընկած էր մեր ճանապարհին… Զոհվել էր Մանչը` մի անվախ մարտիկ, որ ճակատամարտերից մեկում, դեպքերի բերումով, մարտի էր բռնվել իր վրա սլացող տանկի դեմ եւ իր խելամիտ, ճարպիկ գործողությունների շնորհիվ ոչ միայն ողջ էր մնացել, այլեւ ոչնչացրել էր հրասայլը: Ականատեսները պատմում էին, որ Մանչը նետվում է մի փոսի մեջ. տանկը գալիս կանգնում է փոսի վրա եւ սկսում է պտույտներ գործել՝ թրթուրների տակ առնելով Մանչին:
Եվ երբ թշնամին ենթադրելով, որ իր սեւ գործն արել է, հեռանում է հռնդյունով, մեր ընկերը հողի տակից դուրս է գալիս եւ հակատանկային նռնակով պայթեցնում է հրասայլը՝ անձնակազմի հետ միասին:
…Բոլորս ցավում էինք, որ նա էն աշխարհից դուրս էր պրծել, գետնի տակից հարություն էր առել եւ ահա ընկել էր թշնամու պատահական, կույր գնդակից: Այս փաստը ավելի էր մեծացնում կորստի ցավը:
ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ազատամարտիկ
Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Պատմության էջերից