Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ



Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկումներ, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:

Սկիզբը՝ նախորդ համարներում

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻսկ ի՞նչ ենք հասկանում՝ «Ներքին կարգուկանոնը պահակախմբերում» ասելով:
Պահակախումբը պահակատնից դուրս բերելու բոլոր դեպքերում (բացառությամբ հրդեհի և տարերային աղետների) պահակապետի օգնականը կամ պահակադիրներից որևէ մեկը պահակատանն է մնում, իսկ պահակախմբերում՝ պահակայիններից մեկը: Պահակատնից դուրս գալու դեպքում պահակապետին փոխարինում է օգնականը (պահակադիրը):
Պահակատան առջև կառուցվում են հրապարակներ` (նշելով պահակախմբերի շարվելու տեղերը) պահակային անձնակազմի հերթափոխման և զենքի լիցքավորման-լիցքաթափման ժամանակ շարվելու համար, ինչպես նաև հրշեջ վահանակ: Օրվա մութ ժամերին հրապարակները պետք է լավ լուսավորված լինեն: Զենքի լիցքավորման-լիցքաթափման տեղում տեղադրվում է լուսավորված ցուցանակ` «Զենքի լիցքավորման կարգը», «Զենքի լիցքաթափման կարգը», լրացուցիչ` «Փամփուշտը փամփշտանոց չմտցնել», իսկ անհրաժեշտության դեպքում առանձին վահանակի վրա` «Զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները»:
Վահանակի վրա (խոսքը պահակապետի ղեկավարման սեղանին է վերաբերում), ապակու տակ, դրվում է պահակակետի տեղեկագրի (ամփոփագրի) լրացման նմուշը, պահակային ծառայության պաշտոնատար անձանց աշխատանքի կանոնակարգը, զորամասի պաշտոնատար անձանց պահակային ծառայության ստուգման գրաֆիկը, անվանականչերի աղյուսակը, խոսակցական (բանակցային) աղյուսակները: Լուսավորման պահեստային աղբյուրները (լցավորված նավթավառներ (լամպեր), մոմեր ու լուցկի), տեղադրվում են պահակատան յուրաքանչյուր սենյակում` հատակից 170 սմ բարձրությամբ պատերին ամրացված:
Հանգստացող հերթափոխի համար նախատեսված սենյակի դռան վերևում (ներսից ու դրսից) ամրացվում է լուսավորվող և ձայնային ցուցանակ` «Ի զեն»: Մութն ընկնելուն պես սենյակում պետք է լինի հերթապահ (պահեստային) լուսավորություն (ոչ վառ մուգ կապույտ լույս):
Անդրադառնանք պահակային ծառայության կազմակերպման և անցկացման վերահսկողությանը: Պահակայինների նախապատրաստության և ծառայության վերահսկողությունն իրականացնում են այն վաշտերի (մարտկոցների), գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարները, որոնց կազմից նրանք նշանակված են:
Կայազորի (զորամասի) պաշտոնատար անձինք ստուգումն իրականացնում են կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հաստատած գրաֆիկով: Ստուգումների մի մասը պետք է անցկացվի գիշերը:
Վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը, որից նշանակվում է պահակախումբը, վերակարգի նշանակվելու նախօրեին ստուգում է պահակային անձնակազմի ընտրությունն ու բաշխումը` պահակակետերի ցուցակի համաձայն, պահակային անձնակազմին փոխարինման ուղարկելուց առաջ` զենքի և զինամթերքի վիճակը, արդուզարդի պարագաների առկայությունը, յուրաքանչյուր զինծառայողի արտաքինը, ինչպես նաև ստուգում և ստորագրում է պահակակետի տեղեկագիրը:
Փոխարինման ժամանակ զորամասի հերթապահն ստուգում է պահակախմբի թվակազմը, սպառազինությունը, համազգեստը, նրանց պարտականությունների իմացության լիարժեքությունն ու որակը (նախքան այդ բժիշկը պետք է փոխարինման վայրում պահակախմբի անձնակազմի ինքնազգացողության մասին հարցում կատարած լիներ ու ստորագրած պահակակետերի տեղեկագրում):
Զորամասի վարչության և շտաբի սպաները պահակային ծառայության ստուգման գրաֆիկի համաձայն՝ ստուգում են նաև պահակային անձնակազմի ծառայության նախապատրաստության կազմակերպումն ու անցկացումը:
Պահակախմբերի ստուգումը կազմակերպվում է այնպես, որ օրվա ընթացքում յուրաքանչյուր հերթափոխ ստուգի պաշտոնատար անձը:

ՄԱՐՏԿՈՑՈՒՄ (ՎԱՇՏՈՒՄ) ՇԱԲԱԹՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

Ներկայացնում ենք ՊԲ-ում ԶԾ փորձի փոխանակման ժամանակ ներկայացված «Մարտկոցում (վաշտում) շաբաթվա արդյունքների ամփոփման կարգի» օրինակելի տարբերակը` մարտկոց (վաշտ), դասակ օղակի հրամանատարների համար:
Արդյունքների ամփոփումն անցկացվում է.
-ջոկերում (անձնակազմ, հաշվարկ), դասակներում ամեն օր` ինքնապատրաստության ժամերին կամ օրվա վերջում:
Արդյունքների ամփոփումներին պարբերաբար կարող են մասնակցել վաշտի, գումարտակի հրամանատարները (նրանց տեղակալները), զորամասի հրամանատարը (տեղակալները, ծառայությունների և զորատեսակների պետերը)` դասակների, ջոկերի հրամանատարների զարգացման մակարդակը, վերլուծությունների կատարման ունակությունները և անձնակազմի խրախուսման ընթացքը վերահսկելու, ինչպես նաև լավագույն զինծառայողներին առանձնացնելու համար,
-վաշտերում (մարտկոցներում)` ամեն շաբաթ, ուրբաթ օրը` ետճաշյա ժամերին:
Արդյունքներն ամփոփելու համար զորամասի հրամանատարի տեղակալը 2-3 օր առաջ կազմում է վերահսկման աղյուսակ` ընդգրկելով զորամասի հրամանատարի տեղակալներին, ծառայությունների և զորատեսակների պետերին, գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարներին և նրանց տեղակալներին (եթե նրանք ընդգրկված չեն` գումարտակի (դիվիզիոնների) հրամանատարն իր որոշմամբ տեղակալներին բաշխում է ըստ վաշտերի, մարտկոցների) և ներկայացնում զորամասի հրամանատարի հաստատմանը: Սահմանված ժամին նշված անձինք ներկայանում են վաշտ (մարտկոց) և մասնակցում արդյունքների ամփոփմանը:
Հրամանատարն ամփոփում է արդյունքները, որից հետո կազմվում է երկու զեկուցագիր. վաշտի հրամանատարը` գումարտակի հրամանատարին, իսկ մասնակցող պետը` զորամասի հրամանատարին,
-մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների արդյունքների ամփոփումը կատարվում է շաբաթվա ընթացքում՝ հրամանատարի որոշմամբ:
«Մարտկոցում (վաշտում) շաբաթվա արդյունքների ամփոփման կարգը»
Բացման` ներածական խոսք
Պարոնայք սպաներ, սերժանտներ և զինվորներ, ամփոփում եմ մարտկոցի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության շաբաթվա արդյունքները:

Շարունակելի

Գ. ՄԽԻԹԱՐՅԱՆ
բաժնի պետ
գնդապետ

Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Ռազմական


27/04/2016