Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, «ՓՈՔՐ ՄՀԵՐ»



Հունիսի 3-ին մեծ շուքով նշվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրի ստեղծման 10-ամյակը: Հարազատ կրթօջախում տեղի ունեցած հանդիսավոր տողանից հետո հայկազուններն այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի, Երվանդ Սաղումյանի, Սամվել Գեւորգյանի, Մուշեղ Մխոյանի եւ Էդիկ Մարկոսյանի հիշատակին։ Ապա երթը շարունակվեց դեպի Եռաբլուր, այստեղ նրանց դիմավորեցին Հայրենական մեծ պատերազմի, մեր նորօրյա ազատամարտի վետերանները, բարձրաստիճան սպաներ, եւ միասին ծաղկեպսակ դրեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների, Անդրանիկ Զորավարի եւ Վազգեն Սպարապետի շիրիմներին։ Հաջորդ կանգառը հայոց մեծերի պանթեոնն էր։ Հայկազունները ծաղիկներ դրեցին ազգի մեծերի շիրիմներին։ Խորհրդանշական իմաստ ուներ այս ճանապարհը. հիշել, հարգել, մեծարել ազգի մեծերին, հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսներին, լինել նրանց արժանի ժառանգորդը։
Հանրապետության հրապարակում հայկազուններին ողջունեց եւ կրթահամալիրի 10-ամյակի առթիվ նրանց շնորհավորեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հրապարակը թնդաց հայկազունների հաղթական քայլքից։ Ապա երթը շարունակվեց դեպի «Հաղթանակ» զբոսայգի։ Փողփողացող եռագույն դրոշները, հայկազունների հայրենասիրական երգերը տոնական տրամադրությամբ էին համակում անցորդներին, որոնք կանգ էին առնում` հիացմունքով ու մի քիչ էլ զարմանքով դիտելու այդ գեղեցիկ երթը։
Տոնական միջոցառումների շարքը եզրափակվեց «Հրազդան» մարզադաշտում։ Այստեղ «Փոքր Մհերը» մեկ անգամ եւս ցույց տվեց իր մեծ հնարավորությունները՝ մարտական եւ մարզական բազմապիսի հնարքներ ցուցադրելով։
Հանդիսատեսը հիացած էր, ոգեղենացած։ Նա համոզվեց, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում տասը տարիները զուր չեն անցել, եւ այսօրվա իր տեսածի հետեւում մեծ աշխատանք կա, մեծ ջանք ու տքնանք։ Հանդիսատեսի տոնական տրամադրությունը է՛լ ավելի բարձրացրին երգիչներ Սյուզան Մարգարյանի, երկու Արսեն Գրիգորյանների՝ Մրոյի եւ Ասոյի, ՀՀ ՊՆ «Զորական» երգի եւ «Սարդարապատ» պարի, «Վահագն» դհոլահարների համույթների կատարումները։

Շնորհավորում եմ «Փոքր Մհեր» կրթահամալիրի կազմավորման 10-ամյակը։ Թող «Փոքր Մհերը» շարունակի նախնյաց փառահեղ ավանդույթները, տոգորվի մեր ժողովրդի հայրենասիրությամբ եւ ազգապաշտությամբ, դառնա մեր պետականության անվտանգության հուսալի երաշխավորը։ Իմ դիտարկմամբ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում բարձր է ռազմահայրենասիրական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը։ Հրաշալի, հայրենապաշտ երեխաներ են այստեղ սովորում։ Հուզմունքով եւ հպարտությամբ եմ նայում նրանց։ Վստահ եմ, որ նրանք արժանի շարունակողն են լինելու մեր քաջազուն զինվորների։
ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
գեներալ-գնդապետ
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ

Սիրելի հայկազուններ, եղեք երջանիկ, ուժեղ, առողջ, կորովի եւ հաղթող։ Թող ոչինչ չստվերի ձեր հրաշալի ժպիտը։ Ու թող իրականություն դառնան ձեր բոլոր լուսավոր երազանքները։
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՀՀ վարչապետի խորհրդական,
«Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի նախագահ

Կորով ու եռանդ քեզ, սիրելի՛ «Փոքր Մհեր», եւ մեր բոլորի սերը։
ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
երգչուհի

Բանակի ապագան են այս երեխաները։ Մեր մեծերը կռվեցին Մեծ հայրենականում եւ հաղթեցին։ Մեր սերունդն էլ Արցախյան պատերազմում հաղթեց։ Ես հավատում եմ, որ «Փոքր Մհերի» տղաներն ու նրանց սերնդակիցները Արեւմտյան Հայաստանն են ազատագրելու։ Ու հայ զինվորը տիրոջ իրավունքով է ոտք դնելու այնտեղ։
ԱՐԱՄՈ ԹՈՐԳՈՄՅԱՆ
«Արամո» ջոկատի հրամանատար

Սա ազգային տոն է։ Այս փոքրիկները մեր վաղվա զինվորներն են, վաղվա մեր պաշտպանները։ Ես հիացած եմ։
ԱՂԱԲԵԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ազատամարտիկ
«Փոքր Մհերը» թող մեծանա եւ այնքան հզորացնի մեր երկիրը, որ Վանի մոտ գտնվող Ագռավաքար այրից Փոքր Մհերը դուրս գա։
ՄՈՒՐԱԴ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սարդարապատ» պարային համույթի գեղ. ղեկավար

Սրտանց շնորհավորում եմ «Փոքր Մհերին»։ Նույն ոգով` առաջ։ Մենք միշտ ձեր կողքին ենք։
ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ
«Զորական» համույթի գեղ. ղեկավար

Մայրական օրհնությունս «Փոքր Մհերին»։ Ես Աստծուց աղաչում եմ, որ անկորուստ լինեն, անփորձանք լինեն մեր զավակները։ Թող նույն եռանդով շարունակեն ուսումը։ Շնորհավոր 10-ամյակդ, հարազատ ու սիրելի «Փոքր Մհեր»։
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Զինվոր» ՀԿ-ների համակարգող խորհրդի նախագահ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/06/2011