Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՆԱԽԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՄայիսի 12-ին ժամը 11-ին հարյուրավոր թուրքեր, կենտրոնանալով շենքի մերձակա քաղաքային այգում, կատաղի կրակով փորձում են ներխուժել հայկական թաղամաս, սակայն հարձակումը զարգացնելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն են անցնում:

Ավելի մեծ թվով թուրքերի գնդակահարելու ու նրանց ահ ու սարսափի մատնելու նպատակադրությամբ հայ մարտիկները որոշում են կիրառել շատ համարձակ, հակառակորդի համար անսպասելի մարտավարություն: Քանի որ թուրքերը, երկյուղելով դիպուկ հարվածներից, խմբվել էին քաղաքային այգում, հայ մարտիկները որոշում են դադարեցնել կրակը, թույլ տալ նրանց դուրս գալու փողոց եւ թիկունքից ու դիմացից տեղացող հարվածներով վճռական պարտության մատնելու նրանց:

Հայ մարտիկների կիրառած մարտավարությունը դարձյալ պսակվում է հաղթանակով: Թուրքերը դուրս են գալիս քաղաքային այգուց եւ փորձում շարժվել դեպի հայկական թաղերը:

Քաղաքի ինքնապաշտպանական ուժերի առաջին հաղթանակը ոգեշնչում է Նախիջևանի երիտասարդությանը: Նույն օրը ևեթ տասնյակ երիտասարդներ ցանկություն են հայտնում զենք վերցնելու ու համալրելու ինքնապաշտպանական խմբերի շարքերը:

Հարյուրավոր զինված թուրքեր կենտրոնանում են Սարվանլար թաղում: Հաշվի առնելով նախորդ օրը կրած պարտությունը՝ թուրք պարագլուխները փոխում են հայ մարտիկների պաշտպանական դիրքերի վրա ձեռնարկվող հարձակումների մարտավարությունը: Այս անգամ թուրքերը ոչ թե պիտի գործեին հախուռն ու անկազմակերպ, այլ նշանակված հրամանատարների առաջնորդությամբ հարձակվելու էին մարտաշարքերով, առանձին խմբերով, որոնցից յուրաքանչյուրին տրվել էին սահմանված հանձնարարություններ:

Մայիսի 13-ի առավոտյան, հարյուրավոր հրացաններից կրակ արձակելով, թուրքերը մոտենում են հայ ինքնապաշտպանական ուժերի դիրքերին:

Ներկայացնելով այդ պահը` Ս. Ջալալյանը նշում է. «…Փողոց նետեցինք մի ռումբ: Սարսափահար խուժանը փախուստի դիմեց, իսկ մենք սկսանք գնդակոծել պարտեզի մացառները, որտեղից վա՜յ ու վայով դուրս փախավ թշնամին: Մենք անարգել շարունակեցինք կրակը խառնիճաղանճին վրա, մինչև որ բոլորը փախան ու թաքնվեցին իրենց թաղի առաջավոր շենքի ետևը»:

Թուրքերը կրում են հերթական պարտությունը:

Թուրքերին վերջնականապես պարտության մատնելու նպատակով հայ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը փոխում է կռիվներ մղելու մարտավարությունը: Թշնամին թեև քանակական առումով բազմիցս գերազանցում էր հայ մարտիկներին, բայց բացարձակապես մարտունակ չէր, անկազմակերպ էր ու խուճապահար: Հայկական կողմը հակառակորդի նկատմամբ ուներ ևս մի շատ կարևոր առավելություն: Ի տարբերություն թուրքերի, որոնք զինված էին հնատիպ զենքերով, հայ մարտիկները զինված էին հեռահար մոսին հրացաններով, մաուզեր ատրճանակներով ու ձեռնառումբերով: Վերոհիշյալ գործոնները հաշվի առնելով` հայ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը վստահ է եղել, որ կարելի է փոքրաքանակ ուժերով վճռական գրոհ ձեռնարկել թուրքերի վրա և դիպուկ հարվածներ տեղալով՝ խուճապի մատնել նրանց ու տոնել հաղթանակ:

Մայիսի 15-ին հայ մարտիկներն ընդհուպ մոտենում են Սարվանլար թաղին: Եթե նրանք փորձեին ճակատային գրոհ ձեռնարկել, ապա թուրքերը, ինչքան էլ անմարտունակ և անվարժ լինեին, այնուամենայնիվ, կարող էին տների լուսամուտներից տեղացող կրակով խոչընդոտել հարձակումը: Հայ մարտիկները խելամտորեն կշռադատված մի քայլ կատարելով՝ վճռում են կռվի ելքը: Նրանք որոշում են կիրառել թշնամու նկատմամբ իրենց ունեցած գերացանցությունը, այն է` մոսինների ու մաուզերների հեռահարության շնորհիվ հեռու տարածությունից դիպուկ հարվածներ տեղալու վարպետությունը:

Հայ մարտիկների ծրագրած նման մարտավարությունը նույնպես արդյունավետ էր:

«…Մոսիններու երկու համազարկերը,-շարունակում է Սեդրակ Ջալալյանը,-բավեցին, որ թշնամին խուճապահար փախուստի դիմեր: Ձիեր չունեինք՝ թշնամուն արագորեն մոտենալու համար: Այնպես որ, փախչողներու ետևեն կրակելով ու վազելով, հազիվ հասանք երկու սայլապան թուրքերու… Եկած էին գործարանի կաշիները փոխադրելու: Կոտորեցինք զանոնք և սպանված ուրիշ թուրքերի զենքերը հավաքելով, բաժանեցինք գործարանի բանվորներին, որոնք 16 քաջ գյուղացիներ էին…»:

Չկարողանալով հաղթահարել հայ ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը եւ յուրաքանչյուր կռվում տալով տասնյակ սպանվածներ ու վիրավորներ՝ թուրքերը դադարեցնում են հայկական թաղերի վրա ձեռնարկվող հարձակումները:

Եթե անաչառորեն գնահատելու լինենք 1905-1906 թթ. տեղի ունեցած հայ-թուրքական ընդհարումների ընթացքում 1905թ. մայիսին Նախիջեւան քաղաքում տեղի ունեցած ինքնապաշտպանական կռիվների արդյունքները, ապա աներկբա պիտի նշել, որ անգնահատելի է այդ կռիվներում «Բորեաս» մարտական խմբի ծառայությունը: Նախիջևանահայության ֆիզիկական գոյությանն սպառնացող ամենաբախտորոշ ու ճակատագրական պահին, հայտնվելով դեպքերի կիզակետում, «Բորեաս» մարտական խմբի անդամները գրեթե անելանելի իրավիճակում կարողացան քաղաքի ինքնապաշտպանական ուժերի աջակցությամբ կազմակերպել Նախիջևանի հայության ինքնապաշտպանությունը և փրկել անխուսափելի կոտորածից:

Ճիշտ է՝ այդ օրը Նախիջևանում տեղի ունեցած սարսափազդու դեպքերի հետևանքով մեծապես տուժել է հայկական կողմը, բայց, այնուամենայնիվ, հայ փոքրաքանակ մարտական ուժերը կարողացել են հերոսական դիմադրություն ցույց տալ: Հայկական թաղերը թուրքերի հարձակումներից պաշտպանելիս առավելապես աչքի են ընկել «Բորեաս» մարտախմբի անդամները, որոնք կռիվների ժամանակ դրսևորած իրենց վարպետությամբ ու քաջությամբ ոգեշնչել ու մարտի են առաջնորդել քաղաքի սակավաթիվ ինքնապաշտպանական ուժերին:

«Բորեաս» մարտախմբի անդամներին է վստահվել քաղաքի առավել վտանգավոր դիրքերի պաշտպանութունը: Իսկ հայկական թաղերի պաշտպանական դիրքերից ամենագլխավորը եղել է քաղաքային պարտեզի մերձակայքում և Սարմանլար անունը կրող թուրքական ամենամեծ թաղի դիմաց գտնվող շենքը, որում դիրքավորվել էին բորեասցիները, եւ որը, կարելի է ասել, համարվում էր դեպի հայկական թաղերը տանող մայրուղու յուրօրինակ դարպասը:

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Պատմության էջերից


20/04/2016