Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՏԱՐՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ



ԿԱՏԱՐՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՔառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը կատարել է մի շարք գործողություններ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ ռազմական հանցագործություններ են որակվում: Այժմ էլ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր:

Մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած ռազմական գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության, 1970թ.՝ Պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի եւ Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերով ամրագրված նորմերի խախտում են: Նրանց գործողություններում առկա են պաշտպանության բանակի զինծառայողների եւ քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունների տարրեր: Խոշտանգվել, գլխատվել են զինծառայողներ, իրականացվել է խաղաղ բնակիչների սպանություն, դիակների անարգում, զոհերի մարմինները նկարահանվել են, հայկական կողմին ահաբեկելու նպատակով ցուցադրվել համացանցում:

ՀՀ եւ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է՝ թե՛ Ադրբեջանի իշխանությունները, թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում` միջազգային հանրության առջեւ: 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սպանված, ապա գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խումբը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ զոհվածների նկատմամբ դրսեւորած անմարդկային վերաբերմունքի, նրանց իրավական պաշտպանության միջոցների, ազգային հիմքով խտրականության չենթարկելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Ընդհանուր գանգատն արդեն գրանցվել է: Առաջիկայում սպասվում են նոր հայցեր միջազգային համապատասխան կառույցներ:

Նշենք, որ զինված ընդհարումների ժամանակ հանդիպում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտման տարբեր դրսեւորումներ, որոնց մեծ մասը առկա է ադրբեջանական զինված ուժերի գործողություններում: Մասնավորապես՝ լուրջ խախտումներ են համարվում ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, ռազմագերիների սպանությունը, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, դիտավորությամբ ծանր տառապանք պատճառելը կամ անձի ֆիզիկական, հոգեկան վիճակին սպառնացող այլ գործողություններ կատարելը: Անթույլատրելի է քաղաքացիական բնակչության դեմ հարձակումը, նաեւ ոչ ընտրովի բնույթի հարձակումը, որ կարող է վնասել քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները: Առավել եւս, երբ ակնհայտ է, որ նման հարձակումը կհանգեցնի մեծ կորուստների քաղաքացիական անձանց շրջանում: Միջազգային իրավունքի խախտում է չպաշտպանվող տարածքները եւ ապառազմականացված գոտիները հարձակման թիրախ դարձնելը եւ այլն:

Ժնեւյան կոնվենցիայի երկրորդ հոդվածի առաջին մասում ասված է, որ զինված ընդհարում հասկացությունը կիրառվում է ոչ միայն հայտարարված պատերազմի, այլեւ մյուս բոլոր զինված հակամարտությունների ժամանակ: Սա հաստատում է, որ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պետք է գործեն ամենուրեք, եւ մեղավորները պետք է պատժվեն:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

 

Հ.Գ. -Քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կատարած մի շարք գործողություններին միջազգային ատյաններում իրավական գնահատական տալու գործընթացն սկսված է: Զարգացումների մասին պարբերաբար կտեղեկացնենք մեր ընթերցողներին:

Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Ռազմաքաղաքական


27/04/2016