Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՎԱԾՈՂ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՈՒ ՃԵՐՄԱԿ ՀՐԵՇՏԱԿԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



ԹԵՎԱԾՈՂ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՈՒ ՃԵՐՄԱԿ ՀՐԵՇՏԱԿԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸՔանդակագործ Մարտին Կակոսյանը երկրային կյանքը լքեց ապրիլ ամսին և հիմա իր երկնային տարածքներից ցած է նայում և հսկում իր արծիվների թռիչքը…

Մարտին Կակոսյա՛ն, ինձ համար դժվար է խոսել քեզ հետ անցյալի լեզվով, երբ ներկան իր պարտադրանքն ունի, հիշողությունների քո անձեռակերտը, կառույցը, որը շարժվում է ժամանակի ու տարածության բոլոր կեռմաններով՝ սրտագրության պես, որ ասի ժամանակին.
-Ես այստեղ եղել եմ:
Քո բացակայությունը նաեւ ներկա է եւ չի կարող կանգառներ չունենալ: Ոգեղենիկ ճամփորդության այս ընթացքից դու դուրս եկար որպես ուղեւոր, որ դառնաս այն ուղեկիցը, որն իր ձեռքին ունի եւ՛ ճանապարհորդի քարտեզը, ե՛ւ լուսավորողի ջահը:
Քո կերտած արձանները շրջում են ամենուր, բայց ինձ համար միշտ զարմանալի էին թվում արծիվներդ, Մարտի՛ն, որոնք ոգով նման են իրար, արարումով` տարբեր: Նրանք խրոխտ են, արիական, հպարտ հայացքներով, արծվային իրենց ոտքերով, եւ ինձ միշտ թվում է, թե, ուր որ է, պիտի դուրս գան իրենց բրոնզե քարացումից եւ սավառնեն Հայաստան աշխարհում: Դրանցից մեկը հիմա հսկում է պաշտպանության նախարարության վարչական համալիրը: Մի անգամ հարցրի.
– Ի՞նչ լիցքեր են քեզ տալիս արծիվները, Մարտի՛ն:
– Ոգու արիություն,- պատասխանեցիր,- այդ թռչունները պարտադրում են ինձ, որ նահանջն ընդունելի չէ: Ապա նայիր նրանց անբնական ճանկերին: Արքայական շեշտադրումներ ունեն եւ կեցվածք: Հաճախ իմ արծիվները թեւատարած են, բայց, պատահում է նաեւ, նրանց հսկումը դառնում է փակ թեւերով: Ինքնավստահությունը նույնն է, անպարտելիության գաղափարի իմ դեսպաններն են նրանք: Արիության ոգին պիտի միշտ թեւածի մեր երկրում:
-Դու զինվորի արձան կերտեցիր. քեզ՝ գյումրեցու համար այն չէր կարող շեփորահար չլինել: Եղա ձուլարանում: Զարմանալին քո ոգեւորվածությունն էր, դու ուրիշ մի Մարտին էիր` ինքնամոռաց, արվեստագետի քո խենթությամբ, պատանու ոգեւորությամբ, եւ ես մտովի չէի կարող չպատկերացնել, որ եղել ես մեծն Երվանդ Քոչարի աշակերտը… Քո հիշողությունների աղը հաճախ է դրվել մեր հիշողությունների սեղանին, հպարտության պաթոսով էիր խոսում այդ տարիների մասին, թե ինչպես էիր շաղախում կավը խմորի հանգույն, որ այն վարպետի ձեռքի տակ դառնա գլուխգործոց:
ԹԵՎԱԾՈՂ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՈՒ ՃԵՐՄԱԿ ՀՐԵՇՏԱԿԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ– Ես 17 տարեկան էի, երբ թակեցի նրա տան դուռը,- հիշում էիր դու:- Մաեստրոն ավարտում էր Սասունցի Դավթի արձանը: Ինձ համար բարձրակետ էր նրա արվեստանոցը, այնտեղ էին գալիս Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Շարա Տալյանը: Անընդհատ շարժում կար: Տեսակի թրծման համար այն մի յուրատիպ քուրա էր: Քոչարն իր հետ բերել էր փարիզյան բոհեմի խառնարանը, աշխատում էր, որ կրակը չպակասեր, որ մենք դառնայինք իրազեկ այդ լույսին, փայտ դնեինք այրումին: Հմայվածներս գնում էինք դեպի արվեստը:
Մարտին Կակոսյան, ես քեզ միշտ պատկերացրել եմ մուրճն ու հատիչը ձեռքիդ, երբ կերտում էիր Հռոմում տեղադրված Լազարեւի արձանը: Ինձ ապշեցնում էր քո մարտական ոգին, որն ապրում էր այդ անշունչ կավի մեջ: Յուրաքանչյուր մանրամասն կարեւոր էիր համարում: Ազնվականության դրոշմը, որ կար արձանի ճակատին, կեցվածքի վրա, հակակշիռն էր մեր օրերի մարդու… Քայլ առ քայլ առաջ էիր գնում` դիտողին ետ-ետ տանելով: Երբ ավարտեցիր այդ հոյակերտը, որը հազար ու մի դժվարին փուլերով տեղ հասավ, քո տիկինը՝ իմ սիրելի Մաքսենան, ասաց.
– Արձանը, որը տեղադրված է Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի հարեւանությամբ, զարմանալի էներգետիկա ունի, Ռուսաստանի դեսպանը կատակեց. «Լազարեւը գիշերը շրջում է իր տիրույթում»:
Դո՛ւ՝ Մարտին Կակոսյան, զարմանալի զվարթ տեսակ, մշտաժպիտ անհատականություն, ինչպես էիր կարողանում նահանջներ չապրել: Մի օր հարցրի.
– Երբեմն-երբեմն տխրությունը չի՞ այցելում քեզ:
– Ո՛չ,- պատասխանեցիր,- հենց տրվեցիր, պարտություն է: Իմ շաղախը այդպիսին է: Լույսի ու կավի խառնուրդ եմ: Շեկ եմ նաեւ: Արեւի մի տաք շող մտնում է մեջս ու խուտուտ տալիս: Բրոնզում էլ արեւ կա, սիրում եմ աշխատել նրանով:
Դո՛ւ, գյումրեցի Մարտին, կրկնում էիր, որ ծննդավայրդ Ալեքսանդրապոլն է, եւ նոր անուն չէիր ուզում տալ նրան, հպարտ էիր քո երկրի ամեն մի քար ու ճյուղով անգամ, որը քո արվեստի համար դարձել էր սնուցող երակ: Դու ժառանգել էիր քո պապերից կավին ջուր խառնելու մեծ արարումը եւ հպարտ էիր արմատներիդ համար: Հիշում եմ քո նախնական աշխատանքի գծանկարները, երբ պիտի կերտեիր հորդ տապանաքարը: Այն հսկա մի գիրք էր` իր զարմանալի էջանիշով:
-Հայրս,- ասում էիր,- չի հասցրել ավարտել այն, հասել է միայն կեսին: Ինձ թվում է` այդ գրքի մամռակալած էջերը քամին հաճախ կիսաբաց է անում:
Դու, որ սիրում էիր քո երկիրը մաս առ մաս, բջիջ առ բջիջ, եւ դիզայներների միության նախագահն էիր, աշխատում էիր ստվերի ետեւում միշտ լույս տեսնել, կենարար շողեր ու հավատ: Կարծում էիր, որ արվեստը կախարդական փայտիկ ունի, բայց մեծ հեղաշրջումներ չի կարող անել, երբ չկա երկրի ողնաշարը, որի վրա պիտի կառուցվի ամբողջ մշակութային մարմինը: Իսկ այն փայլազրկվելու ընթացքում է:
ԹԵՎԱԾՈՂ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՈՒ ՃԵՐՄԱԿ ՀՐԵՇՏԱԿԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸՄարտի՛ն, ոգեղենիկ տեսակ, այդ ինչպե՞ս էիր կարողանում քո հիշողության հետ օվկիանոսից այն կողմ հասցնել գործիքներդ` մուրճդ, հատիչդ, մասունքների քո հավաքածուն, երբ մեկնում էիր զավակներիդ մոտ` Ամերիկա: Տիկինդ հաճախ էր տխրում. «Այնտեղ Մարտինին երկար պահել չեն կարողանում, անվերջ խոսում է վերադարձի, Հայաստանի մասին եւ նայում է իր ճամպրուկներին: Հասկանում եմ` հողը կախարդանք ունի: Նա չի կարող օտարության մեջ իր ներշնչանքի աշխարհն ունենալ: Նա այնտեղ բոլոր իրերին կարծես նայում էր գոլորշու միջով»:
– Շատ անելիքներ ունեմ, օրերը չեն հերիքում,- ասում էիր դու:
Քո վերջին աշխատանքը հրեշտակի արձանն էր:
– Էությունը տեսնո՞ւմ եք, մատները, նրբությունը,- ասում էիր դու,- շարժվում է, քամի կա փեշերին: Հրեշտակը մոռանալու է իր երկնային տարածքը, էլ վեր չի գնալու:
Դու ապրում էիր քո ստեղծածով, հավատում էիր վերերկրային հրաշքին, որ պիտի կենդանանա աղջիկը, եւ հաճախ էիր խոսում նրա հետ: Քո վերջին խոսքն էր՝ «Հրեշտակը մնալու է Հայաստանում` որպես զորավոր ու կենսաբեր ուժ, մաքրության մարմնավորում, որպեսզի քաղաքին օրհնություն բերող ճերմակություն դառնա»:

ՀՌԻՓՍԻՄԷ
բանաստեղծուհի

Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Հոգևոր-մշակութային


27/04/2016