ԶԱՐԿԵՑԻ
Ես անգիր գիտեմ` ինչ է կատարվել, բայց ուզում եմ, որ Նարեկն ինքը պատմի:
-Մենք տանկերի էինք սպասում, բայց երբ հռնդյուն լսելով գետնատնակից դուրս վազեցի, տեսա հակառակորդի ուղղաթիռը…
Ինձ թվում է` պիտի ասի` թխալ եմ:
-Ու զարկեցի,- ասում է Նարեկը, և ես հիշում եմ, որ նա արտաշատցի է` իմ երկրացին: Մենք՝ «զարկում ենք»: «Զարկեցի» բառը մտերմիկ շոյում է ունկերս: Զարկեցիր` կրկնում եմ ես:
-Քո հերոսությունը…,- Նարեկը չի թողնում շարունակեմ:
-Իմ ընկերներից յուրաքանչյուրը նույնը կաներ, պարզապես ճակատագիրը ինձ ընտրեց:
-Ուրեմն, քո ընկերներն էլ են հերոս:
Հանկարծ իմ գլխում միտք է ծնվում:
-Ո՞ւմ ես կարոտել ամենից շատ,- հարցնում եմ:
-Մորս,- անմիջապես պատասխանում է Նարեկը:
-Քեզ անակնկալ եմ անելու,- ասում եմ:
Լռում է, փորձում է գուշակել:
♦♦♦
Ոլորանները հաղթահարելով՝ մեր մեքենան հասնում է վրան «Բարձրաշեն» գրած ցուցանակին ու մտնում գյուղ: Հեռվում մանուշակագույն բլուրները արտասովոր փայլում են, իսկ լանջերին տներ են, ծաղկած ծառեր, փարթամ կանաչ:
-Ո՞նց գտնեմ Նարեկենց տունը,- հարցնում է տաքսու վարորդը ճամփեզրին կանգնած տղամարդուն:
-Որ Նարեկենց, հերոսի՞…,- հարցնում է տղամարդը` մեկ առ մեկ զննելով բոլորիս,- ամբողջ գյուղով մեր տղային ենք սպասում: Բա ո՞նց, գյուղի պարծանքն է: Նարեկս միշտ էլ համարձակ է եղել, ուրեմն` մի անգամ…
Վարորդն անջատում է մեքենայի շարժիչը, ես թուղթ ու գրիչ եմ հանում:
-Նարեկը Ձեր ի՞նչն է,- հարցնում է լուսանկարիչ Արեգը, երբ տղամարդը ավարտում է պատմությունը:
-Ոնց` իմ ինչն է… Նարեկն իմ համագյուղացին է,- վիրավորվում է տղամարդը:
…Ընդարձակ հյուրասրահում հավաքվել են Նարեկի ընկերները, հարևանները, ուսուցիչները, ազգականները: Ուշադրությունս գրավում է 8-9 տարեկան տղան` խելոք, մեծ-մեծ աչքերով: Շատ է նման Նարեկին: Ձեռքով կանչում եմ, ժպտալով մոտենում է:
-Հաստատ Նարեկի եղբայրն ես,- ասում եմ:
Գլխով է անում:
-Անունս Մհեր է:
-Դպրոցում ի՞նչ կա: Ընկերներդ ոգեւորվա՞ծ են:
-Բոլորն էլ կուզենային, որ իրենց եղբայրը խփած լիներ էդ ուղղաթիռը,- «դիվանագիտական» պատասխան է տալիս Մհերը:
-Ես որ բանակ գնամ՝ հա՛մ տանկ եմ խփելու, հա՛մ ուղղաթիռ: Անպայման գոնե մի հատ տանկ խփելու եմ:
-Երբ դասերն աչքաթող է անում, ասում եմ` սպասի՛ր, Մհե՛ր տղա, քիչ մնաց, Նարեկը բանակից կգա, քո հալը կտեսնես: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի: Ասում է` Դուք էլ զարմացրիք, ընդամենը մի հատ ուղղաթիռ է խփել էլի Նարեկը, ես որ բանակ գնամ, կտեսնեք` ինչեր եմ անելու:
Մհերը շառագունում է մոր խոսքից:
-Նարեկի կտորն է,- երիտասարդ կին է խառնվում զրույցին: -Ես առաջին անգամ Նարեկին պարանից կախված եմ տեսել: Իմ հարսանիքն էր: Մեկ էլ տեսնեմ` մի փոքրիկ տղա պարանից կախված ճոճվում է: Երբ նայում եմ` կախված է: Ամուսնուս ասացի` էն երեխան ընկնելու է, վնասվի: Ասաց` մեր Նարեկն է, դա նրա բնական վիճակն է: Նա պիտի ինչ-որ տեղից կախված լինի:
Նարեկին գետնի վրա հազվադեպ էինք տեսնում` կա՛մ զգեստապահարանի գլխին էր, կա՛մ սեղանի վրա, կա՛մ ծառերի ամենաբարձր ճյուղերից կախված:
-Հայրն ասում էր` դու շատ լավ հետախույզ կդառնաս,- շարունակում է Նարեկի մայրը` տիկին Անժելան,- ոչինչ հնարավոր չէր թաքցնել Նարեկից, փնտրում-գտնում էր: Անհանգիստ երեխա էր, միշտ ուզում էր ինչ-որ արտասովոր բան անել, աչքի ընկնել: Դեռ դպրոցական էր, ընկերոջ` Գևորգի հետ հող վերցրեց, մշակեց, լոբի ցանեց: Որսի էր գնում, նույնիսկ մի անգամ աղվես էր որսացել: Նարեկը շատ համարձակ է, ինքնավստահ, լավատես, չի ընկճվում դժվարություններից: Հեռախոսով ասում է` մա՛մ, մի քիչ դիմացիր, զորացրվեմ, ամեն ինչ լավ կլինի: Կաշխատեմ, տունը կնորոգեմ: Լիքը ծրագրեր ունեմ:
-Նարեկը հաղթող տեսակ է, նա չի հանգստանա, մինչև չիրականացնի իր բոլոր երազանքները,- շարունակում է Նարեկի մանկության ընկերը` Գևորգը: Նա այնպիսի սիրով ու հպարտությամբ է խոսում ընկերոջ մասին,- Նարեկը մեծ կամքի ուժ ունի: Հիշում եմ` ինչ եռանդով էր պարապում, երբ բոքսի էր գնում: Ու երբ իր ազգականը` Կարեն Ավագյանը, չեմպիոն դարձավ, ոնց էր ուրախացել: Ասում էր` մենք հայերով քիչ ենք, դրա համար էլ ամեն հայ պիտի չեմպիոն լինի:
-Նարեկն ամեն ինչում է չեմպիոն,- ավելացնում է Նարեկի զարմիկը` Գեղամը,- ոչ մի բան կիսատ-պռատ չի անում: Ասում էր` մինչև խրամատում չկանգնես, հողի գինը չես հասկանա: Շուտով բանակ եմ գնալու, ու Նարեկի բառերը սիրտս են մտել: Բոլոր տղաներն էլ պատմում են ծառայական կյանքից, բայց Նարեկի պատմածներն ուրիշ են, քեզ մի լավ բան սովորեցնում են: Նարեկը իր սիրտն ու հոգին էր դրել ծառայության մեջ:
…Մենք հավաքվել ենք թեյի սեղանի շուրջ գույնզգույն կարպետներով ծածկված սենյակում ու խոսում ենք մեր զինվորի մասին: Բոլորից քիչ զինվորի մայրն է խոսում: Նա ներս ու դուրս է անում` տարբեր գյուղական բարիքներ է շարում սեղանին: «Կերե՛ք, Նարեկիս աճեցրած մրգերի չրերն են»:
Նարեկը մեզ կապել է իրար, միացրել-հարազատացրել, մտածում եմ, այսպես էլ ազգն է միավորվում:
-Նռնակներ չունենար, քարով էր խփելու,- Նարեկի ուսուցչուհին է` Ջեմմա Հակոբյանը, ինձ կտրում է մտքերից: -Նա դիմակայելու էր, հարվածն իր վրա էր վերցնելու: Չէր փախչելու…, չէր խցկվելու ապահով տեղ…
-Ամենակարևորը չեք ասում,- դժգոհում է Նարեկենց հարևանուհին` Նունե Բաբայանը: -Ամեն ինչի մասին խոսում եք, բայց չեք ասում, որ մեծի հարգն իմացող տղա է Նարեկը, բարի ու անչափ ծնողասեր: Նարեկն իր հերոսությամբ մեզ, մեր գյուղացիներին ավելի լավը դարձրեց:
-Մեզ էլ,- ասում է Արեգը:
-Նարեկիս ծնունդը ապրիլի մեկին էր: Իր նկարով տորթ էի ուղարկել զորամաս, վրան էլ` Մարիամ Աստվածածնի բացիկը: Որ զանգեց, ասացի՝ Մարիամ Աստվածածնի նկարը զինվորական համազգեստիդ ծոցագրպանում կդնես: Հենց էդ գիշերը թուրքերը հարձակվել էին: Նարեկս ասում է` սրանից հետո իմ ծնունդը ոչ թե ապրիլի 1-ին, այլ ապրիլի 2-ին ենք նշելու:
…Զրույցն սկսվել ու չի ավարտվում. հյուրերն ավելանում են: Մարդիկ լսել են, որ պաշտպանության նախարարությունից լրագրողներ են եկել, և ուզում են մի լավ բան պատմել Նարեկի մասին: Մենք միասին նայում ենք Նարեկի մանկության նկարները: Կարդում ենք հինգերորդ դասարանում Նարեկի գրած շարադրությունը պատերազմի մասին: Հետո միասին գնում ենք դպրոց, որ տեսնենք Նարեկի պատվին բացված ցուցանակը: Փողոցում մեզ էլի մարդիկ են միանում, մեր խումբը մեծանում է: «Նարեկը մեզ ավելի լավը դարձրեց»` ակամա հիշում եմ Ջեմմա Հակոբյանի բառերը:
♦♦♦
Հոդվածը գրել-ավարտել եմ: Մի քանի վերնագիր եմ առանձնացրել` «Ամեն հայ պիտի չեմպիոն լինի», «Նարեկը մեզ ավելի լավը դարձրեց», «Հաղթողը», ու չգիտեմ` որն ընտրեմ: Հեռախոսը զանգում է:
-Բարև Ձեզ, Մհերն է:
-Ո՞նց ես, Մհեր ջան:
-Լավ եմ: Գիտե՞ք, որ Նարեկին մեքենա են նվիրել:
-Ի՞նչ մեքենա…
-«Նիվա» մեքենա: Նարեկն էր զանգել: Ասաց, որ ուղղաթիռ զարկեցի, նվիրեցին: Չեմ համբերում` երբ եմ մեքենան տեսնելու: Ես որ գնամ բանակ…
Մհերն իր զրնգուն-երջանիկ ձայնով պատմում է, թե ինչեր է անելու, երբ գնա բանակ, իսկ ես լսում եմ նրան ու վերնագրում հոդվածը` Զարկեցի:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում