Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՐԻ՛Ր, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր…



ՆԵՐԻ՛Ր, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր...-Տագնա՛պ, տագնա՛պ,- հրամանատարի բամբ ձայնը խախտեց գիշերվա քար լռությունը:

Հրամանատարը հաճախ էր «տագնապ» հրահանգը տալիս, բայց սա տարբերվում էր… Նա մարտական էր տրամադրված, հայացքի մեջ մտահոգություն կար:

-Արագացրե՛ք, տղե՛րք, սահմանին ձեր եղբայրներն են զոհվում, թշնամին մեր տարածք է խուժել: Խեղդեք դրանց իրենց արյան մեջ:

Հրամանատարի ոգևորվող կոչից տղերքի մարտական ոգին հասավ գագաթնակետին:

-Պատրաստ ենք, հրամանատա՛ր,- գոչեցին զինվորներն ու արագ վազեցին զենք ստանալու:

Այն միտքը, որ հայրենիքն իրենց կարիքն ունի, որ ծնողներն ու քույրերը իրենց պաշտպանության կարիքն ունեն,  նրանց մարտի էր նետում:

Ճանապարհին իմացան իրենց ընկերներից երկուսի զոհվելու մասին… Ատելությունից արյունը եռում էր նրանց երակներում: Գլխներում միայն մի միտք էր պտտվում՝ վրե՛ժ, վրե՛ժ, վրե՛ժ…

-Դիրքավորվե՛ք, տղե՛րք, պատրաստվեք գրոհի: Ցույց տվեք ձեր բազկի ուժը, սրանք դեռ չգիտեն` ում հետ գործ ունեն,- գոռում էր հրամանատարը:

Զինվորները բաժանվեցին, դիրքավորվեցին: Անհամբեր սպասում էին առաջ նետվելու: Ամեն վայրկյանը դար էր թվում: Ոչ ոք չէր վախենում, բոլորը գնում էին իրենց վրեժն առնելու: Կրակոցները շատանում էին:

«Գրոհ» հրամանը լսվեց:

Մահացու գնդակները մեկը մյուսի ետևից սուրում էին նրանց կողքով: Զենքի, մահվան խրախճանք էր: Տղաները քաջաբար, անձնուրաց  կռվում էին:

– Հրաման է՝ ոչ մեկը չպետք է ընկնի,- ոգևորված գոռում էր հրամանատարը:

Զինվորներից մեկը նետվեց վիրավոր ընկերոջն օգնելու: Նա կրակելով էր առաջանում: Զինակից տղերքը, նրան տեսնելով, մտածեցին` խելագարվել է՝ կրակի տարափը չի նկատում… Հասավ ընկերոջը, տեսավ նրա արնաշաղախ մարմինը… Ուզում էր ասել՝ չմեռնե՛ս, դիմացի՛ր, լսեցի՞ր հրամանը, մեզ արգելված է մեռնել, երբ ինքն էլ խոցվեց թշնամու գնդակից:

-Զինվո՛ր, դիմացի՛, չմեռնե՛ս,- հրամանատարն էր` հրամայո՞ւմ էր, խնդրո՞ւմ… Մշուշվող հայացքով նայեց ձայնի ուղղությամբ.

-Ների՛ր, հրամանատա՛ր, որ հրամանդ չկատարեցի…

Պատերազմ էր…

ՌԱԶՄԻԿ  ՂԱԶԱՐՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Հոգևոր-մշակութային


04/05/2016